Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:06 23-12-2022

ԱՊՊԱ-ներն անարդար են խաղում․ քաղաքացուն վճարվել է 610 հազար դրամ, մինչդեռ փաստացի վնասը 1 մլն 700 հազար դրամի է

ragir.News-ն ահազանգեր է ստանում ապահովագրական ընկերությունների աշխատանքի հետ կապված։ Մեզ դիմած քաղաքացիներից մեկը՝ Արմինե Մարտիրոսյանը, պատմեց, որ վթարի տուժող կողմն է, սակայն մեղավոր կողմը ԱՊՊԱ չի ունեցել։ Իր ապահովագրական ընկերությունը՝ «Նաիրի ինշուրանսը», վնասի չափը գնահատել է 610 000 դրամ, մինչդեռ փաստացի վնասը 1 մլն 700 հազար դրամ է։

«Մեղավոր կողմի հետ անձական շփումների ընթացքում պատահաբար պարզել ենք, որ իրենց ներկայացրել են 1 մլն 200 հազար դրամի հաշիվ»։

Նա ընդգծեց, որ ապահովագրականը վնասը գնահատել է բացառապես նկարներով, ոչ մի անգամ մեքենայի զննություն չի իրականացրել։

«Որևէ հիմնավորում ապահովագականը չի ներկայացրել։ Բացվածքը հաշվարկի ուղարկել են հարցումից հետո։ Մեքենայի ձախ շարժական մասն ամբողջությամբ վնասված է, ոչ մի շարժական մասի դետալ ներառված չէ։ Այսինքն, կոսմետիկ վնասն են հաշվել, բայց օրինակ, անիվը ամբողջությամբ մեջտեղից պատռված է, ամորտիզատորը և շարժական գրեթե բոլոր դետալները վնասված են, բայց դրանք հաշվարկի մեջ որևէ կերպ ներառված չեն։ Հաշվարկներում ակնհայտ է, որ թվաբանորեն սխալ է հաշվարկված, անգամ հանրագումարում, եթե իրենց գրածով հաշվում ենք՝ էլի 610 000 չի ստացվում։ Օրինակ, որևէ դետալի գին հաշվում են 8000 դրամ՝ 1 միավոր, բայց ընդամնեը կազմել է 0 դրամ, կամ, օրինակ, դետալի գին են ներառել 17 հազար դրամ՝ 1 հատ, բայց հանրագումարը կազմել է 30 հազար դրամ։ Այնպիսի անգրագետ հաշվարկներ են կազմված, առանց հիմնավորումներին, կամայական թիվ է նշել, ու հատուցված գումարից կրկնակի ավելի գումար է պահանջվել մեղավոր կողմին»։

Նա տեղեկացրեց, որ դիմել են Ֆինանսական հաշտարարի գրասենյակ, բայց անգամ հայտարարը մեղավորն նեկայացված կրկնակի հաշիվի վերաբերյալ պատասխանել է, որ այդ հարցը մեզ չի վերաբերվում։

«Ասացին, թե ապահովագրականը կամ բյուրոն ինչ կանեն մեղավոր վարորդի հետ, մեր գործը չէ։ Ստացվում է, որ ապահովագրական բացելը ոչ մի կերպ չի վերահսկվում, և կարելի է մարդկանց օրինական թալանել, ու ոչ ոք չի հետևելու, որ մարդկանց անհիմն հաշիվներ չներկայացվեն։ Եթե պետությունը պարտադրում է ապահովագրությունը, ապա պետք է նաև նորմալ վերահսկողություն լինի ապահովագրական ընկերությունների նկատմամբ, հակառակ դեպքում՝ քաոսի է վերածվում և անարխիայի։ Ստացվում է, որ ապահովագրականը իր հայեցողությամբ ինչ գումար կուզի, կգանձի»։

Նա նաև նշեց, որ եթե հաշտարարի գրասենյակի օգնությամբ հնարավոր լինի հասնել գոնե 1,5 մլն դրամի հատուցման, թերևս տարբերությունն կվճարեն ու մեքենան կվերանորոգեն, հակառակ դեպքում, միանշանակ դատարան են դիմելու։

Իրավաբան Մհեր Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ԱՊՊԱ-ների հետ խնդիրները բազմաթիվ են ու բազմազան։

