Երևան +10°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:13 10-01-2023

Պետրոս Առաջինի սիրելի Լիզետաները

Լիզետան ռուս կայսր Պետրոս Մեծի սիրած անունն էր։ Սա այսպես վստահ ու հաստատ ասելու համար կան հիմնավոր պատճառներ։

Բանն այն է, որ Պետրոս Առաջինը փաղաքշորեն Լիզետա էր կոչում իր դստերը` Ելիզավետային։ Սակայն իր սիրելի զավակից բացի՝ կայսեր կյանքում կային ևս երկու ոչ պակաս սիրելի ու կարևոր Լիզետաներ։

Առաջինը` Լիզետա ձին էր։

Սանկտ Պետերբուրգում Միխայլովյան ամրոցի մոտ կանգնած է հայտնի մի հուշարձան, որը պատկերում է Պետրոս I-ին` ձիու վրա։ Ձիու հուշարձանը ունենալու գաղափարը հենց կայսրինն էր, որը կյանքի է կոչել ֆրանսիացի քանդակագործ Բարտոլոմեո Կարլո Ռաստրելին։



Պետրոս Առաջինն իր ձիուն գտավ 1700-ականներին Ռիգայի մերձակայքում, վաճառականների մոտ։ Նա միանգամից գնահատեց ձիու ուժն ու գեղեցկությունը և որոշեց անպայման գնել` առանց սակարկելու։ Այս ձիու համար Պետրոս Առաջինը վճարեց 100 հոլանդական ոսկեդրամ և հավելյալ տվեց նաև իր ձին:

Լիզետա անունով նոր ձին դարձավ Պետրոսի հավատարիմ ընկերը։ Նա այնքան էր սիրում իր տիրոջը, որ ախոռից դուրս էր գալիս ու վազում էր ճամբարում այնքան, մինչև որ գտնում էր նրան։ Պետրոսի բացակայության դեպքում Լիզետան հացադուլ էր անում, իսկ նրա ներկայությամբ կարող էր օգտվել սեղանից ու ուտել ինչ կար-չկար։ Պարսկական ցեղատեսակի բարեկազմ ու գեղեցիկ այս կենդանին կարող էր օրական վազել 150 մղոն, անցնել ձորի եզրով, բարակ ու նեղ կամուրջներով և չկորցնել հավասարակշռությունը:



Լիզետան հավատարմորեն ծառայեց տիրոջը 1700-1721 թվականներին Շվեդիայի հետ Հյուսիսային պատերազմի ճակատներում, 1722-1723 թվականներին` պարսկական արշավանքի ժամանակ: Իսկ Պոլտավայի ճակատամարտի ժամանակ Լիզետան փրկեց Պետրոսի կյանքը։ Ռազմի դաշտում գնդակը դիպավ Պետրոս I-ի գլխարկին, իսկ մյուս փամփուշտը խրվեց-մնաց Լիզետայի թամբի մեջ։



Լիզետա ձիու վախճանը կայսրը շատ ծանր է տարել։ Եվ որպեսզի չբաժանվի իր սիրելի կենդանուց, Պետրոս Առաջինը հրամայել է պատրաստել ձիու խրտվիլակը և տեղադրել ախոռի բակում` իր աչքի առաջ։ 1741 թվականի օգոստոսից Լիզետա ձիու խրտվիլակը տեղափոխվեց Կունստկամերայի վերին սրահ: Այժմ ցուցանմուշը կարելի է տեսնել Կենդանաբանական թանգարանում։



Ձիու հետ նույն ցուցասրահում է Պետրոս I-ի մյուս սիրելի կենդանին՝ Լիզետա շունը։

Ի տարբերություն ձիու` շան դեպքում Լիզետա անունը լիովին համընկնում էր նրա սեռի հետ։ Սա անգլիական էգ տերիեր էր և կրկին աչքի էր ընկնում Պետրոսի նկատմամբ իր նվիրվածությամբ ու հավատարմությամբ։ Շունը մշտապես ուղեկցում էր տիրոջը, իսկ երբ դա հնարավոր չէր լինում, նա պառկում էր տիրոջ աշխատասենյակի բազմոցին և սպասում էր նրա վերադարձին:



Մի անգամ Լիզետան փրկել է պալատականներից մեկի կյանքը։ Բանն այն է, որ Պետրոս Առաջինին զայրացել էր պալատականներից մեկը։ Կայսրը հրամայել էր պատժել ու բանտ նետել նրան։ Կայսրուհի Եկատերինա Ալեքսեևնան քաջ գիտակցելով, թե ամուսինը որքան է սիրում շանը, մի խորամանկ քայլի էր դիմել։ Նա հանձնարարել էր ներում շնորհելու խնդրագիր գրել Լիզետայի անունից, ապա թուղթը խցկելով շան վզկապի մեջ` ուղարկել է կայսեր մոտ։ Պետրոսը կարդացել էր «շան գրած» նամակը, ծիծաղել և հրամայել` ազատ արձակել պալատականին։
Լիզետա շունը մահից հետո նույնպես արժանացավ Կունստկամերայում հայտնվելու պատվին:

Այսօր և՛ ձին, և՛ շունը Սանկտ Պետերբուրգի Կենդանաբանական թանգարանում են։ Այլ թանգարաններում ցուցադրվում են նրանց նկարներն ու քանդակները, որոնք ստեղծվել են կայսեր պատվերով։

Նաիրա Եղիազարյան