Երևան +17°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:30 27-12-2022

Իրանը բավական շատ քայլեր է ձեռնարկել, որոնք Ադրբեջանի համար զսպող գործոն են հանդիսացել․ Արմեն Վարդանյան

Հայաստանի և Իրանի հարաբերությունները մշտապես կարևորվել են երկու պետությունների կողմից, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ այս հարաբերությունները չեն զարգացել իրենց ողջ պոտենցիալով։ Հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից 2022 թվականն առանձնահատուկ տարի էր, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք առանցքային իրադարձություններ։ Այս իրադարձություններից առանձնացավ հատկապես Կապանում Իրանի հյուպատոսության բացումը, որը երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի տեղափոխեց։

Հայ-իրանական հարաբերություններում անցնող տարվա հիմանական զարգացումների, համագործակցության հետագա միտումների, առաջիկա տարում սպասվող զարգացումների և այլ հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցել է իրանագետ Արմեն Վարդանյանի հետ․

-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող 2022 թվականը՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման տեսանյունից։

-Ընդհանուր առմամբ՝ անցնող տարին բավականին դրական էր հայ-իրանական հարաբերությունների համար, երկկողմ հարաբերություններում մի շարք կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, հարաբերությունները նշանավորվեցին դրանք ամրապնդող մի շարք կարևոր իրադարձություններով։ Օրինակ Սյունիքում՝ Կապանում, Իրանի հյուպատոսության բացումը շատ նշանակալից իրադարձություն էր, բացի այդ՝ Իրանի արտգործնախարարը շատ կարևոր այցով ժամանեց Հայաստան և հայտարարեց, որ Իրանը որևէ կերպ թույլ չի տալու այս տարածաշրջանում սահմանների փոփոխություն, ինչը զսպող գործոն էր նաև Ադրբեջանի համար։ Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները նույնպես բավականին մեծացել են, և կարծում եմ՝ այս տարի ռեկորդային կլինի։ Չնայած այս տարվա ամփոփիչ տվյալները դեռևս չկան, բայց կարծում եմ, որ ռեկորդային են լինելու, և բավականին լավ ցուցանիշներ ենք ունենալու այս ուղղությամբ։ Այս տարվա ընթացում էլեկտրաէներգիայի հայտնի գործարքը երկարաձգվեց, որը նույնպես Հայաստանի օգտին էր, և մի քանի նույնպես շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կամրապնդեն երկու երկրների հարաբերությունների մակարդակը։

-Ի՞նչ եք կարծում հաջորդ տարի երկկողմ հարաբերությունները կշարունակե՞ն զարգանալ, և ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել։

-Ընդհանուր առմամբ՝ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստան-Իրան հարաբերություններում որևէ լուրջ խնդիր չի եղել։ Եղել է այնպես, որ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այս հարաբերությունները լուրջ զարգացում չեն ունեցել՝ մասնավորապես տնտեսական առումով։ Քաղաքական մասով՝ կարելի է ասել՝ խնդիրներ երբևէ չենք ունեցել, և կարծում եմ՝ այս դինամիկան առաջիկայում նույնպես կշարունակվի։ Հայաստանի համար Իրանը չափազանց կարևոր երկիր է, և Իրանի համար էլ պարզ կլինի, որ Հայաստանն իր համար կարևոր նշանակություն ունի։

-Հայ-իրանական հարաբերություններում առկա՞ է չօգտագործված ներուժ, որը կարող ենք էլ ավելի լավ օգտագործել։

-Անշուշտ մեծ չօգտագործված ներուժ կա, և այստեղ նաև բազմաթիվ խոչընդոտող հանգամանքներ կան՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջողները, երկրի փակ շուկան և այլն։ Կան խոչընդոտող հանգամանքներ, բայց, այո՛, երկու երկրները հաստատակամ են՝ այդ հարաբերություններն ավելի զարգացնելու։

-Ինչպես նշեցիք, անցնող տարվա կարևոր իրադարձություններից էր Կապանում Իրանի հյուպատոսության բացումը։ Արդյո՞ք Բաքուն դա ընկալեց Իրանի կողմից որպես խոչընդոտ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու հարցում։

-Չեմ կարծում, որ հյուպատոսության բացումը հենց անմիջապես կապված էր Ադրբեջանին զսպելու հետ։ Ես վստահ եմ, որ Իրանն ավելի պրագմատիկ գործողություններով է Ադրբեջանին զսպել՝ դիվանագիտական դաշտում է որոշ քայլեր արել, որոնց մասին մենք չգիտենք և ժամանակի ընթացքում կիմանանք։ Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ իրենք գործնական քայլեր են արել և թույլ չեն տվել Ադրբեջանի կողմից այս տարածաշրջանի սահմանների ձևափոխում կատարել։ Թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվել, դրա մասին մենք չգիտենք, բայց կարծում երբ ժամանակը գա, փաստաթղթեր գաղտնազերծվեն, թե պաշտոնյաները ինչ են խոսել, դրա մասին հանրությունը նույնպես կիմանա։

-Ձեր կարծիքով՝ այս տարվա ընթացքում Իրանի կողմից Արցախի օկուպացված շրջանների հարևանությամբ անցկացված զորավարժություններն Ադրբեջանի համար զսպող գործոն հանդիսացա՞ն։

-Ընդհանուր առմամբ, ինչպես նշեցի, Իրանը բավականին շատ քայլեր է ձեռնարկել, որոնք Ադրբեջանի համար զսպող գործոն են հանդիսացել։ Դրանցից էին նաև սահմանի երկայնքով անցկացված շատ կարևոր զորավարժությունները, և անգամ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ 25-30 տարիների ընթացքում այդպիսի բան չէր եղել, որ անմիջապես «իրենց սահմանի երկայնքով» այդպիսի լայնածավալ զորավարժություններ անցկացվեր։ Իհարկե դա զսպող գործոն էր, այն իր մեջ հստակ մեսիջներ էր պարունակում Ադրբեջանին, և սա էլ չափազանց կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանին զսպելու հարցում։

-Ինչպե՞ս կգնահատեք Իրան-Ադրբեջան ուղղակի բախման հնարավորությունը, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, և դա ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

-Ես չեմ կարծում, որ այդպիսի բախում կլինի, դրա հավանականությունը չնչին եմ համարում։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները յուրահատուկ բնույթ ունեն, իրենք երբեք էլ միագիծ չեն եղել և մշտապես զարգանում են վայրիվերումներով լի՝ սրումներ, խնդիրներ, հետո՝ որոշ ժամանակ անց հարաբերությունների բարելավում է տեղի ունենում։ Հիմա այդ հարաբերությունների վատթարացման հերթական փուլն է, որոշ ժամանակ հետո կողմերը կլուծեն կոնֆլիկտը, և ռազմական բախում տեղի չի ունենա։

Ամենից շատ դիտված