«ԱՊՊԱ-ները շատ անարդար են խաղում և ամեն ինչ անում են, որ քիչ գումար վճարեն և եթե հնարավորություն կա, շատ գանձեն։ Իրականում ԱՊՊԱ-ն շատ լավ գաղափար է, բայց շատ մանրուքներում այն փորձում են, ոչ միայն արժեզրկել, այլև վատը դարձնել։ Ընկերությունները մաքսիմալ այնպես են արել, որ մանրուքներում վարորդները տուժեն և շահեն ընկերությունները։ Արդյունքում, վնասը ակնհայտ ցածր են գնահատում։ Ես դեպքեր գիտեմ, որ օրինակ, մարդը հաշվեհամար չի ունենում՝ չի կարողանում գումարը վերցնել, կամ արգելանք է ունենում՝ գումարը գնում է արգելանքին»։

Հարցին, թե դաշտը որքանով է վերահսկվում, իրավաբանն ասաց, որ կա բյուրո, որը վերահսկում է և կոորդինացնում է ապահովագրական ընկերությունների գործունեությունը, մինչդեռ ոլորտը վերահսկելու համար ստեղծված է բյուրոն իրականում համագործակցում է ընկերությունների հետ, որի արդյունքում տուժում են վարորդները։

«Հաճախ մինչև 100 հազար դրամին չարաշահումները այդպես էլ չեն վիճարկվում, որովհետև մեր երկրում իրավաբանությունը թանկ հաճույք է, եթե իրավաբանի ծառայությունները սկսվում են 100-150 հազար դրամից, բայց վնասը կազմում է 60 հազար դրամ, մարդն անիմաստ է համարում նման վեճի մեջ մտնել, հատկապես, որ մարդը կարող է չհաղթել գործընթացքում։ Մյուս կողմից էլ դատարաններում իրավաբանների գումարը բավական ցածր են գրում։ Այսինքն, օրինակ, եթե ինձ մարդը դիմում, ասում է՝ 30 000 դրամի վեճ ունեմ՝ ես մարդուն պարտավոր եմ ու պարզաբանում եմ, որ ինձ պետք է 150 հազար գումար վճարի, բայց արդյունքը ես չեմ կարող երաշխավորել։ Միաժանմանակ, դատարանները ցածր են պահում իրավաբանի գումարը, այսինքն, իրավաբանի ծառայությունների շուկայան արժեքը և դատարանի կողմից գրվածը արժեքը միմյանցից տարբեր են։ Սրա արդյունքում մարդը հաճախ մնում է առանց իրավաբանական աջակցության, մինչդեռ ԱՊՊԱ-ները կայացած կառույցներ են, որ ունեն իրենց իրավաբաններն ու իրենց համար հայց գրելը ու դատարան դիմելը մեծ խնդիր չէ»։

Իրավաբան նաև ընդգծեց, որ բազմաթիվ վարորդներ տարիներ շարունակ ԱՊՊԱ վճարումներ են կատարում, բայց երբեք առիթ չեն ունենում դիմելու այդ ընկերություններին։

«Նորմալ երկրներում այդ վարորդների համար գործում են բոնուսային համակարգեր, բայց մեր երկրում եթե այդ բոնուսները կան, ապա դրանք չափազանց աննշան նվազեցնում, օրինակ, տարեկան 1000 դրամ կարող է այս զեղչը լինել։ Փոխարենը, եթե մեկ անգամ առիթ է լինում դիմելու, գումարը կտրուկ բարձրանում է։ Այսինքն, ցանկացած իրավիճակում փոփոխությունները ի վնաս վարորդների են, իսկ քաղաքացին հաճախ մնում է անպաշտպան՝ բոլոր մանրուքներում»։

Հակոբյանը նաև նշեց, որ նման իրավիճակներում հաճախ լուծումը հենց ֆինանսական հաշտարարի գրասենյակին դիմելը կարող է լինել, այդ դեպքում, եթե ոչ ամբողջությամբ, բայց մեծապես խնդիրները լուծվում են։

Պարզաբանում ստանալու համար մենք նաև դիմեցինք «Նաիրի» ապահովագրական ընկերությանը։ Մեզ առաջարկեցին գրավոր ընթացակարգով դիմել։