Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները, որում վերջինս կրկին Իրանին մեղադրել էր՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Քանանին ասել է, որ Իրանի ռազմավարական համբերությունը կարող է սպառվել նման անհիմն մեղադրանքների առնչությամբ:
Քանանին դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի նախագահի կողմից հնչեցված մեղադրանքներն ու անպարկեշտ հայտարարությունները Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ։ Նա նշել է, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս պատասխանել է ռուս-ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ ուկրաինական իշխանությունների մեղադրանքներին։
Վերջինս ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական տեխնիկա չի տրամադրել ուկրաինական պատերազմին ներգրավված կողմերից որևէ մեկին։
«Մենք միշտ հարգել ենք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և պարոն Զելենսկին պետք է իմանա, որ Իրանի ռազմավարական համբերությունը կարող է սպառվել նման չհիմնավորված մեղադրանքների առնչությամբ։ Պարոն Զելենսկին ավելի լավ է դասեր քաղի որոշ երկրների առաջնորդների ճակատագրից, որոնք գոհ էին Միացյալ Նահանգների աջակցությունից»,- ասել է Քանանին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով այսօր ժամանել էր Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Ուկրաինային լրացուցիչ օգնություն ապահովելու համար, Կոնգրեսում իր ելույթի ժամանակ քննադատել է Իրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերված աջակցությունը։