Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:11 11-01-2023

Իշխանությունների` թուրք-ադրբեջանական քմահաճույքններով առաջնորդվելու արդյունքում Արցախում մարդիկ ֆիզիկական գոյության խնդիր ունեն․ Տիգրան Աբրահամյան

«Եթե Հայաստանի իշխանությունները նպատակահարմար չեն համարում ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը Հայաստանում, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից դա ագրեսիա չդիտվի, ապա ակնհայտ է, որ դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, էլ չեմ խոսում այն մասին, որ թուրքերն ու ադրբեջանցիները և առանձին և համատեղ 2022-ի ընթացքում մեկ տասնյակից ավելի զորավարժություն են իրականացրել և հայտարարել են առաջիկա տարիներին դրանց ծավալը մեծացնելու մասին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չեն համարում, քանի որ այդ զորավարժությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարող է սպառնալիք ստեղծել։

«Իշխանությունների` թուրք-ադրբեջանական քմահաճույքններով առաջնորդվելու արդյունքում է, որ երկիրը հասել է մի իրավիճակի, երբ Արցախում մարդիկ ֆիզիկական գոյության խնդիր ունեն, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը տարին մի քանի անգամ խախտվում է։ Դա բերում է տարածքային և մարդկային հսկայական կորուստների»։

Աբրահամյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ի և, առհասարակ, ցանկացած զորավարժության նպատակը զորքերի մարտական պատրաստվածության բարձրացումն է, իսկ ՀԱՊԿ ձևաչափում խնդիր ունի նաև ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հետ ընդհանուր զորքերի ներդաշնակության ապահովումը։

«Իմ համար անհասկանալի է, սա քաղաքական դեմարշի է նմանվում, բայց եթե մենք շարունակում ենք մնալ ՀԱՊԿ-ում, ապա պետք է գոնե փորձենք օգտագործել ՀԱՊԿ հնարավորությունները, որոնք ինչ-որ չափով անվտանգություն և մարտունակություն են բերում մեր զինված ուժերին կամ անվտանգության համակարգին։ Եթե կան այլ խորքային զարգացումներ, ապա ՀՀ իշխանությունները պետք է ավելի բաց խոսեն, որպեսզի մարդկանց համար հստակ լինի, թե ինչու է Հայաստանը շարունակում գտնվել ՀԱՊԿ-ում և որևէ կերպ չի օգտվում ՀԱՊԿ-ի տված հնարավորություններից։ Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները քայլ առ քայլ հեռացնում են Հայաստանը ՀԱՊԿ-ից և մոտեցում Ռուսաստանի հետ կապված հարթակներից դուրս գալու վերջնական որոշմումը»։

Դիտարկմանը, թե միաժամանակ, Փաշինյանը չհաստատեց լուրեը, թե ՀՀ կառավարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերջնագիր է ներկայացրել, եթե Բերձորի միջանցքը չբացվի, Աբրահամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ իշխանության հիմնական ասելիքը հետևյալն է, որ իրենք չեն ուզում ՀԱՊԿ-ից հեռանալ, բայց իրենք ամեն ինչ անում են, որ որպեսզի ՀԱՊԿ-ն իրենց հեռացնի կառույցից։ Եթե հետևեք Փաշինյանի հայտարարություններին, ապա միայն առաջին նախադասությունն է, որ չենք ուզում հեռանալ ՀԱՊԿ-ից, բայց․․․ ու այդ «բայց»-ից հետո հայտարարությունները ավելի են մոտեցնում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը կարող է մնալ ՀԱՊԿ-ում, այլ կառույցներում, բայց այդ կառույցների անդամ երկրների հետ այնպիսի սուր, լարված իրավիճակ կարող է ստեղծվի, որ ՀԱՊԿ-ը նույնիսկ եղած հնարավորությունների պարագայում չի կարող Հայաստանի համար որպես արդյունավետ հարթակ մնալ։ Այսինքն, մեկ այլ բան է, թե ինչ է հնչեցվում պաշտոնական մակարդակում, մեկ այլ բան է՝ թե իրականում ինչ է արվում»։

Աբրահամյանի դիտարկմամբ՝ այդ դեմարշները հանգեցնում են Հայաստանի միջազգային մեկուսացմանը։

«Երբ դաշնակցի կամ բարեկամ երկրի հետ հարաբերություններ ես փչացնում, այն էլ այնպիսի երկրի հետ, որը դերակատար է քո տարածաշրջանում, ապա դրա փոխարեն այլ հնարավորություն պետք է ստեղծես, հատկապես Հայաստանի նման երկրների դեպքում, երբ ակնհայտ է, որ այս պահին մենք մեր խնդիրները միայնակ լուծելու հանարվորություն չունենք, և դա առաջին հերթին այն պատճառով է, որ այս իշխանությունն է իրավիճակը հանգեցրել այս իրավիճակին։ Հիմա Հայաստանի իշխանությունը մի կողմից փչացնում է Հայաստանի հարաբերությունները տարբեր երկրների հետ, ում հետ մենք ավանդաբար ունեցել ենք տարբեր բնույթի և խորության հարաբերություններ, մյուս կողմից Հայաստանը դրա փոխարեն այլ համակարգ չի ստեղծում երկրորդ- երրորդ պետությունների հետ։ Այ, սրանով է պայմանավորված, որ Հայաստանն ավելի շատ գնում է միջազգային մեկուսացման, այլ ոչ թե միջազգային համագործակցության և խնդիրների հանգուցալուծման ճանապարհով»։