Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:12 10-01-2023

Եթե ՀՀ-ն կարողանար իր անվտանգությունն ապահովել, չէինք նշի, որ ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը. Փաշինյան

Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում։ Դեռ 2018-ին ասել եմ, որ դա սխալ բանաձև է։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ անվտանգության կարևոր պայմաններից մեկն է, նաև հարցին, թե արդյոք Հայաստանն Արցախի երաշխավորի դերում է գնում բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ:

«Այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մենք բանակցում ենք նաև այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության և Ադրբեջանի միջև՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Իմիջիայլոց, ասեմ, որ դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է։

Ինչ վերաբերում է ԼՂ անվտանգության երաշխավորը լինելուն, ապա նաև ՀՀ և իմ ստորագրությամբ են ՌԴ խաղաղապահները մուտք գործել ԼՂ: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման միջոցների ու մանդատի մասին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ: Էլի եմ ասում, նախատեսված է եղել, որ դա նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը պետք է ստորագրի, բայց փաստն այն է, որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են այդ փաստաթուղթը, և նրանք չեն ասել՝ եկեք տեսնենք՝ Ադրբեջանը ստորագրո՞ւմ է, թե՞ չէ, որից հետո մենք որոշենք: Նրաք ստորագրել են, և նաև սրանով է ՀՀ-ն անվտանգության երաշխավորի իր դերակատարումը կատարում:

Եթե գնանք ավելի առաջ, ապա Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Հետևաբար, երբ ասում են՝ Հայաստանը սկի մեր անվտանգությունը չի կարողանում ապահովել... եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այո, բարձրացված հարցերը բարդ հարցեր են, և հարցերի բարդության պատճառով է, որ մենք ուղղակի այդ հարցը 1,2,3 գործողություններով հնարավոր չի լինելու լուծել։ Գիտե՞ք՝ ինչն է ավելի կարևոր ինձ համար, որ դուք խոսում եք մեզ և ձեզ հայտնի բանաձևերով, որոնք և՛ մեզ համար, և՛ ձեզ համար շատ երկար տարիներ ընդունելի են եղել, ես ուրիշ բան եմ ասում, կասկածի տակ չդնելով այդ բանաձևերի հարազատությունը մեզ բոլորիս, եկեք նայենք՝ այդ բանաձևերը ինչքանո՞վ են ճշգրիտ արտացոլում իրականությունը և ի՞նչ կապ ունեն իրականության հետ, մեր հիմնական խնդիրը դա է»,-հայտարարեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ պատրաստ են քննարկել մեղադրանքները. «Բայց, եկեք՝ հասկանանք, եթե սխալվել ենք, ինչո՞ւմ ենք սխալվել: Շատ հաճախ ասում են, որ պատերազմի մեղավորությունը իմն է: Շատ լավ, եկեք հասկանանք, թե ո՞րն էր լինելու այն գործողությունը, որը մեզ հնարավորություն պետք է տար խուսափել պատերազմից: Ինչո՞ւ ենք անընդհատ ինքներս մեզ հետ դիվանագիտական ձևակերպումներով խոսում: Հարց․ այսինքն՝ ճիշտ ձևակերպումն այն էր, որ այդ շրջանները պետք է հանձնվեր և ընդունվեր ՀՀ կողմից ԼՂ կարգավիճակի անորոշությո՞ւնը, և դե ֆակտո արձանագրումը նրա՝ որպես Ադրբեջանի մաս, և ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիներին վերադառնալու և ԼՂ կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալը: Հիմա հետահայաց կարելի է ասել՝ գուցե ավելի լավ կլիներ, քան այն, ինչ այսօր ունենք, բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ: Մի պայմաններում, երբ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, ունենք հուսալի դաշնակիցներ, և այդպես շարունակ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել: Չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել, դա հասկացանք, այդ ամենը կա, գոյություն ունի օբյեկտիվորեն, ես ասում եմ՝ եկեք՝ ավելի խորը դիտենք: Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է: Երբ պատերազմից հետո խոսում էին հայրենասիրության մեր մոդելի մասին, մենք պետք է մի բան հասկանանք, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական մոդել է, հայկական հայրենասիրության սովետական մոդել է, որն իր խորքում լուրջ հակասություն ունի Հայաստանի պետության և պետականության հետ»: