Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:30 16-12-2022

Ռուսներն ակցիա ցրելու մեծ ու արդյունավետ փորձ ունեն, բայց կիրառել դա շրջափակման մեջ մնացած հայերի համար չեն շտապում

Ավարտվեց չորրորդ օրը, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո գործող ճանապարհը փակել են ադրբեջանցի իբր «բնապահապան-ակտիվիստները»: Այս մայրուղին Արցախի միակ կապն է արտաքին աշխարհի հետ: Այս «բնապահպանական» շարժման արդյունքում փաստացի շրջափակման մեջ է մնացել 120 հազար մարդ, ավելի քան 1000 մարդ չի կարողանում վերադառնալ տուն, շուրջ 300 երեխա է մնացել ճանապարհին, նրանց մի մասն էլ՝ ծնողներից բաժանված:

Սա լուրջ հումանիտար խնդիր է, սակայն ռուսներն ակնհայտորեն չեն շտապում լուծել այն: Նրանք կանգնել են ադրբեջանցիների դեմ-հանդիման և ոչինչ չեն ձեռնարկում, երկու օր առաջ ադրբեջանցիների հետ միասին նրանց տեղադրած մեծ էկրանով ֆուտբոլ էին նայում, երեկ բարձրախոսներով խորհրդային-ռազմահայրենասիրական երգեր միացրին, այսօր ադրբեջանցիները բերեցին բարձրախոսներ, Մայքլ Ջեքսոն լսեցին… իսկ ճանապարհի մյուս կողմում ծայրահեղ ծանր հիվանդները սպասում են Երևան տեղափոխվելու հնարավորության, երեխաներ են սպասում ծնողների վերադարձին ու ծնողներ՝ քուն ու դադարը կորցրած, սպասում են երեխաներին: Ադրբեջանցիները «աշխատում են» հերթափոխով, պետական ավտոբուսները պարբերաբար նոր «ակտիվիստներ» են բերում, ուժերը նորոգում: Ակնհայտ է, որ առանց գործուն միջամտության այս ամենը շուտ չի ավարտվի:

Գործուն միջամտության պատասխանատուները ռուսներն են. նրանք, սակայն, տարօրինակ, քաղաքական կոչեր հնչեցնող «բնապահպանների» նկատմամբ աննախադեպ հանդուրժող են: Իսկ թե ինչու աննախադեպ, որովհետև երբ Ռուսաստանում կամ ՌԴ տիրապետության տակ գտնվող տարածքներում են մարդիկ համարձակվում բողոքի ակցիա անել, ոստիկանները՝ մինչև ատամները զինված, խիտ շարքերով դիմավորում, ուղեկցում, և շատ սեղմ ժամկետում ցրում-բերման են ենթարկում:








Տրավմատիկ զենքեր, ջրցան մեքենաներ, թունավոր գազեր՝ ոստիկանների զինանոցը տարեցտարի ընդլայնվում է: Այդ ամենը թույլ է տալիս խաղաղ ցույցերը ցրել հաշված րոպեների ընթացքում: Ճիշտ է, ռուս ոստիկանները ծայրահեղ դաժանությամբ աչքի չեն ընկնում, սակայն դա անհրաժեշտ էլ չի լինում:











Նրանց մարտավարությունն ապացուցել է իր արդյունավետությունը՝ շարվում են խիտ, փակ վահաններով սեղմում ցուցարարների շարքերը, պարբերաբար նրանց շարքերից պոկելով ու բերման ենթարկելով ամենաաղմկոտներին: Քիթ, ծնոտ, թև, ոտք ջարդել բերման ենթարկելիս, իհարկե, լինում է, սակայն մարտավարության արդյունավետությունը դրանից կախված չէ:


Բողոքի ակցիաները հազվադեպ են ՌԴ տիրապետության անցած տարածքներում. Դոնբաս-Լուգանսկ-Մերձդնեստր… այստեղ փողոց դուրս գալով խնդիրներ լուծելու հնարավորություն մարդիկ չեն տեսնում: Աբխազիայում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում. դրանք տասնյակ-հարյուրավոր մասնակիցներով շարունակվում են ժամեր, երբեմն՝ օրեր, մարդիկ հնչեցնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցեր (այստեղ ամենամեծ խնդիրներից է հովհարային անջատումը՝ կապված մաշված հոսանքագծերի հետ, որի արդյունքում ձմեռ-ամառ մարդիկ ստիպված են լինում մինչև տասը ժամ մնալ առանց հոսանքի՝ ջեռուցման, համացանցի, տարրական աշխատանքային պայմանների): Թեպետ ոստիկանները բիրտ ուժ չեն կիրառում, սակայն ցուցարարների բողոքներն էլ տարիներ շարունակ որևէ ազդեցություն չեն ունենում. այդ խնդիրներն ուղղակի չեն լուծվում:

Օսեթիայում մարդիկ հազվադեպ են բողոքի ակցիայի դուրս գալիս. վերջին տարիներին միակ ակցիան կարծես 2021-ին հակաքովիդյան սահմանափակումների դեմ բողոքի երթն էր, որը ոստիկանները ցրել են առանձնահատուկ «ոգևորությամբ»՝ ձերբակալելով մեծ թվով ցուցարարների: Ոմանց ներկայացվեց մեղադրանք, դատախազը պահանջեց 5-7 տարի ազատազրում, դատարանը կայացրեց նման դատավճիռ, վերաքննիչն էլ ուժի մեջ թողեց այդ դատավճիռը:

Ամփոփելով՝ փաստենք. ռուսներն ունեն ակցիաները կառավարելու մեծ, արդյունավետ փորձ, սակայն այն կիրառել 120 հազար արցախցիների կյանքի ճանապարհը բացելու համար, չեն շտապում:

Կարմեն Մարտիրոսյան