Արցախի շրջափակման ամեն մի օրն ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք համակարգված աշխատում ենք Արցախի մեր գործընկերների հետ, հեռահար խորհրդատվություններ կատարում, բայց դա չի նշանակում, թե իրավիճակը կարգավորվում է։ Կա դեղերի, բժշկական նշանակության առարկաների, պարենի եւ անհրաժեշտ այլ ապրանքների անբավարարություն։
Արվում է ամեն բան, որպեսզի այդ պակասը լրացվի։ Բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել իրավիճակային որոշումներով»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10.30-ից ադրբեջանցիների խումբն, իբր, բնապահպանական պատճառներով փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ նաեւ քաղաքական պահանջներ առաջադրելով։ Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։