Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:20 22-12-2022

Ստամբուլի քաղաքապետը նշել է, որ Էրդողանի համար մղձավանջ է դարձել

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ժամկետով ազատազրկման և քաղաքական գործունեության արգելքի, լրագրողների հետ զրույցում գնահատականներ է տվել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է թուրքական Haberler.com լրատվականը, Իմամօղլուն ասել է, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վեցնյակը չի ընկել Էրդողանի լարած ծուղակը։

Էքրեմ Իմամօղլուն ընդգծել է, որ ինքը Թուրքիայի նախագահի համար մղձավանջ է դարձել։ «Ես կարծում էի, որ նա երազում տեսնում է ինձ, բայց այս պահից սկսած ես նրա համար մղձավանջի վերածվեցի»,- հայտարարել է նա։

Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ ժողովրդավարության դեմ իրականացված ցանկացած միջամտություն փակում է Թուրքիայի առաջընթացի ճանապարհը։ Նա միևնույն շեշտել է նման միջամտությունները խափանելու անհրաժեշտությունը։

Իմամօղլուն այս համատեքստում հիշեցրել է նաև, որ այսպիսի հակաիրավական որոշումների արդյունքում մի շարք գործիչներ՝ այդ թվում նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը բանտարկված են, և նրանց ընտանիքները գտնվում են վատ վիճակում։

Ստամբուլի քաղաքապետն անդրադարձել է նաև 2019 թվականին տեղի ունեցած տեղական տեղական ինքնակառավարման մարմինների կրկնակի ընտրություններին։ Նա նշել է, որ երկրի իշխանությունները չէին ցանկանում հաստատել քվեարկության արդյունքները, սակայն երկրորդ փուլով նա 806 հազար ավել ձայն ստացավ։

Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականին տված հարցազրույցում Էքրեմ Իմամօղլուն ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ Էրդողանին անհանգստացնում է այն զգացումը, որ ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է ողջ Թուրքիայում։ (Այս հայտարարությունը ժամանակին արել էր Էրդողանը, ով իր քաղաքական գործունեությունը մեկնարկել էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից-խմբ.)

«Այդ վախի պատճառով գլխավոր դերակատարը դավադրության ու շանտաժի զգացումներով փորձում է վերացնել այն մարդկանց, ում տեսնում է։ Նա մոռանում է, որ ես սև ծովային եմ, ով զարմանալիորեն համարձակ է և մի քանի անգամ ավելի տաղանդավոր, քան իրենց»,- ասել է Իմամօղլուն։

Իմամօղլուն միևնույն ժամանակ Էրդողանին խորհուրդ է տվել դաշտը «քաջությամբ ձևավորել» հետագա պայքարի համար։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցներից և վերջինիս հաղթելու բարձր շանսեր ունեցող թեկնածուներից մեկն է, նախօրեին դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման։ Միևնույն ժամանակ Իմամօղլուի նկատմամբ որոշում է կայացվել կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքական գործունեության արգելք՝ 5 տարի ժամկետով։

Նշենք, որ համաձայն Թուրքիայում իրականացված մի շարք սոցհարցումների արդյունքների՝ Ստամբուլի քաղաքապետը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսեր ունեցող գործիչներից մեկն է։

Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրությունների արդյունքում։ Առաջին ընտրությունները կայացել էին նույն թվականի մարտի 31-ին, որում կրկին նա հաղթել էր Էրդողանի կուսակցության ներկայացուցչին, սակայն ձայների չնչին տարբերությամբ, որից հետո ընտրությունները չեղարկվել և կրկնակի ընտրություններ էին նշանակվել։ Հունիսին կայացած կրկնակի ընտրություններում Իմամօղլուն գերազանցեց իր մրցակցին ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ։

Ամենից շատ դիտված