copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 19:00 05-01-2023

Մենք հավատացինք թշնամուն և հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք բանակի սպառազինության վրա. Կարեն Հովհաննիսյան (ամփոփում 2022)

Հայաստանի զինված ուժերի համար 2022 թվականը հետպատերազմական երկրորդ տարին էր 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում զինված ուժերը բախվեցին մի շարք մարտահրավերների։ Անշուշտ այդ մարտահրավերներից ամենաուժգինը նախորդ տարվա սեպտեմբերի 13-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիան էր, որն ամենալայնամասշտաբն էր՝ 44-օրյա պատերազմից հետո։

Մի շարք փորձագետներ պնդում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը բավարար չեն, իսկ որոշների համոզմամբ՝ այդպիսի քայլեր առհասարակ չեն ձեռնարկվում։

Հայաստանի զինված ուժերում նախորդ տարի տեղի ունեցած զարգացումների, ձեռնարկված քայլերի, սպառազինությունների ձեռքբերման և այլ հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ.


-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս կգնահատեք 2022 թվականը՝ Հայաստանի զինված ուժերի տեսանկյունից, ինչպիսի՞ տարի էր այն։

-Մեծ հաշվով այն կարծես թե չէր տարբերվում 2021 թվականից, քանի որ զինված ուժերը դեռևս գտնվում են հետպատերազմական ժամանակահատվածում, ցավոք սրտի, մենք շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում հաղթահարել հետպատերազմական շրջանը։ Սակայն տարին կարևոր էր նաև նրանով, որ գոնե տարեվերջում մենք ականատես եղանք, որ միտում կա բանակում նորամուծություն մտցնելու։ Խոսքը վերաբերում է այն ծրագրին, ըստ որի ժամկետային զինծառայողները կարող են հինգ տարի ժամկետով պայմանագրային ծառայության անցնել բանակում՝ այսինքն հիմք է դրվում պրոֆեսիոնալ բանակի։ Այս առումով որոշակի դրական տեղաշարժ տարեվերջին նկատվեց, բայց մեծ հաշվով մենք դեռևս սպառազինության, ձեռքբերման պայմանավորվածությունների հետ կապված խնդիր ունենք։ Այսինքն այս համատեքստում դեռևս աշխատելու տեղ ունենք և պետք է աշխատենք։

Իսկ մեծ հաշվով սեպտեմբերի 13-ն ու 14-ը մեր բանակի համար, կարծես թե, տարեկան քննություն էր, քանի որ այդ ժամանակ բանակը կարողացավ կասեցնել թշնամու առաջխաղացումը և ի չիք դարձնել վերջինիս նպատակները։ Թշնամու գլխավոր նպատակը մեկ խոշոր բնակավայր գրավելն էր՝ Ջերմուկը կամ Վարդենիսը, և դրանով իսկ Հայաստանին պարտադրեր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարը։ Այս առումով չասենք դրական առաջընթաց ունենք, բայց այնուամենայնիվ տարեվերջում կարողացանք որոշակի առաջընթաց ապահովել։ Մեծ հաշվով մենք չենք հաղթահարել հետպատերազմական ժամանակաշրջանին բնորոշ իրավիճակները։


-Արցախյան 44-օրյա պատերզմից հետո արդեն երկրորդ տարին ավարտվեց, ի՞նչ եք կարծում Հայաստանը կարողացել է վերականգնել իր զինված ուժերի մարտունակությունը, և այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը բավարա՞ր էին։

-Մենք կարող ենք անել շատ ավելին և իսկապես մենք ունենք հնարավորություն և պոտենցիալ դա անելու համար։ Բայց քանի որ քաղաքական կուրսը միտված է նրան, որ զինված ուժերը չպետք է լինեն խիստ ռազմականացված և մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, և աշխարհն էլ է դա ուզում, ինչպես նաև կհիշեք, որ տարվա սկզբին եղան հայտարարություններ այն մասին, որ մինչև տարեվերջ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, և բոլորը դրան հավատում էին ու այդ ուղղությամբ էին աշխատում, բանակի սպառազինությունը բալանսի բերելը, կարծես թե, մղվել էր երկրորդ-երրորդ պլան։ Կարծում եմ դա էր պատճառը, որ մենք գերագնահատեցինք այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, և կարող եմ ասել, որ հավատացինք թշնամուն, կամ թշնամու այն հավաստիացումներին, որ կլինի խաղաղություն, և հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք բանակի սպառազինության վրա։ Դրա համար նշում եմ՝ կարող էինք անել ավելին, բայց արեցինք շատ ավելի պակաս։

-Հատկապես սեպտեմբերյան ագրեսիայից հետո լուրեր տարածվեցին, որ Հայաստանը պատրաստվում է գնել հնդկական արտադրության սպառազինություն։ Որքա՞նով եք սա ճիշտ որոշում համարում, և կա՞ հավանականություն, որ կկրկնվի Սու-30-ների հայտնի դեպքը, երբ դրանք գործնականում չկիրառվեցին պատերազմում։

