Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:06 16-12-2022

Գարո Փայլանը դիմել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստանի և Ադրբեջանի մեջև վերջին լարվածության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մամուլի ասուլիս է հրավիրել։ Փայլանը նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կրկին թեժանում է՝ հիշեցնելով, որ 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում կարգավորման հույսը մեծացել է, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ են եղել, Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը գնում է դրական ուղղությամբ։

Փայլանն ափսոսանք է հայտնել, որ վերջին շաբաթներին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում է, և նույնիսկ բախման վտանգ կա։ Նրա խոսքով՝ Արցախի և Ադրբեջանի միջև բանակցությունները դրական ուղղությամբ չեն ընթանում։

Վերջինս նշել է,որ Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները «ձեռնտու են միայն Ռուսաստանին և միջազգային հայտնի ուժերին»։ Նա շեշտել է, որ կա միայն մեկ երկիր, որը չի վայելում լարվածությունը, բախումների վտանգը, և այդ երկիրը Թուրքիան է։ «Սակայն Թուրքիան, ցավոք, բավարար պատասխանատվություն չի ստանձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա։

Փայլանը կրկնել է իր հայտնի թեզը առ այն, որ 1990-ականներին Հայաստանի «մաքսիմալիստական ակնկալիքները» խոչընդոտ էին կարգավորման համար, իսկ այժմ խոչընդոտ է Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը։ Նա Ադրբեջանի կողմից խոչընդոտ է համարել վերջինիս մաքսիմալիստական ակնկալիքներ, ինչպիսին է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, կամ Արցախի հայերին որևէ իրավունք չտրամադրելը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ միայն Թուրքիան կարող է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին, սակայն այդ դեպքում պետք է անաչառ լինի, իսկ Էրդողանը լիովին կողմնակալ քաղաքականություն է վարում և անհնար է դարձնում նման հեռանկարը։

«2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ դրական քայլեր ձեռնարկվեցին թուրք-հայկական կարգավորման գործընթացում, տեղի ունեցան հանդիպումներ, դրական ուղերձներ փոխանակվեցին, հեռախոսային քննարկումներ անցկացվեցին, և վերջապես հանդիպում տեղի ունեցավ Պրահայում։ Երկու երկրները հանդիպեցին ամենաբարձր մակարդակով և դրսևորեցին իրենց կամքը։ Մի քանի ամիս առաջ ցանկություն հայտնվեց բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ապահովել սահմանի հատումը դիվանագիտական ​​անձնագրերով Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար»,- ասել է նա։

Փայլանը նաև նշել է, որ այս պայմանավորվածությունները դեռևս չեն կատարվել, իսկ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ։ Նրա խոսքով՝ ադրբեջանական և թուրքմենական գազն ավելի կարևոր է համարվում, քան Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղությունը։ «Իսկ այդ գազը Թուրքիա հասցնելու հարցում Ադրբեջանը որոշակի պահանջներ է ներկայացնում՝ չցանկանալով բացել Թուրքիա-Հայաստան սահմանը»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող լարվածությանը, Թուրքիայի մեջլիսիս հայազգի պատգամավորն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի և Արցախի իշխանությունների միջև որոշակի լարվածություն է ստեղծվել, իսկ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է մնում։ Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել Արցախի խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։

Փայլանի համոզմամբ՝ Ադրբեջանի ժողովրդավարական երկիր դառնալու ուղին անցնում է Ղարաբաղի հարցի կարագավորմամբ։

«Ղարաբաղի կոկորդը սեղմելով, Ղարաբաղի հայության գազը կտրելով, Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակելով այս հարցը չի կարող լուծվել։ Սա պատրվակ կստեղծի միայն, որ տարածաշրջանում 2020 թվականի պատերազմից հետո հաստատված ռուսական ներկայությունը մշտական ​​դառնա, իսկ Ղարաբաղի ղեկավարության հետ Ադրբեջանի բանակցություններն ու կարգավորումը նույնպես կժողովրդավարացնեն Ադրբեջանը։ Ադրբեջանը կդառնա բազմակարծիք, ժողովրդավարական երկիր, և դա կապահովի ուժեղ և կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- եզրափակել է նա։

Նա միևնույն ժամանակ կոչ է արել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին՝ վերադառնալ դրական օրակարգին և ընդգծել, որ հակառակ պարագայում նոր բախման վտանգ կա։

Ամենից շատ դիտված