Արցախի շուրջ օրեր շարունակ ստեղծված խնդրին արձագանքել են թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ։ Այժմ հանրության մի շերտի մոտ մոլեգնել է հակառուսական ալիքը, թե իբր Արցախում ՌԴ-ն է գազը անջատել, ու որևէ բան չեն անում։ Իսկ ինչն են անում պոտենցիալ դաշնակիցները, ովքե՞ր են մեզ համար հուսալի դաշնակիցներ։
Այս հարցերի շուրջ քաղաքագետ Արա Պողոսյանն
Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ Ադրբեջանը բավականին խորքային ու բազմաշերտ խաղ է սկսել, որը ունի նպատակների մի քանի ծալք.
«Որպեսզի մենք գնահատենք իրավիճակը, թե ինչպիսին է և ինչպիսին կարող է լինել, նախ պետք է հասկանանք, թե Ադրբեջանը ինչ է անում, ինչպիսի նպատակադրումներ ունի, և ինչպիսին կարող է լինել միջազգային խաղացողների արձագանքը։ Այս պարագայում ստացվել է այնպես, որ միջազգային խաղացողների շահերը շատ ավելի են համընկնում հենց Ադրբեջանի հետ։ Ցավոք սրտի, եթե դիտարկենք առանձին ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում, ապա այստեղ ևս բավականին երկիմաստ իրավիճակ ունենք․ մի կողմից ՌԴ խաղաղապահների հեղինաության հարցն է, նրանց մանդատի շարունակել-չշարունակելու հարցը, մյուս կողմից՝ դիվանագիտական խողովակներով որոշակի պայմանավորվածությունների գալու կարողության հարցն է դրված․ այստեղ մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն նախկին լծակները չունի Ադրբեջանի վրա։ Կարծում եմ, որ ունենալու դեպքում դրանք գործի կդներ, որովհետև Արցախի տարածքում ՌԴ ներկայությունն առաջին հերթին բխում է ՌԴ ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերից, հետևաբար ռուս խաղաղապահների մնալու հարցը դնել հարցականի տակ՝ նշանակում է ուղիղ հարցականի տակ դնել Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահը, իսկ մենք հիշում ենք, որ դա միայն 2022 թվականին չի, որ քննարկվել է ՌԴ խաղաղապահների՝ Արցախ գործուղվելու հարցը, և հիմա, երբ նման իրավիճակ է ստեղծվել, ՌԴ ռազմավարական քաղաքական շահերից չի բխում և նրանց պատկերացումներում չկա զիջել դիրքեր»։
Պողոսյանի խոսքով, կան և՛ սադրանքներ, և՛ շահագրգիռ կողմեր, որոնցից մեկը Թուրքիան է.
«Իսկ թե Թուրքիային ովքեր են տվել այնպիսի թևեր, որպեսզի Թուրքիան այդպիսի սադրանքներ անի Արցախում, որովհետև սա սադրանք է առաջին հերթին ՌԴ խաղաղապահ ուժերի դեմ, երկրորդը, հետո արդեն մնացած հետևանքները։ Երբ մենք առանձնացնում ենք, թե ովքեր են շահառուները ստեղծված իրավիճակում, մենք այդտեղ գալիս են որոշակի եզրակացության»։
Պողոսյանի խոսքով, Ադրբեջանի ադմինիստրատիվ մուտքի ապահովումն է Արցախ, որն իր հետ բերելու է շղթայականորեն հետևանքների, ասել է թե՝ հետագայում լինելու են նոր պահանջներ, և ինչ-որ մի օր տեսնելու ենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ լինելու է Ադրբեջանի ադմինիստրատիվ վերոհսկողության ներքո, հաջորդն էլ այն է, որ դեռևս Ալիևը հաճախ էր խոսում այն մասին, որ ՀՀ-ն պետք է ռազմատուգանք վճարի Ադրբեջանին։ Խոսվում էր հիսուն միլիարդ գումարի մասին։ Երրորդ ադմինիստրատիվ շերտն էլ մեսիջն է՝ ուղղված ՌԴ-ի դեմ, ընդհանրապես խաղաղապահների՝ Արցախից դուրսբերման հարցը։ Ես վստահորեն կարող եմ ասել, որ որևէ կողմի վրա մենք հույս դնել չենք կարող, մասնավորապես Արցախի հարցում պետք է ապավինել սեփական ուժերին»։