Ներքին 3 տարի առաջ - 13:28 02-01-2023

Կան մարդիկ, որոնք ամանորյա ավանդական հանգիստը փոխարինում են լեռնագնացությամբ․ լեռնագնաց

Տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել տարբեր ձևերով։
ArmLand արշավական ակումբի հիմնադիր ղեկավար, լեռնագնաց Արտյոմ Մարտիրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին շատերը նախընտրում են հատկապես լեռնային տուրիզմը։

Իր խոսքով՝ տարեցտարի հանգստի այդ ոճը զարգանում է, կան մարդիկ, որոնք ամսական 2-3 բարձունք են հաղթահարում, մասնակցում են տարբեր արշավների։



Լեռնագնացից հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ն լեռնագնացությունն ամանորյա ավանդական հանգստին գերադասողներ։ Պատասխանը դրական էր։ Ասաց՝ կան, բայց մեծ թիվ չեն կազմում։ Ոչ բոլորն են լիարժեքորեն պատրաստված ձմեռային լեռագնացության։

«Դա կապված է հանդերձանքի հետ։ Ձմեռային հանդերձանքը բավականին թանկ է, բայց նրանք, որոնք ունեն այդ հանդերձանքը՝ հունվարի 2-3-ին բարձրանում են լեռներ։ Երևանին ամենամոտ գտնվող լեռը Հատիսն է։ Մարդիկ կարող են, օրինակ՝ առավոտյան գնալ, բարձրանալ, շուտ իջնել ու գնալ աշխատանքի»,- ասաց Մարտիրոսյանը։

Իր խոսքով՝ լեռնագնացություն կազմակերպում են ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։ Նա թվարկեց լեռնագնացների համար ամենանախընտրելի բարձունքներն ու ոչ միայն։

«Մենք, այս ընթացքում, ամանորյա օրերին, մեր երկրից դուրս ուղղություն չունենք։ Բայց մեր հանգիստը Հայաստանից դուրս բարձր լեռնային վերելքներն են։ Դա կարող է լինել Կիլիմանջարո լեռը, Արարատ լեռը, Կազբեկը, դեպի Էլբրուս տոնական օրերին նույնպես չունենք։ Բայց կան մարդիկ, որոնք ցանկություն ունեն այդ լեռները բարձրանալու, և իրենց համար կարևոր չէ՝ որ ժամանակահատվածում է»,- ասաց Oragir.News-ի զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք նաև, թե լեռնագնացի համար միջինում որքան են արժենում այդպիսի գայթակղիչ ուղղությունները։

«Կիլիմանջարոյի արժեքը 2250 ԱՄՆ դոլար է։ Փաթեթում ներառված է ամեն ինչ՝ բացի օդանավակայանի տոմսերից ու հանդերձանքից։ Արարատ լեռ բարձրանալն էլ արժե 870 դոլար։ Այս դեպքում արդեն փաթեթի մեջ ներառված չէ միայն հանդերձանքը»,- ասաց նա։

Արդեն երկարամյա լեռնագնացի խոսքով՝ նման վերելքներ կատարելուց առաջ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Կարևոր է ինչպես մարմնի դիմադրողականությունը, այնպես էլ առողջական վիճակի ստուգումը։

«Նման կարևոր վերելքներից առաջ մենք միշտ հանդիպումներ և փոքր արշավներ ենք կազմակերպում։ Օրինակ՝ Արագած են բարձրանում, կամ այլ արշավների են մասնակցում, որպեսզի տեսնենք իրենց ֆիզիկական պատրաստվածությունը։ Եթե առողջական շատ լուրջ խնդիր չունեն, ապա գալիս են։ Օրինակ՝ մեզ մոտ կան մարդիկ, որոնք սրտի ստենդ ունեն, բայց Արարատ են բարձրացել։ Դա նաև ինդիվիդուալ է, բայց հիմնականում միջին առողջություն ունեցող մարդու համար հնարավոր է բարձրանալ Արարատ լեռը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ ArmLand-ի ղեկավարի՝ Հայաստանում լեռնագնացության մշակույթը զարգանում է աշխարհին համընթաց։ Ընդ որում, իր խոսքով, փոխվում են ինչպես հանգստի տեսակները, այնպես էլ դրանց բովանդակությունը։

«Եվրոպական գրեթե բոլոր երկրներում ամեն երկրորդ մարդու համար քաղաքից դուրս հասկացությունը ոչ թե խորոված ուտելը, այլ արշավելն է։ Արշավի ժամանակ դու հնարավորություն ունես ավելի լավ ճանաչելու քո իսկ երկիրը, քո երկրի բնության հուշարձանները»,- ասաց նա։

Այս ամենին, լեռնագնացի խոսքով, գումարվում են նաև առողջությունն ու նոր ծանոթությունները։
«Առավելություններից մեկն էլ այն է, որ երբ դու ճանապարհորդում ես՝ խմբերի հետ տարբեր մասնագիտության, հիմնականում կրթված մարդկանց հետ ես ծանոթանում։ Դա շատ հետաքրքիր է։ Մարդկանց հետաքրքրում է գալ, շփվել այլ մարդկանց հետ, բնության գրկում քայլել, հանգստանալ։ Դա, իհարկե, միշտ էլ եղել է։ Պարզապես, Հայաստանում որպես մշակույթ ձևավորվեց ու նոր թափ առավ վերջին 3-4 տարում։ Կարծում եմ, որ այս ալիքն այլևս չի դադարի առաջ շարժվել, այն գնալով կմեծանա»,- վստահություն հայտնեց լեռնագնացը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում