Բերձորի միջանցքի փակման և Արցախի լիակատար շրջափակման 17-րդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարածել է հայտարարություն, որ միջանցքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա:
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ կառույցի արձագանքի և աշխատանքի վերաբերյալ քննադատություններ հնչել են դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մասնավորապես անհամաչափ է գնահատվել, օրինակ՝ Ադրբեջանում երեխաների նկատմամբ որոշակի հայտարարությունները, որոնք կատարվել են պատերազմի ժամանակ և դարձյալ բավական ուշացումով անդրադարձն Արցախի երեխաներին, որոնք տուժում են պատերազմից։
«Առաջին անգամ չէ, որ միջազգային կառույցներն ուշացումով են արձագանքում, որպեսզի զարմանանք, բայց դարձյալ արձանագրում ենք, որ այդ կառույցները, որոնցից փաստացի այսօր արցախցիներն ակնկալում են արագ և մարդու իրավունքների նկատմամբ զգայուն արձագանքներ՝ իրենք ոչ միայն ավելի դանդաղ են, այլև կազմակերպման իմաստով բավական անարդյունավետ, որովհետև այդ հայտարարությունները կարող են անել այնպիսի կազմակերպություններ, որոնք չունեն այն լծակները, որոնք ունի օրինակ ՄԱԿ-ը՝ որպես կառույց»։
Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ը որպես կառույց վերազգային կառույց է և կոչված է խաղաղության և անվտանգության պահպանման համար աշխարհում։
«Այն բոլոր ջանքերը, որ պետք է գործադրվեին պետությունների հետ աշխատանքում, որպեզի նման ճգնաժամանային իրավիճակներ չառաջանան ՄԱԿ-ը, փաստորեն, ոչ արդյունավետ է կատարում։ Ինչ վերաբերում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությանը, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր կառույցները պետք է արձագանքեին և միացյալ հայտարարություններ անեին, որովհետև այնտեղ միայն երեխաները չէ, որ տուժում են։
Այնտեղ կա նաև տարեց բնակչության խնդիր, որոնք շրջափակման մեջ գտնվելով՝ առողջական լրջագույն խնդիրներ են ունենում, կա պարենային անվտանգության խնդիր։ Այսինքն՝ ՄԱԿ-ի բոլոր կառույցները, որոնք զբաղված են Մարդու իրավունքների պահպանությամբ և դրա վերաբերյալ որոշակի մշտադիտարկումներ կատարելով, չեն կատարում իրենց գործառույթները կամ ուշացած հայտարարություն են հրապարակում, որպեսզի ցուցադրաբար ասեն, որ անդրադարձել են խնդրին, կամ էլ ընդհանրապես որևէ կերպ չեն անդրադառնում»։
Հարցին, թե մենք չե՞նք գրերագնահատում միջազգային կառույցների դերը՝ նա պատասխանեց, որ միջազգային կառույցները կոչված են հենց վերազգային շահը վեր դասելով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ և միջազգային անվտանգության պահպանմանն են կոչված։ «Այսինքն՝ այն, որ մենք իրապես կարծում էինք, որ այդ կառույցներրը պետք է իրենց մանդատի շրջանակներում իրականացնեն իրենց գործառույթները՝ գերագնահատել չէր։
Սակայն փորձը ցույց տվեց, որ այդ կառույցները կամաց-կամաց կորցրել են իրենց արդյունավետությունը և, միգուցե, նաև այդ կառույցների վերակազմակերպման, դրանց ձևակերպման, աշխատանքի արդյունավետության գնահատման կարիք է զգացվում, որովհետև գործնականում նրանք շատ դանդաղ են, թեպետ ունեն ֆինանսական լայն միջոցներ, երևի թե այդ կառույցներն ամենակայունն են ֆինանսավորվում, այդ կառույցներում աշխատող անձինք ամենաբարձրն են վարձատրվում, նրանց սոցիալական և այլ երաշխիքներն ամենակայունն են, բայց միևնույն է, նրանք դանդաղ են իրականացնում իրենց գործառույթները, ակնհայտ է, որ տարբեր պետությունների տնտեսական շահերը, որոնք ունեն ավելի լայն ազդեցություն՝ գերակա է, թեպետ միջազգային կառույցները հռչակել են, որ բոլոր պետությունները հավասար են։ Բայց մենք գործնականում տեսնում ենք, որ առավել մեծ ազդեցություն ունեն այն միջազգային դերակատարները և պետությունները, որոնք ունեն ֆինանսական, տնտեսական և քաղաքական ավելի մեծ ազդեցություն։
Սա էլ պատճառը, որ հանրության հայացքը նույնպես սկսեց փոխվել առ այն, որ նման կառույցներից այլևս պետք չէ ակնկալել կամ նրանց փորձել արթնացնել, ու դա այնքան էլ կարևոր չէ, որովհետև արձագանքը, միևնույն է, լինելու է նույնը և որևէ ազդեցություն ու ճնշում որևէ կերպ չի փոխելու նրանց գործելաոճը»։