-Մեծ հաշվով զորավարժություների մասնակցած և փորձարկումներ անցած բոլոր սպառազինություններն էլ լավն են։ Սակայն սպառազինությունը, կամ կոնկրետ զինտեխնիկան պետք է պատերազմ անցնեն, որպեսզի վերջինիս էֆեկտիվությունը պարզ լինի։ Մենք տվյալ դեպքում չենք կարող ասել, հնդկականը լա՞վն է, թե՞ վատն է, որովհետև դա պատերազմ չի անցել։ Բայց մյուս կողմից պարտադիր չէ, որ պատերազմի միջով անցնի, եթե սպառազինությունն իրեն լավ է դրսևորել։ Մի շարք կարևոր պետություններ, որոնք այդ հարցում արհեստավարժ են, պրոֆեսիոնալ են իրենց դրական դիրքորոշումը հայտնել են, և մենք կարող ենք մեր զինանոցում ունենալ դա՝ դրանով իսկ զսպելով թշնամուն որոշակի քայլեր իրականացնելու հարցում։ Բայց ասել թե դա լավ էր, շատ լավ էր, կամ դրանով մենք կկարողանանք խնդիր լուծել, դա ժամանակավրեպ է։ Կրկնեմ՝ դա պետք է օգտագործվի պատերազմում, որպեսզի մենք հասկանանք՝ լավ էր, թե՝ վատ։ Տվյալ դեպքում ես որոշակի վերապահումով եմ վերաբերվում այս սպառազինությանը, քանի որ այն պատերազմ չի անցել։


-Իրանական մամուլում նաև եղավ հրապարակում այն մասին, որ Հայաստանը դիմել է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու մասին։ Ինչպե՞ս կգնահատեք իրանական անօդաչուների արդյունավետությունը՝ մասնավորապես եթե դրանք թուրքական բայրաքթարների հետ կիրառվեն նույն տարածության մեջ։

-Այս պարագայում ես վստահորեն կարող եմ ասել, որ իրանական անօդաչու թռչող սարքերը պատերազմ անցել են՝ ուկրաինական պատերազմում դրանք կարծես թե կիրառվել են և բայրաքաթարների «բարի համբավը» գետնով տվեցին և ռազմի դաշտում կարողացան իրենց ավելի լավ դրսևորել, քան բայրաքթարները։ Իսկապես այո՛, կարծես թե դրա մասին խոսվում է, օրեր առաջ էլ հենց թուրքական մամուլում եղան հրապարակումներ, որ Հայաստանը պատրաստվում է իրանական ԱԹՍ-ներ ձեռք բերել։ Եթե այս տեղեկությունը հաստատվի և ԱԹՍ-ները ձեռք բերվեն այս տարվա ընթացքում, ապա դա կլինի այս տարվա մեր ամենահաջողված ծրագիրը։

-2022-ի ընթացքում ՊՆ-ի կողմից հայտարարվեց, որ եռամսյա հավաքները կփոխարինվեն 25-օրյա մարտական վարժանքներով։ Այս որոշումը ինչպե՞ս կգնահատեք, և ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՊՆ-ն այս նախաձեռնությամբ։

-Այս նախաձենությամբ առաջին հերթին փորձ է կատարվում լուծել պահեստազորի ժամանակի հարցը՝ այսինքն գործատու-գործավար հարաբերություններն են փորձում կարգավորել։ Մյուս կողմից նաև փորձ է կատարվում այդ զորահավաքները որոշակիորեն ավելի պրակտիկ դարձնել՝ այսինքն ավելի խելամիտ ժամանակահատվածով իրականացնել։ Բայց լինի դա 20 օր, 25 օր, թե եռամսյա, եթե իր բուն նպատակին չի ծառայում, միևնույնն է չի կարող իրեն լավ դրսևորել։ Եթե այդ զորավարժանքների ընթացքում պահեստազորը գնում է պարզապես ժամանակ է անցկացնում, կամ գնում է զորամասում, դիրքում որևէ բան է անում և երեք ամիս, կամ 25 օր է անցկացնում, ապա ընդհանրապես իմաստ չունի գումար ծախսել դրա վրա։ Իսկ եթե մենք կարողանում ենք այդ 25 օրվա, կամ երեք ամսվա ընթացքում պահեստազորայինների մոտ թարմացնել ռազմական գիտելիքները, և իրեն որպես ռազմական մասնագետ կարողանում ենք ստարտային վիճակում պահել, ապա, այո՛, դա հաջողում է։ 25 օրը ես կարծում եմ խելամիտ է, և հնարավոր է այդ ժամկետի պարագայում մենք չունենանք զորահավաքներից խուսափողներին, որովհետև բոլորս էլ գիտեք, որ եռամսյա վարժանքների դեպքում շատ շատերը խուսափում են տարբեր պատճառաբանություններով։ Այս դեպքում կարծում եմ, որ այդ պատճառաբանությունները քիչ կլինեն, բայց նորից եմ կրկնում՝ մենք պարտադիր պետք է շեշտը դնենք ռազմական գիտելիքներ տալու և ռազմական մասնագիտության մեջ հմտացնելու վրա։

-Ձեր կարծիքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարո՞ղ են դիմագրավել Ադրբեջանի նոր հարձակումներին։

-Ինչպես արդեն նշեցի սեպտեմբերի 13-14-ի դեպքերի ժամանակ հայկական բանակը կարողացավ խառնել խաղաթղթերը, քանի որ թշնամին իր առջև նպատակ էր դրել խոշոր բնակավայր գրավել, որը չստացվեց։ Կարծում եմ, որ հայկական բանակը կարող է շատ ավելին անել, վստահեցնում եմ նույնիսկ՝ եթե մենք մեկ-երկու տարի հավուր պատշաճի ուշադրություն դարձնենք բանակի և սպառազինության վրա, և եթե թշնամին իրեն հենց այսպես պահի, ապա մենք կարող ենք նույնիսկ հակագրոհի միջոցով որոշակի հարցեր լուծել՝ այլ ոչ թե նստենք սպասենք, որ երբ հարձակվի՝ մենք պաշտպանվենք։ Հնարավոր է ամեն ինչ անել, և հնարավոր է իրավիճակ փոխել, եթե իսկապես մենք կարողանանք վերջիվերջո դադարենք հավատալ այդ խաղաղություն կոչվածին։









Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան