Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:30 17-12-2022

Սալվադոր Դալին ու իր սիրելի գիշատիչը

Աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալին մի շարք լուսանկարներում պատկերված է փափկամազ մի արարածի հետ, որը գեղեցիկ օցելոտ էր` կատվազգիների ընտանիքի կաթնասուն։ Նկարիչի սիրելի այս գիշատիչը հայտնի էր Բաբու անունով։



Իրականում Դալին Բաբուին գնել էր` իր հերթական խենթությունն իրագործելու նպատակով։ Տարօրինակություններով աչքի ընկնող նկարիչը օցելոտի ձագուկին գիշերը գաղտնի բաց էր թողել իր քարտուղար Ջոն Փիթեր Մուրի սենյակում։

Քարտուղարը, որ հայտնի էր Կապիտան մականունով, անշուշտ, զարմացավ, երբ սառած կատվի ձագը գիշերը սողաց նրա անկողին։ Քարտուղարն ավելի ուշ պարզեց, որ դա սովորական փիսիկ չէ, այլ օցելոտի ձագ` մի վայրի կատու, որը բավականին վտանգավոր գիշատիչ է:

Բայց նա, ով արդեն տասներկու տարի աշխատում էր Դալիի մոտ, իր հետ կատարվածին վերաբերվեց հանգիստ ու ժպտադեմ։ Նա արագ ընդհանուր լեզու գտավ կատվի ձագի հետ, կերակրեց նրան դելիկատեսներով, սիրեց ու տաքացրեց իր գրկում։ Հետո` հաջորդ օրերին, նա Դալիի ներկայությամբ ձևացնում էր, թե ոչ մի արտառոց բան չի պատահել։



Դալին տանջվում էր հետաքրքրասիրությունից: Չէ՞ որ ինքն իր կատակը մտածել էր` քարտուղարին հունից հանելու համար։ Նա սպասում էր բուռն արձագանքի, իսկ Կապիտանը լուռ էր։ Դալին ևս մի քանի օցելոտ գնեց ու ուղարկեց քարտուղարին։ Վերջինս հիացած իր նվերներով` շրջում էր նրանց հետ։ Քանի որ նկարիչն ու քարտուղարը մտերիմներ էին` օցելոտները հայտնվեցին նաև Դալիի շուրջ և գրավեցին նկարչի ուշադրությունը իրենց գեղեցկությամբ ու կատվային սեթևեթանքով։

Դալիի կատակը վերածվեց օցելոտների հանդեպ մեծ սիրո։ Նա սկսեց ամեն տեղ այցելել Բաբուի ուղեկցությամբ։ Գիշատիչ այս կատվիկին Դալին սիրում ու փայփայում էր փոքրիկ արքայազնի պես։ Նա սնվում էր լավագույն կերակրատեսակներով, տիրոջ հետ ճամփորդում էր միայն առաջին կարգով, իսկ սպասավորները այս բախտավոր փափկամազին ամեն առավոտ թարմ վարդ էին նվիրում։ Մի անգամ Դալին Բաբուին տարավ Մանհեթենի շքեղ ու թանկ ռեստորաններից մեկը և նրան կապեց իր սեղանի ոտքին։ Սա ակնթարթային բուռն տագնապ առաջացրեց ռեստորանի մյուս այցելուների մոտ:



Կողքի սեղանի շուրջ նստած կինը հիստերիայի մեջ էր, գունատվել էր ու արդեն ուշաթափվում էր վախից, երբ Դալին որոշեց հանգստացնել տիկնոջը։ Եվ նրան պատմեց, որ Բաբուն ամենասովորական մի կատու է, պարզապես ինքն իր սիրելի կենդանուն նկարազարդել է օպ-արտ ոճով և արդյունքում սովորական կատուն նմանվել է փոքր ընձառյուծի։

Բաբուն մասնակցում էր նաև Դալիի ստեղծագործական աշխատանքին և բիզնեսին։ Նա մի անգամ նույնիսկ օգնեց մեծ սյուրռեալիստին` եկամտաբեր պայմանագիր կնքել։ Մի օր Դալին, Կապիտանն ու Բաբուն այցելեցին պարոն Լուկասի տպարանը, որտեղից Դալին որոշ գրավյուրաներ գնեց։

Հաջորդ օրը տպարանի բարկացած տերը Դալիի մոտ եկավ մի փաթեթով, որը բուրում էր սուր ու տհաճ հոտով... Պարզվեց, որ Բաբուն հասցրել է իր կարիքները հոգալ պարոն Լուկասի հավաքածուի հին փորագրանկարների վրա։ Կապիտանը ստիպված էր Լուկասին չորս հազար դոլար տալ` պատճառված վնասի դիմաց։ Մի քանի ժամ անց, սակայն, Կապիտանին այցելեց տիկին Լուկասը և ասաց. «Կարելի՞ է Դալիին խնդրել, որ չեկի փոխարեն իր վիմագրություններից մեկը տպագրի մեր տպարանում»։

Դալին համաձայնեց, և սա դարձավ Լուկաս ամուսինների հետ նրա երկարամյա ու եկամտաբեր համագործակցության սկիզբը: Հենց այսպես օցելոտ Բաբուն Դալիին հնարավորություն տվեց մի ամբողջ կարողություն ձեռք բերել։

Նաիրա Եղիազարյան