Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:55 17-12-2022

Արևմուտքից ստացվող արձագանքների մեծ մասը հենց Հայ Դատի գրասենյակների աշխատանքների արդյունքն է․ ՀՅԴ անդամ

ՀՅԴ սփյուռքի կառույցներն այց օրերին ակտիվ աշխատանքներ են կատարում՝ արտերկրում բարձրացնելու Արցախում ստեղծված խնդիրը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Արցախի շրջափակման հաջորդ օրը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մի քանի կարևոր ուղղություններով աշխատանք է պետք իրականացնել․ միջազգային կազմակերպությունների դիմաց ցույցեր, իսկ Սփյուռքում ցույցեր՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների կամ ներկայացուցչությունների մոտ»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այդպիսի առաջին ցույցն արդեն իսկ իրականացվել է երեկ՝ ԱՄՆ-ում։ «Սփյուռքի մեր բոլոր կառույցները, ինչպես երիտասարդական, ուսանողական, կուսակցական, այնպես էլ Հայ Դատի գրասենյակները մոբիլիզացված են և այս ուղղություններով, բնականաբար, աշխատում են։ Հսկայական աշխատանք են իրականացնում Եվրոպայում, ԱՄՆ-ում գործող Հայ Դատի գրասենյակները, որոնք կարողանում են հաջողություններ գրանցել Ադրբեջանի քայլերը դատապարտող հակտարարություններ ստանալու ուղղությամբ։ Ինչպես այս օրերին, այնպես էլ առաջիկայում այդ գործողությունները շարունակական են լինելու»,- ասաց Վարդանյանը։

Բացի այդ, Քրիստինե Վարդանյանի խոսքով, Հայ Դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում նաև այս հարցը Եվրապական խորհրդարանի օրակարգ մտցնելու ուղղությամբ։ «Աշխատանքներ են տարվում, որպեսզի տարբեր կազմակերպություններ ու հասարակական-քաղաքական ուժեր հանդես գան Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով։ Այս առումով նաև Արևմուտքից ստացվող արձագանքների մեծ մասի հետևում կանգնած են հենց Հայ Դատի գրասենյակների աշխատանքները»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը նաև հայտնեց, որ գործողություններ տարվում են նաև հումանիտար ուղղություններում։

«Դաշնակցույան քույր կառույցը՝ ՀՕՄ-ը, արդեն վաղուց՝ դեռևս մի քանի ամիս առաջ, մեկնարկել է մի նախաձեռնություն՝ ուղղված նրան, որպեսզի Արցախի բնակիչներն անկախ լինեն այսպիսի հանգամանքներից։ Դրամահավաքի նախաձեռնություն էր իրականացվել, որով արևային պանելների էր տեղադրել 75 ընտանիքի համար։ Հիմա այդ ընտանիքները, օրինակ, ավելի քիչ են ազդված այս իրադարձություններից»,-արձանագրեց պատգամավորը։

Իր խոսքով՝ նախաձեռնությունն այժմ էլ վերսկսված է և ճանապարհների վերաբացվելուց հետո նախատեսվում է ևս մի շարք ընտանիքների մատակարարել արևային պանելներ։