Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:28 21-12-2022

ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգծվեց Բերձորի միջանցքի փակմամբ հումանիտար աղետի խորացումը և դրանում Ադրբեջանի պատասխանատվությունը

Արցախի իննօրյա շրջափակման խնդիրը քննարկելու օրակարգով երեկ՝ դեկտեմբերի 20-ին հրավիրված էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Այստեղ քննարկվեց Բերձորի միջանցքի փակման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ արեց քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Բերձորի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել միջանցքում: ԱԽ-ի մշտական անդամները և մյուս անդամ երկրները կոչ արեցին բացել միջանցքը։ Ամեն երկրի ներկայացուցիչ իր ելույթում ընդգծեց խնդրի այն կողմերը, որ արտացոլում էին ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ իր վերաբերմունքը։

Նախ, փաստենք, չկային ելույթներ, որոնցում խնդիրը կդիտարկվեր Արդբեջանի ներկայացրած «բնապահպանական» կամ «իրենց երկրի ներքին հարց» տեսանկյունից․ ՄԱԿ-ի ԱԽ-ում բոլորը Բերձորի միջանցքի հարցը դիտարկեցին՝ որպես Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի մաս՝ իրենց խոսքում ոմանք այդ համատեքստում դրեցին նաև սեպտեմբերյան հարձակումն ու ռազմական գործողությունները։

Ադրբեջանի ներկայացուցիչը բողոքեց այդ մոտեցման դեմ, երկար-բարակ խոսեց գործընկերների կողմից «Nagorno Karabakh՝ Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործման «անթույլատրելիության» մասին, պահանջեց հարգել Ադրբեջանի «վարչական» բաժանման տոպոնիմը, սակայն արձագանք չստացավ․ Արցախը Nagorno Karabakh կոչեցին Ֆրանսիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բրազիլիան։

Մյուս կողմից ելույթներում հնչում էր «տարածքային ամբողջականության» կարևորությունը, իսկ «ազգերի ինքնորոշման իրավունքի» մասին խոսք չեղավ։ Բոլոր ելույթներում ընդգծվեց ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու անթույլատրելիության մասին՝ նշվեց, որ հույս ունեն՝ այս ամենը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով։

ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը ողջունեց հանգամանքը, որ Բերձորի միջանցքի փակման հարցը քննարկման է դրվել Անվտանգության խորհրդում․ «Միջազգային հանրությունը չի կարող սպասել, թե այս փոթորկահույզ իրավիճակն ինքնին կանհետանա, կվերանա։ Մենք ողջունում ենք միջնորդական ջանքերը տարածաշրջանում, ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված բանակցությունների խորացմանը»։

«Մենք կսատարենք բոլոր քննարկվող թեմաների ուղղությամբ առաջընթացին՝ հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի ուղղությամբ, սահմանագծման, սահմանազատման ուղղությամբ և հաղորդակցության ուղիները բացելու և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասաց Ֆրանսիայի ներկայացուցիչը։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հանձնառությունն է ապահովել ազատ տեղաշարժն ու բեռնափոխադրումը Բերձորի միջանցքով։

Ֆրանսիան, Նորվեգիան, Իռլանդիան, Բրազիլիան, Մեքսիկան, Գանան, Գաբոնը, Հնդկաստանը հղում արեցին նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ որոշ դեպքերում ձևակերպելով «բոլոր ստորագրված թղթերը» կամ «բոլոր եռակողմ թղթերը»:

Միացյալ Թագավորությունը «եռակողմ հայտարարություն» չհիշատակեց, նրա հղումը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին էր։

Կարող ենք նկատել, որ գրեթե բոլոր երկրները Ռուսաստանին ընդունեցին՝ որպես միջնորդ, ու եռակողմ պայմանավորությունները՝ խաղաղ կարգավորման հիմք: Ուկրաինայի վրա հարձակումից հետո ՌԴ-ի նկատմամբ այս վերաբերմունքի դրսևորումը, նշենք, բացառիկ էր։

«Բնապահպանական» փոքրիկ բաղադրիչ կար Ալբանիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթներում․ նշեցին, որ երկու կողմերը պիտի խոսեն այդ հարցի մասին, գան ընդհանուր եզրահանգման: ՌԴ-ն էլ ասաց, որ հիմա քննարկվում է, թե ադրբեջանցիները ինչպես կարող են մուտք ունենալ հանքերի տարածք․ նաև ընդգծեց, որ մոտ ժամանակներս Բերձորի միջացքով երթևեկությունը կվերականգնվի։ ՌԴ-ի ելույթի հաջորդ անցանկալի տարրը Ադրբեջանի համար հերթական ստի բացահայտումն էր․ նշվեց, որ գազամատակարարումը վերականգնվել է «ՌԴ-ի աշխատանքի արդյունքում», ինչը ակնարկ էր, որ երկնագույն վառելիքի մատակարարման խաթարումը եղանակային պատճառներով կամ ինչ-որ վթարի հետևանք չէր, այլ՝ Ադրբեջանի որոշումը։

Չինաստանը գնահատեց ռուսների միջնորդությունը՝ նշելով, որ այդպես պետք է շարունակել։ Դիվանագիտական չեզոքությամբ՝ Չինաստանն Ադրբեջանին որևէ կոչ չարեց, ինչն ընդգծում է Հայաստանից զուսպ դժգոհություն (մենք միացած ենք հակաչինական Ալիանսին)։

Իսկ ԱՄՆ-ն կոչ արեց Ադրբեջանին և «այլ պատասխանատու կողմերին» (առանց Ռուսաստանի անունը տալու) բացել միջանցքը: Իր ելույթում ընդգծեց Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների կարևորությունը՝ այսինքն, հարաբերություններ առանց ՌԴ միջնորդության։

Իռլանդիան շատ հստակ կոչ արեց Ադրբեջանին առանց նախապայմանների բացել միջանցքը: Մեքսիկան, Գանան և Գաբոնը, Քենիան, Ալբանիան, Արաբական Միացյալ էմիրությունները ու Հնդկաստանը նշեցին, որ իրավիճակն անհանգստացնում է իրենց։

Ամփոփելով փաստենք, որ հնչած հայտարարություններն առավել հայկական կողմին էին սատարում՝ կոչ անելով Ադրբեջանին վերացնել հումանիտար ճգնաժամի հասցնող խնդիրը։ Ուղիղ նշվում էր ռազմական ճանապարհով խնդրի լուծման անթույլատրելիություն, ՌԴ-ի միջնորդական առաքելությունը կարևորվում էր։

Դիվանագիտական այս ճնշման գործիքը կաշխատի՞, թե՞ ամեն դեպքում անհրաժեշտություն կլինի կիրառել նաև իրական պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ կտեսնենք, ինչպես ասաց ՌԴ ներկայացուցիչը «մոտ ժամանակներս»։ Սակայն Բերձորի միջանցքի փակումը Ադրբեջանի ձեռքին շարունակելու է մնալ իրական գործիք՝ դամոկլյան սրի պես կախված մեր բաց գլխին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի