Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 13-12-2022

ԵՄ դիտորդների հեռանալը կարող է ազդանշան դառնալ ռազմական գործողությունների վերսկսման․ քաղաքագետ

Ադրբեջանը, շարունակելով փակ պահել Երևան-Ստեփանակերտ մայրուղին, ի՞նչ նպատակ է հետապնդում․ Oragir.News-ի այս հարցին ի պատասխան քաղաքագետ Սարո Սարոյանն ասաց, որ թուրքական կողմի առաջ ռազմավարական տեսակետից ծառացած է մի գլխավոր հարց՝ Զանգեզուրի միջանցքի հարցը, որի հետ կապված ունեն համաձայնություն Ռուսաստանի հետ, և դա երևակվել է վերջին երկու տարվա ընթացքում։ Հիմա, ըստ քաղաքագետի, նոր գործիքակազմով են փորձում հասնել Զանգեզուրի միջանցքի բացմանը։

«Վերջին երկու տարիներին տեղի են ունեցել գործողություններ, որ առանց ռուս-թուրքական համաձայնության չէին կարող տեղի ունենալ։ Այդ շղթան այնքան մեծ է, որ անտեղի է անգամ թվարկելը, բայց գոնե մինչև սեպտեմբերի 13-14-ի դեպքերը դա պարզ տեսել ենք՝ Հայաստանից տարածքներ գրավելը, Հայաստանին այս կամ այն տեսակի որոշում պարտադրելը։ Այս ընդհանուր՝ ռուս-թուրքական պայմանավորությունների մեջ հանգուցային կետը Զանգեզուրի միջանցքն է, որը թուրքական կողմը չէր հասցրել կյանքի կոչել։ Սեպտեմբերին գործընթացը կանգ առավ, քանի որ այն, ինչ կարողանում էին կյանքի կոչել երկու տարվա ընթացքում, նոր հանգամանքների ի հայտ գալով՝ անհնարին դարձավ։ Արևմուտքը շատ ակտիվ ներգրավվեց Հարավային Կովկասի գործընթացների մեջ, և կանխարգելեց այն պայմանավորությունների ի կատար ածումը, որ կային մինչ այդ»,- նշեց Սարոյանը։

Նա ընդգծեց, որ այդ տեսանկյունից մենք երկու ամիս որոշակի երաշխիքներ ունեցանք, բայց արդեն հիմա պարզ է դառնում, որ թե Զանգեզուրի միջանցքի, թե այլ խնդիրների հետ կապված Ադրբեջանը գտել է մի նոր բանաձև՝ Արցախը պատանդության մեջ պահելը։ «Այդ պատանդառությունը քաղաքական մեխանիզմի է վերածել և պարտադրում է հայկական կողմին գնալ այնպիսի լուծումների, որ ի վերջո կհանգեցնեն Զանգեզուրի միջանցքի գոյությանը։ Այս գործընթացն, իհարկե, դետալների մեջ բազմաթիվ նրբություններ ունի, սակայն ընդհանուր առմամբ, այն միտված է Զանգեզուրի միջանցքը բացելուն։ Եվ դրան հակադրելով՝ բարձրացվում է Լաչինի միջանցքի խնդիրը․ ցույց են տալիս, որ Լաչինի միջանցքի անխափան գործելու համար պետք է հայերը համաձայնություն տան Զանգեզուրի միջանցքի գոյությանը»,- ասաց քաղաքագետը։

Հնարավո՞ր է նույն սկզբունքը կիրառվի նաև հետագայում՝ պատանդառության գործիքով հարկադրեն նոր զիջումների գնալ՝ հարցրեցինք։ «Իհարկե։ Նախկինում տեսել ենք նաև այլ մեթոդաբանություն, այդ թվում և՝ ռազմական ուժով (սեպտեմբերյան դեպքերը հենց դրա վկայությունն էին), նաև՝ ռուսական կողմի հետ համաձայնեցված՝ հայկական կողմը հետ էր քաշվում, ադրբեջանական զինված ուժերը առաջ էին գալիս, դա մեկնաբանվում էր, թե պայմանավորության խախտում է տեղի ունեցել, ռուս խաղաղպահներին փաստի առաջ են կանգնեցրել․․․ այսպես, տարբեր մեթոդներ են կիրառվել։ Հիմա նոր մեթոդաբանություն է կիրառվում, և դա անընդհատ կիրառվելու է, քանի որ դեռ հայկական կողմը դրան հակընդդեմ քայլ չի գտել։ Երբ Հայաստանն ու Արցախը միասին կգտնեն այդ մեխանիզմի չեզոքացման ձևերը, այդ ժամանակ էլ այն կդադարի լինել քաղաքական գործընթացների վրա ազդու միջոց»,- նշեց Սարոյանը։

Կարո՞ղ է գործոն լինել ԵՄ դիտորդական առաքելության ավարտը, որ նախատեսված է մեկ շաբաթից․ «Այո, գործոն է, և այն կարող է վճռորոշ լինել հետագա դեպքերի, քաղաքական գործընթացների զարգացումների հետ կապված։ Ըստ էության, սեպտեմբերից մինչ օրս մենք տեսել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունները ինչ վիճակում են եղել, ինչ վիճակ է եղել սահմաններին, և այս տեսանկյունից ԵՄ դիտորդների հեռանալը կարող է ազդանշան դառնալ ռազմական գործողությունների վերսկսման»,- պատասխանեց Սարոյանը։

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ օր է, որ փակ է Երևան-Ստեփանակերտ մայրուղին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «բնապահպան-ակտիվիստները» ենթադրում են, որ «ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում» հանքավայրերը շահագործվում են օրենքի խախտումներով, և իրենք պիտի վերահսկեն այյդ գործունեությունը։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Այսօրինակ առաջին միջադեպը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում․ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ՝ կրկին բնապահպանի անվան տակ, փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Մոտ երեք ժամ ակցիա անելուց հետո ռուսների միջամտությամբ ճանապարհը բացեցին։ Դրանից երկու օր անց Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում կազմակերպեց ադրբեջանական կողմի «մասնագետների» հետ, որ ասում էին, թե եկել են «բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»․ այդ հանդիպմանը ներկա էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցներն ու բնակիչները արգելափակել էին ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։ Հաջորդիվ, փաստորեն, Ադրբեջանը գործարկել էր «բնապահպանների» միջոցով Արցախը շրջափակման մեջ պահելու այս ծրագիրը։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի