copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:41 31-12-2022

Այս տարվա ընթացքում Տուրիզմի կոմիտեն ունեցել է երկու մեծ նախագիծ․ զբոսաշրջության ոլորտի ամփոփում 2022

Միանշանակ պետք է ասենք, որ տուրիզմը այսպես ասած շատ զգայուն ոլորտ է ու Հայաստանում ազդեցությունները հենց այս տարվա սկզբին շատ տեսական էին, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները փոփոխվեցին։ Դրանից հետո ռուս քաղաքացիների մեծ ներհոսքը (200, 300 հազար) մարդիկ շատ ոգևորված էին։ Բայց դրա մյուս կողմը մենք տեսանք, որ անշարժ գույքի գները անմիջապես եռապատկվեցին կամ քառապատկվեցին, հյուրանոցների գները, վարձով բնակարանների գները անգամ տեղացիների համար դարձան անհասանելի կամ շատ ծանր իրավիճակի մեջ դրեցին տեղացիներին։ Սա երևույթ է, որ մենք պետք է միանշանակ նշենք։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց զբոսաշրջության զարգացման մասնագետ Գևորգ Բաբայանը՝ խոսելով անցնող տարում զբոսաշրջության բացթողումների, ձեռքբերումների, զարգացման հնարավորությունների մասին։

Պատասխանելով անցնող տարում ՀՀ-ում տուրիզմի ոլորտում գրանցված ձեռքբերումների և բացթողումների մասին՝ Գևորգ Բաբայանը ասաց․ «Մենք պետք է նաև հեռատես լինենք։ Այսքան մարդիկ ժամանեցին Հայաստան, նրանցից շատերը Հայաստանի մասին ընդհանրապես չգիտեին։ Նրանցից շատերը սկսեցին սպասարկման ոլորտում որոշակի գործունեություն ծավալել ու արդեն Երևանում շատ որակյալ, անգամ հայկականին գերազանցող սրճարաններ, սննդի կետեր են բացվում կամ տարբեր միջոցառումներ են իրականացվում։

«Stand up» երևույթը ընդհանրապես հայտնի չէր, իսկ հիմա նման ակումբ կա ու մի շարք տեղերում «Stand up» ներկայացումներ են տեղի ունենում։ Սրանք բոլորը միասին միանշանակ ազդում են տուրիզմի սպասարկման ոլորտին։ Բացի դա, այս պահին մենք տեսնում ենք նաև, թե որքան ռուսախոս, ռուսալեզու հարթակներ սկսեցին բացվել գովազդելու, ներկայացնելու Հայաստանը ու իրենց բովանդակությամբ, թե վիզուալ, թե տեքստային, թե ընդհանրապես վայրերի ընտրությամբ մեր հայրենակիցներից շատերը մինչև հիմա էլ նշում են, որ հայկական վայրերի մասին իմացել, բացահայտել են ռուսների միջոցով։

Հիմա մենք պետք է հասկանանք նաև, որ այս ոլորտը նույնպես մեծ փոփոխություններ է կրել և կրում է։ Եվ ես պետք է նշեմ նաև, որ ընդհանրապես ռուսախոս տուրիզմը 2023 թվականին ես սրա մասին բազմիցս նշել եմ հայերի ձեռքից կգնա, հայերը պարզապես դիտորդ կլինեն և ռուսները իրենք կկազմակերպեն իրենց համերկրացիների այցը Հայաստան, շրջագայությունը, մեկնումը։ Եվ հայերը ուղղակի կդիտեն, թե այդ ամենը իրենց շուրջ ինչպես է կատարվում և դա բացթողումներից մեկն է, քանի որ հայկական շուկան, ցավոք սրտի էվոլյուցիա չի ապրում։ Շատ հին, «նեխած» մտածելակերպով՝ դեռ բոլորը կարծում են, որ իրենք հիանալի են, հրաշալի են, բայց ցավոք, մի փոքր մրցակցությունը նրանց դուրս է մղում շուկայից։ Բացթողում չգիտեմ ճիշտ է ասելը, թե ոչ, բայց մենք այս տարի տեսնում ենք շատ քիչ թվով այցելություններ արևմտյան երկրներից, Եվրոպայից և ԱՄՆ-ից։

Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներով՝ ԱՄՆ-ից հոսքը կազմում է ընդամենը երեք տոկոս, իսկ երկրորդ ամենաբարձրը՝ Գերմանիան է երկու տոկոս։ Սա շատ ցածր թիվ է և մենք հասկանում ենք, որ արևմտյան երկրների համար ընդհանրապես հետաքրքրություն չենք ներկայացնում։ Սա ես պետք է ասեմ, որ շատ մտահոգիչ է։

Այս պահին, երբ ՀՀ-ում ունենում ենք խնդիրներ, անընդհատ մեր հայացքը ուղղում ենք դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, հումանիզմ, բայց ուրախության պահին անգամ մենք իրենց համար հետաքրքրություն չենք ներկայացնում և սա շատ մեծ գործոն է, ֆակտոր է, որ Հայաստանը, տուրիզմի ներկայացուցիչները պետք է հասկանան։ Եվ այս թվերը այսպես ասած պետք է լինեն արթնության ղողանջ, որ եթե այս մարդիկ չեն ուզում անգամ այցելել կամ վայելել, ապա նրանք մեզ խնդիրների ժամանակ չեն հիշի, չեն լսի։ Այս առումով կարծում եմ մեծ էր 2020 թվականի ու նաև ընդհանուր պանդեմիայի դերը և դրանից հետո համաշխարհային տուրիզմը շատ մեծ թափով արթնանում է, բայց մարդիկ ցանկանում են այցելել առաջնային տուրիստական կետեր, որոնք նրանք կարոտել են, դա կլինի տաք երկրներ, ծովափ, ռեզորտներ, որ մեկ, երկու տարի նրանք հնարավորություն չեն ունեցել այցելել»։

Խոսելով զբոսաշրջության զարգացմանը նպաստող գրագետ գործողությունների մասին՝ զբոսաշրջիկներին գրավելու համար Բաբայանը նկատում է․

«Հայաստանում մենք չենք գնում համաշխարհային տուրիզմի մոտեցումներով։ Համաշխարհային տուրիզմի այսպես ասած թրենդներին մենք չենք համապատասխանում և դրա համար է, որ արևմտյան երկրներից Հայաստան այցելությունը սակավ է, որովհետև պանդեմիայից հետո ժամանակակից տուրիզմը ենթադրում է հիբրիդային կյանք, այսինքն, այցելել, մնալ երկար ժամանակով որևէ տեղ ուսումնասիրեն, ինտեգրվեն այդ համայնքում, այնտեղից աշխատեն և հետո շարժվեն առաջ, այցելեն մեկ այլ երկիր, մի քանի ամիս այնտեղ ապրեն։

Մենք տեսնում ենք զբոսաշրջային նոր վարքագիծ։ Ցավոք, Հայաստանը այս ամենին չի համապատասխանում, որովհետև չի տալիս հնարավորություն մարդկանց այցելել և մնալ այստեղ մի քանի ամիս հեշտությամբ, թե վիզայի առումով, քանի որ վիզան երեսուն օրյա է, դրանից հետո պետք է ուզած-չուզած սահմանը անցնես, մյուս առումով՝ մենք Հայաստանում գովազդելու այլ մոտեցումներ ենք որդեգրել։ Տուրիզմի կոմիտեն այս տարի երկու մեծ պրոյեկտ է ունեցել։

Տվյալ դեպքում Տուրիզմի կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը նշել էր իր ամփոփիչ հարցազրույցում, առաջինը Հայաստանի բրենդինգի ներկայացումն էր, երկրորդը՝ նոր կայքի հրապարակումն էր։ Առաջինի դեպքում ես խիստ իրենց քննադատել եմ և շարունակում եմ մնալ այդ ուղեծրում։ Այն մոտեցումը, գաղափարը, կարգախոսը, որ դրել են այդ բրենդավորման հիմքում հին է։ Ես դա նշել եմ։

Տուրիզմը ունի որոշակի գաղափարային էտապներ և այդ թաքնված ճանապարհ, ուղի էտապը մենք անցել ենք 2000-ականների սկզբներին մինչև 2007, 2008 թվականները։ Նման բառապաշար այլևս ոչ ոք չի օգտագործում, նման գաղափարներ ոչ ոք չի օգտագործում։ Դրանից հետո սկսվեց այլ գաղափարաշրջան, փորձառությունների վրա հիմնված էտապներ, ինչպես նշեցի ինտեգրացիան է, երկարաժամկետ այցելություններն են և այդ «թաքնված երկիր», «թաքնված ճանապարհ»
երևույթը շատ հին է, ժամանակից դուրս է, իր ուժն ու կարողությունը կորցրած է։ Սա կարծում եմ մեծագույն ձախողումն է կոմիտեի կողմից այս առումով։

Թեև իրենք ներկայացնում են, թե մենք չունեինք ոչինչ ու ինչ որ բան պետք էր ունենալ, նաև մենք չունենք մինչև հիմա տուրիզմի ռազմավարություն, որը մեծ խնդիր է և այդ ռազմավարություն չունենալով հանդերձ՝ բրենդավորել մի բան, որը չգիտես, թե ինչ է, նորից մեծ խնդիր է։ Մյուս կողմից կայքը հաջողություն էր։

Այս առումով կարող ենք նշել, որ կոմիտեն ջանք գործադրեց և այդ նոր կայքը կարողացան հրապարակել։ Դա շատ մեծ քայլ էր և հուսով եմ, որ այդ կայքի տարածումը իրենք պատվով կիրականացնեն։ Սա ես պետք է նշեմ, որ գրագետ և կարիք ունեցող երևույթ էր։ Առաջին հայացքից կայքը բավական հաջող է, բավական գրավիչ է։ Մյուս երևույթները, որ ես նկատել եմ պետության կողմից իրականացվող, բավական ակտիվացել են բլոգերների, տարբեր երկրներից լրագրողների ներկայացուցչությունը, մասնակցությունը Հայաստանում միանշանակ «Մանկական Եվրատեսիլ»-ի այցելությունը Հայաստան, սրանք շատ կարևոր, մեծ քայլեր էին և հուսով եմ, որ դրանց արդյունավետությունը մոտ ապագայում կտեսնենք»։

Հարցին, թե այս տարի որն է տուրիզմի ոլորտի ամենամեծ ձեռքբերումը Գևորգ Բաբայանը ասաց․ «Ընդհանրապես տնտեսության ցանկացած ոլորտում ես չեմ կարծում, որ կա մի գործողություն, որը ամենամեծ ձեռքբերումն է և եթե դա արվի միանգամից մեծ փոփոխություն կիրականանա։ Կարծում եմ ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ զբոսաշրջությունը տարբեր արդյունավետ և ոչ արդյունավետ քայլերի համախմբում է։

Ընդհանուր առմամբ, ես դրական եմ համարում 2022-ին զբոսաշրջության գործունեությունը Հայաստանում։ Վստահ եմ կոմիտեն մեծ հրապարակում է անելու, որ երկնիշ թվով աճ ենք ունեցել, ճիշտ է դեկտեմբերի արդյունքները դեռ հայտնի չեն, բայց մինչև նոյեմբեր քսան, երեսուն տոկոս աճ է եղել, որը բավականին կարևոր է։ Կարևոր է նաև, որ ռուսական ինտելեկտուալ համայնք ձևավորվեց Հայաստանում և նրանք սկսեցին ներգրավվել հայակական տուրիզմում։ Շատ ռուսական նախագծեր, երբեք Հայաստան չէին եկել, սկսեցին գալ։ Անգամ այստեղ կազմակերպել միջոցառումներ և նրանք ունեն շատ հետաքրքիր, ինտելեկտուալ համայնք, լսարան և նրանց հասնելը շատ կարևոր է։

Բայց նորից պետք է նշեմ, որ մենք մեծ բացթողում ունենք արևմտյան շուկային չանդրադառնալը կամ չկարողանալը նրանց ներգրավելը շատ մեծ խնդիր է, իսկ դրա ամենամեծ պատճառը տեղական տուրիզմին ներգրաված մարդիկ են, մասնավոր սեկտորը ավելի շատ առաջարկող պրոդուկտները, որոնք շատ հին են իրենց գաղափարային, փիլիսոփայական, հետաքրքրություններով շատ հին են և այլն։ Այդ պատճառով նոր սերունդները, ճանապարհորդող սերունդը չի հետաքրքրվում Հայաստանով և չեն այցելում Հայաստան։ Պրոդուկտի առումով հայկական շուկայի առաջարկածը շատ հին է, շատ ցածրորակ է։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ առաջընթաց է գրանցվել այս տարի տուրիզմի ոլորտում նախորդ տարիների համեմատությամբ՝ զբոսաշրջության ոլորտի մասնագետը նշում է․

«Ռուսական համայնքի ներկայությունը ՀՀ-ում, ծառայությունների մեկնարկը, տուրիզմի կոմիտեի նոր կայքը, թռիչքների վերականգնումը Եվրոպայի հետ, սրանք կարծում եմ առաջընթացների մի մասն են։ Բայց մենք ընդհանրապես առաջընթացի մասին չենք կարող խոսել, եթե մենք գաղափարային առումով չենք գնում որոշակի էվոլուցիայի և լճացած, ինքներս մեզ գովալով՝ ասելով, որ շատ հյուրընկալ ենք, և այդպիսով այս ոլորտում գործել բավարար չէ։

Ես հուսով եմ, որ տուրիզմի ոլորտի ներգրաված անձինք կփորձեն ավելի շատ ճանապարհորդել, իրենք լինեն զբոսաշրջիկ, ճանապարհորդ, տեսնելու այդ փուլերը, հասկանալու համար ինչպես է այդ պրոցեսը կատարվում։ Իրենք զբոսաշրջիկների հետ շփվում են, բայց երբեք չեն լքել Հայաստանը, տուրիստ չեն եղել։ Սա, հուսով եմ, որ մի փոքր ավելի կակտիվանա։ Կոմիտեի կողմից կան որոշակի խոսակցություններ, որ եկող տարում սպասվում են ռազմավարության հրապարակում, կա ինչ որ սևագիր տարբերակ։ Ես դեռ չեմ ծանոթացել, բայց հուսով եմ, որ ժամանակակից պահանջներին գոնե ինչ որ չափով մոտ կլինի և ներգրաված մարդիկ, ներգրաված կլինեն, թե մասնավոր բիզնեսում, կհասկանան առաջադեմ հյուրերի ցանկությունները, պահանջները, ինչը շատ կարևոր է։

Եթե հարուստ կամ փորձառու հյուրեր են լինում, ովքեր կարող են վճարել թանկ ծառայությունների համար և պահանջում են նաև բարձրակարգ սպասարկում խնդիր է առաջանում իրենց հյուրընկալել Երևանից դուրս, Սևանը անգամ մեծ խնդիր է, Դիլիջանում շատ քիչ հնարավորություններ կան և դրանով ամեն ինչ ավարտվում է։ Այնպես որ ՀՀ-ում ներգրավելու համար ավելի բարձրակարգ սպասարկում ակնկալող հյուրերի մենք կարիք ունենք միանշանակ ենթակառուցվածքների»։

Ամփոփելով՝ զբոսաշրջության ոլորտի մասնագետը նշեց, որ աճն այս տարի նախորդ տարիների համեմատությամբ կրկնակից ավել է եղել․

«Կրկնակիից ավել է եղել աճը այս տարի։ 2019 - 1,059,893, 2020 - 307,795, 2021- 698,443, 2022 - 1,542,326 նոյեմբերը ներառյալ»։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան