Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:15 12-12-2022

Սուր շնչառական վարակներով հիվանդների 80 տոկոսը կազմում են 0-4 տարեկանները

«Օրական կտրվածքով անցկացվում է մշտադիտարկում, այսօրվա տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն ամսի 9-ի՝ ուրբաթ օրվա տվյալներով՝ ՀՀ-ում ստացիոնար բուժում է ստանում 618 պացիենտ, որոնք 97 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, իսկ 0-18 տարեկանների 80 տոկոսը կազմում են 0-4 տարեկանները»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը՝ խոսելով հանրապետությունում տիրող սեզոնային սուր շնչառական վարակների վիճակագրությունից։

«Եթե համեմատենք նախորդ օրվա՝ ամսի 8-ի հետ, ապա թիվը մի փոքր աճել է, սակայն նախորդ տարվա համեմատ՝ հոսպիտալացումը գտնվում է նույն մակարդակի վրա»,- ավելացրեց Խաչատրյանը։

Հարցին, թե արդյոք տնային պայմաններում բուժում ստացող քաղաքացիներն էլ են մեծ թիվ կազմում, Խաչատրյանը պատասխանեց. «Տնային պայմաններում բուժում ստացողներից մենք տեղեկություն չունենք, բայց ոչ բոլորն են հոսպիտալացվում, որովհետև հոսպիտալացվում են մի քիչ ծանր և ավելի ծանր երեխաները, իսկ մնացածը տանն են ստանում բուժումը, բայց թե ինչքանն են բուժում ստանում, մենք տեղյակ չենք, որովհետև միայն տնային կանչերով պոլիկլինիկա դիմողների թիվը ունենք»։

Հարցին, թե ամբուլատոր պայմաններում բուժում ստացողները արդյոք շատ ծանր վիճակում են գտնվում, Խաչատրյանը պատասխանեց. «Մենք, այս պահի դրությամբ, վերակենդանացման բաժանմունքում ունենք բուժվող երեխաներ, սակայն արհեստական շնչառական սարքին միացված հիվանդներ չկան։ Հիմնականում 0-2 տարեկաններն են, որոնց մոտ առավել ծանր է հիվանդությունը՝ պայմանավորված իրենց տարիքով և այդ սեզոնային ակտիվությամբ»։

Հետաքրքրվեցինք Խաչատրյանից, թե ինչ ախտանշաններով են դիմում բուժհաստատություններ, նա պատասխանեց. «Ախտանշանները հիմնականում սուր-շնչառական վարակներն են՝ սկսած քթահոսությունից, վերջացրած՝ կոկորդի ցավ, հազ, ականջի ցավ և բարդությունները, որոնք ես թվարկում եմ, դա բրոնխիտներն են և թոքաբորբերը։ Ես Ձեզ ասեմ, որ բազմազան են սուր շնչառական վարակների ախտանշանները, մեկի մոտ կարող է լինել աչքերի բորբոքում, մյուսի մոտ՝ ոչ․ այնպես չէ, որ դա մեկի մոտ կա, ուրեմն պարտադիր ախտանշան է բոլորի համար։ Դա կապված է օրգանիզմի, դիմադրողականությունի հետ, թե ոնց է օրգանիզմը պայքարում, թե երբ են ծնողները դիմում բժշկին, որովհետև որքան ուշացնեն, այնքան երեխայի վիճակը էլ ավելի կծանրանա, և արդեն ընկնելով հիվանդանոցային պայմաններ՝ կդժվարանա նրա բուժումը»,- ասաց բժիշկ-համաճարակաբանը։

Ամենից շատ դիտված