Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:37 23-12-2022

Նիկոլը իշխանության գալու առաջին իսկ օրվանից գրեթե անդադար ճգնաժամեր է գեներացնում․ Կարեն Վրթանեսյան

«2018-ի հեղաշրջումից հետո կատակ կար. «Նախկին ընդդիմությունն այդպես էլ չդառավ իշխանություն, իսկ նախկին իշխանությունը՝ ընդդիմություն»։

Դիպուկ կատակ էր, որովհետև Նիկոլը շարունակում էր ընդդիմադիր գործիքակազմով աշխատել (օրինակ՝ դատարանները շրջափակել, երթեր ու լայվեր անել, պետությունը քննադատել ևն), իսկ այս կամ այն հարցում պետական շահի մասին ավելի շատ խոսում էին հատուկենտ ու ցաքուցրիվ ընդդիմադիրները»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Այս կատակը, այնուամենայնիվ, շատ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։

Տեսե՛ք... Նիկոլը՝ գալով իշխանության, տիրապետում էր միայն ընդդիմադիր գործիքակազմի, և հենվում էր արևմտյան երկրների դեսպանատների աճեցրած «քաղհասարակության» ենթակառուցվածքի վրա։ Պետական համակարգերը՝ Հ1-ից մինչև դատարաններ, բյուրոկրատիայից մինչև ուժայիններ, դեռևս կուրորեն չէին ծառայում իրեն։

Ըստ այդմ նա՝ շարունակելով հենվել ընդդիմադիր գործիքակազմի ու ենթակառուցվածքի վրա («մնալով ընդդիմադիր», այսպես ասած), կենտրոնացավ պետական համակարգը քայլ առ քայլ զավթելու և դրանք իր անձնական շահերին ծառայեցնելու վրա։

Պետական ապարատը լիովին զավթելուն Նիկոլին շատ օգնեց պատերազմի և պարտության շոկը։ Սա եզակի շանս էր անձամբ իր համար անցանկալի և անհուսալի կադրերից և համակարգերից արագ ազատվելու համար։

Այսօր ակնհայտ է, որ Նիկոլը պետական համակարգին ամբողջությամբ լծել է իր անձնական շահերը սպասարկելու գործին։ Այսպիսով Նիկոլն ի վերջո դարձավ իշխանություն (թեպետ և հակազգային, բայց իշխանություն)։
* * *
Իրավիճակը լրիվ այլ էր հակառակ ճամբարում. նախկին իշխանությունների ներկայացուցիչները 2018-ի հարվածներից հետո 2,5 տարի դանդաղ ուշքի էին գալիս։ Ճնշող մեծամասնությունը՝ չհասկանալով, թե ինչով է զբաղված Նիկոլը, համարում էին նրան անօգնական, ապիկար, տգետ, բայց շատ բախտավոր մի Քաջ Նազար։

Ամենակարևորը՝ Նիկոլը ապուշ ձևանալով, ամենասկզբից կարողացավ համոզել ընդդիմության բոլոր ճամբարներին, որ այս ամենը երկար չի տևելու։ Եւ ընդդիմությունը՝ սպասելով, որ «էս հիմարը էսա քցելու է ոտքին», օրերը գլորում էր Նիկոլի և նիկոլականների հերթական ապուշությունը ծամծմելով ու ծաղրելով։ Նիկոլն էլ իր հերթին ամեն ինչ անում էր, որ հանրությունը հիմարություններով զբաղված լինելու նյութ միշտ ունենա։

Ըստ էության՝ մսխելով այն ժամանակը, որը պետք էր ծախսել ինդդիմադիր ինստիտուտներ, ենթակառուցվածքներ կառուցելու համար. իրավապաշտպան ՀԿ-ներից մինչև քաղաքական ակտիվիզմի դպրոցներ, վերլուծական կենտրոններից մինչև կուսակցական և ոչ կուսակցական խմբերի ցանցեր ամբողջ Հայաստանում։

Սակայն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո էլ այդ աշխատանքը նույնպես չարվեց, որովհետև չնայած հանրության զգալի մասը վերջապես հասկացավ, որ Նիկոլն աղետ է, բայց նույնիսկ ընդդիմությունից շատերը շարունակում էին ընկալել Նիկոլին՝ որպես ապուշ և ապիկար անհաջողակ։ Ու շարունակում էին վստահ լինել, որ այսքան աղետ բերելուց հետո նրան վռնդելը օրերի հարց է։
«Նիկոլի դեմ պայքարը համակարգված պիտի լինի», — ասում էի ես բազմաթիվ քննարկումների ժամանակ։

«Կար, ճիշտ ես ասում, բայց քո ասածի համար ժամանակ է պետք, իսկ ժամանակ հիմա չկա», — գիտե՞ք քանի անգամ եմ սա լսել 2020-ի նոյեմբերին ու դեկտեմբերին, 2021-ի փետրվարին, մայիսին, հունիսին, հուլիսին, նոյեմբերին, 2022-ի հունվարին, մարտին, ապրիլին, մայիսին, հունիսին...

Մի կարևոր հանգամանք էլ. Նիկոլը իշխանության գալու առաջին իսկ օրվանից գրեթե անդադար ճգնաժամեր է գեներացնում։ Սա պատահականություն չէ, այլ բռնապետներին բնորոշ՝ մասնագիտական գրականության մեջ նկարագրված գործելակերպ։ Ուշադրություն դարձրեք՝ 2018-ից այս կողմ Հայաստանում ոչ մի լուրջ ընտրություն իր ժամկետին չի արվել, միշտ արտահերթով, միշտ բոլորին իրար խառնելով։

Կրկնեմ. սա հատուկ է արվում, որպեսզի ազգային որևէ ուժ երբեք ժամանակ չունենա մի պահ օրվա ղալմաղալներից դուրս գալու, մտածելու, վերլուծելու և ռազմավարական որոշումներ կայացնելու։

Բայց «ազգակործան պատուհասին» և իր հետևում կանգնած ուժերին դիմադրելն անհնարին է առանց դիմադրության համակարգեր / ենթակառուցվածքներ / ինստիտուտներ ստեղծելու։
Որովհետև համակարգված հակաՀայաստանին միայն համակարգված պայքարով է հնարավոր հաղթել»,- գրել է նա։