copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:58 07-01-2023

Քովիդի համաճարակը 22թ-ին կառավարելի իրավիճակի վերածվեց. Մելիք-Նուբարյան

«Լավ նորություններից կարող ենք առանձնացնել այն, որ քովիդի համաճարակը, ըստ էության, կառավարելի իրավիճակի վերածվեց»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ խոսելով 2022թ-ին առողջապահական ոլորտում գրանցած հաջողություններից։

«Եթե տարեսկզբի դեպքերի առիթը չհաշվենք, ըստ էության՝ մեծ վտանգ դա չի ներկայացնում, և դարձել է հերթական հիվանդությունը, որը շրջանառվում է։ Սա մեր համար իրոք ձեռքբերում էր, որովհետև նախորդ տարիներին բացասական հետևանքներ էր թողել»,- ասաց Մելիք-Նուբարյանը։

Խոսելով և մատնանշելով ոլորտի ձեռքբերումները՝ Նուբարյանն ասաց. «Որպես ձեռքբերում նաև կարող ենք առանձնացնել այն, որ վերստին սկսվեց առողջության համապարփակ ապահովության ներդրման գործընթացի այդ ակտիվ փուլը, ինչը նույնպես շատ կարևոր է, որովհետև Հայաստանում շատ մարդիկ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից, նաև կարող ենք առանձնացնել օրենսդրական մի բարեփոխում, որը մեծ ազդեցություն կունենա համակարգի վրա, մասնավորապես մարդկային ներուժի պլանավորմանն ուղղված այդ փոփոխությունները բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում»։

Մեր այն դիտարկմանը, որ ոլորտի թերացումների մեջ կարող ենք ներառել այն, որ նախարարությունը մեծ գումար է պարտք բուժհաստատություններին, և այդ պատճառով շատ հիվանդներ չեն կարողանում պետպատվերի շրջանակներում բուժում ստանալ, Մելիք-Նուբարյանն ասաց.

«Ես բժշկական համալսարանում եմ աշխատում մենք ունենք նաև խոշոր բուժհաստատություններ, ես մեր բուժհաստատությունների մասով կարող եմ ասել, որ որևէ պարտք չունի Առողջապահության նախարարությունը, սա էլ է կարևոր բան, որ գոնե մեր հաստատությունները, այսինքն՝ այն, ինչ որ մենք կատարել ենք, պարտաճանաչ ստացել ենք»։ Ճշտող հարցին, թե, այսինքն, պետպատվերի շրջանակում կարող են բուժում ստանալ, Մելիք-Նուբարյանն ասաց. «Ոչ թե կարողանում են, այլ ստանում են, ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝մեր բուժհաստատություններում կարող են գալ և բուժում ստանալ, որևէ խնդիր չկա»։

Խոսելով Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով Աարցախում առաջացած իրավիճակից, որի հետևանքով շատ մարդիկ չեն կարողանում պատշաճ բժշկական օգնություն ստանալ, Մելիք-Նուբարյանն ասաց.

«Մարդու առողջության իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի համընդհանուր հռչակագրում, և եթե որևէ պետության կամ մարդկանց կողմից այդ իրավունքի ապահովումը դրվում է վտանգի տակ, դա անընդունելի է, բացի դրանից՝ կա Առողջապահության համաշխարհային կազմակերպություն սահմանադրություն, որը նույնպես վավերացված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, և այնտեղ էլ է նշվում, որ մարդու առողջության ապահովումը հիմնարար իրավունք է։ Մենք այստեղ, կարծում եմ, պետք է կարողանանք ավելի մեծ ջանքեր ներդնել, որ կարողանանք այդ առումով ճնշում գործադրել, որպեսզի կարողանանք այդ առումով հիմնարար փաստաթղթերով ամրագրված իրավունքները հայ ազգի, բնակչության նկատմամաբ իրացնել, և այդ առումով խտրականություն չդրվի այստեղ։ Շատ վատ իրավիճակ է»։

Հետաքրքրվեցինք Մելիք-Նուբարյանից՝ այս տարի շատ պոլիկլինիկաներ միավորվեցին, ինչ գնահատական կտակ այդ որոշմանը, դա դրական ազդեցություն կունենա առողջապահական համակարգի վրա, Մելիք-Նուբարյանն ասաց.

«Որպեսզի ազդեցությունը գնահատենք, պետք է ունենանք թվեր, բայց քանի որ նման վերլուծություններ առայժմ չկան, չեմ կարող, իսկ ազդեցությունն էլ հետևյալն է․ քանի որ պոլիկլինիկաների ցանցը, որքան մարդկանց մոտ լինի, համարվում է այնքան լավ, եթե միավորումների հետևանքով երևանցիները չեն դժգոհում, որ իրենց մոտ պալիկլինիկան փակվել է, ուրեմն երևանցիները դա գնահատում են նորմալ, և դրա արդյունքը մենք կտեսնենք ընտրությունների ժամանակ։ Բայց մասնագիտական տեսանկյունից ընդունված է, որ պոլիկլինիկական ցանցը պետք է մարդկանց հնարավորինս մոտ լինի, և այստեղ հատկապես մի նրբություն կա․ 2016թ-ին մեծ հետազոտություն էր արվել և պարզվել էր, որ պոլիկլինիկայի հաճախորդների 70 տոկոսից ավելին տարեց մարդիկ են և երեխաները»։