Ուղիղ եթեր
Հայ մարդը զենքի լեզուն պիտի իմանա․․․
copy image url

Հայ մարդը զենքի լեզուն պիտի իմանա․․․

Մշակույթ 2 տարի առաջ - 23:01 23-12-2022
1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում ծնվել է թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։

Սոս Սարգսյանը ոչ միայն տաղանդավոր դերասան էր, այլ նաև թատերական ռեժիսոր, քաղաքական գործիչ, անզուգական հասարակական գործիչ։ Նրա ստեղծագործական կյանքը իր հասարակական կյանքի շարունակությունն էր։ Սոս Սարգսյանը ըստ արժանվույնս սիրված ու մեծարված էր ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլ նաև Սփյուռքում։

Թատերագետ Լևոն Հախվերդյանն իր հոդվածներից մեկում գրում է. «Ես գիտեմ, ինքս եմ վկա, որ Հալեպում շատ երիտասարդներ Սոսի անունով են երդվում։ Ղարաբաղում` նույնպես։ Այն էլ գիտեմ, որ Սփյուռքից երեխաներ են բերում Էջմիածին մկրտության՝ պայմանով, որ կնաքհայրը Սոսը լինի։ Ամենքը գիտեն նրա անաղմուկ մասնակցությունը ղարաբաղյան շարժմանը, նրա անունով նույնիսկ հաշիվ է բացված։ Գիտեն նաև, որ նա գիշերը ցերեկ է դարձնում ազգային մեծադժվար հոգսերը թեթևացնելու համար։ Եվ զարմանալի է` ինչպես է դիմանում։ Մի խոսքով` համազգային դեմք։ Եվ ո՞ր նշանաբանով։ Այն նշանաբանով, որ պատգամել է բանաստեղծը. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է»։ Վերին ճշմարտության և մարդասիրության վրա հենված այդ նշանաբանի զինվորն է Սոս Սարգսյանը։ Ե՛վ արվեստով, և՛ խոսքով, և՛ գործով ու վարքով, և՛ գրչով»։

Սոս Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Ձեզ ենք ներկայացնում սիրված դերասանի հուշերից մի պատմություն, որն այսօր այնքան արդիական է ու այնքան ուսուցանող։

Սոս Սարգսյանը գրում է.

«Տարիներ առաջ, երբ դեռ ապրում էի Կոնդի կավաշեն քոլիկներից մեկում, հայրս Ստեփանավանից եկավ Երևան։ Ճաշեցինք, հանգստացավ մի քիչ ու սկսեց իմ տան պուճախները «խուզարկել»։ Ասացի` «Էդ ի՞նչ ես փնտրում»։
- Տեսնեմ հլա զենք ունե՞ս տանդ։
- Չէ, չունեմ, - ասացի։
- Բա ո՞նց կլինի... Ախր հայ մարդը տանը մի բան պիտի ունենա, մի կացնից-մացնից գոնե...
- Չէ, չկա։
- Ուրեմն` կյանքը քեզ բան չի՞ սովորեցնում, մոռացա՞նք, թե մեր գլխին ինչ օյին բերին։ ԷԷԷ՛...,- խոժոռվեց ու դժգոհեց հայրս։ - Զենք բանեցնել սովորեք...

Ինչպես եղավ, իմ ընկեր Հրաչ Գոգինյանի հետ գնացինք Արտաշատ ու ընկանք Վազգեն Սարգսյանի գյուղը։ Գոգինյանը Վազգենի հոր` Զավենի հետ ընկերություն էր անում։ Շատ լավ մարդ է Զավենը` մեծահոգի, ազնիվ, բարի։ Շատ սիրեցի, ու հիմա էլ երբեմն հանդիպում ենք` Վլադիմիր Մովսիսյանի հետ։ Ուրեմն` հորս հետ կապված էս պատմությունը իրենց տանը պատմեցի։ Վազգենն էն ժամանակ դեռ շատ երիտասարդ էր...

Անցան տարիներ, Վազգենը դարձավ մեր Սպարապետը (էդ կոչումը ժողովուրդը տվեց նրան) ու մի հանդիպման ժամանակ մտաբերեց էս պատմությունը։ Ասաց. «Շատ մեծ տպավորություն թողեց պատմածդ, պինդ պահել էի մտքումս, հայրդ իմաստուն մարդ էր, այո` զենք, զենք, զենք...»։

Ինչ ասում եմ բոլորի հետ էլ պատահած կլինի. բնության գրկում քեֆի ժամանակ հանկարծ մի բան է պետք լինում կտրել, յոթ-ութ տղամարդ, ու ոչ մեկի ձեռքին մի քոռ դանակ էլ չի լինում։ Սովորաբար բոլորը ծիծաղում են ու ասում խնդալով`
- Հիմի մի թուրք լիներ մեր մեջ... Իհարկե՛։

Հայ մարդը, ինչ մասնագիտության տեր էլ լինի, զենքի լեզուն պիտի իմանա, նրա բանեցնելու կերպը պիտի անգիր արած լինի։ Եվրոպաներում չենք ապրում, չնայած հլա էնտեղ էլ նրա շահին կպիր, նրա կյանքին սպառնա, տես, թե ինչ կանի...»։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
13:26 «Մարտի 1»-ի համար պատասխան տվողը Փաշինյանը պիտի լինի, բայց վրեն չի վերցնում. հարցում