Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:30 11-12-2022

Նկարիչ, ում հետապնդում էին մահվան հրեշտակները

1863 թվականի դեկտեմբերի 12-ին ծնվել է նորվեգացի գրաֆիկական ու թատերական նկարիչ, գեղանկարիչ, արվեստների տեսաբան, էքսպրեսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից Էդվարդ Մունկը։



Պատահական չէ, որ Մունկի արվեստը հագեցած է միայնության, մահվան մոտիվներով և միևնույն ժամանակ` կյանքի տենչանքով։ Սա իր խորը արմատներն ու պատճառներն ունի։

Էդվարդ Մունկը ծնվել է Ադալսբրուկում, իսկ մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Օսլո։ Երբ Էդվարդը հինգ տարեկան էր, նրա մայրը մահացավ տուբերկուլյոզից, ինը տարի անց մահացավ նաև նրա ավագ քույրը, իսկ եղբայրը մահացավ սեփական հարսանիքից հետո։ Կրտսեր քույրը հոգեբուժարանում էր, իսկ բռնակալ հայրը հաճախ կատաղության նոպաներ էր ունենում:

Անհնար էր, որ այս ամենը չանդրադառնար Մունկի ստեղծագործության վրա։ Նկարիչն ինքն էլ խոստովանել է. «Ծնված օրից վախի, վշտի ու մահվան հրեշտակները կանգնած էին իմ հետևում, նրանք ինձ հետապնդում էին, երբ ես խաղում էի փողոցում։ Նրանք հետևում էին ինձ արևոտ գարնանը ու ծաղկուն ամռանը։ Նրանք երեկոյան կանգնում էին իմ շուրջը։ Երբ ես փակում էի աչքերս, նրանք ինձ սպառնում էին դժոխային մահով ու հավիտենական պատիժով։ Հաճախ էր պատահում` գիշերն արթնանում ու վախից սարսափած նայում էի սենյակի մթությանը։ Ես դժոխքու՞մ եմ»։



Լինելով թույլ ու փխրուն երեխա` Մունկը հաճախ էր բացակայում դպրոցի դասերից և դրանք լրացնում էր ուրվականների մասին Էդգար Ալեն Պոյի պատմություններով ու անվերջ նկարելով։

Դպրոցից հետո Մունկը սովորեց տեխնիկական դպրոցում, սակայն կիսատ թողնելով ուսումն ու ինժեների մասնագիտությունը` ընդունվեց Օսլոյի թագավորական արվեստի և դիզայնի դպրոց: Ուսանողական տարիներին նա հայտնվեց արվեստագետների և գրողների բոհեմական խմբում, որտեղ էլ երիտասարդ նկարչին խորհուրդ տվեցին ստեղծագործել` հիմնվելով իր անձնական կյանքի ու տպավորությունների վրա։


Հենց այսպես նա ստեղծեց իր «Հիվանդ երեխան» կտավը, որը նվիրված էր մահացած քրոջը: Նկարը բացասաբար ընդունեցին և՛ քննադատները, և՛ ընտանիքը։ Առհասարակ, ընտանիքը դեմ էր Էդվարդի նկարիչ դառնալու որոշմանը։ Մունկի հայրը՝ Քրիստիան Մունկը բժիշկ էր և քահանայի որդի։ Նա չափազանց հիասթափված էր որդու մասնագիտության ընտրությունից և նկարչությունը համարում էր անպատվաբեր մասնագիտություն։ Մունկի հարաբերությունները հոր հետ ողջ կյանքում մնացին լարված և բարդ։ Ավելի ուշ, երբ հայրը մահացավ, Մունկն իր վրա վերցրեց ընտանիքի նյութական հոգսերը։



Մունկի արվեստը սկսեց ծաղկել այն պահից, երբ նա սկսեց ճանապարհորդել։ Նշանակալի ազդեցություն ունեցավ Փարիզը, որտեղ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ նա ծանոթացավ երեք նկարիչների` Պոլ Գոգենի, Վինսենթ Վան Գոգի և Անրի դը Թուլուզ-Լոտրեկի աշխատանքներին։ Իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի ազդեցության տակ Մունկը ստեղծեց իր սակավաթիվ լուսավոր ու գունեղ կտավները։ Սինթետիզմի և սիմվոլիզմի նկատմամբ հետաքրքրությունը, սակայն, նրան դրդեցին ներթափանցել ինքն իր մեջ, ուսումնասիրել ներքին վախերն ու ամենագաղտնի ցանկությունները: Հենց այս շրջանում էլ մահացավ հայրը, ու Մունկը հոր հիշատակին նվիրեց իր նոր ստեղծած «Գիշերը Սեն-Կլաուդում» կտավը։



Սրան հաջորդեց Մունկի բեռլինյան շրջանը։ Բեռլինի նկարիչների միությունում բացվեց նրա անհատական ​​ցուցահանդեսը, սակայն ներկայացված մերկ տեսարանների, էրոտիզմի, մահվան անկեղծ ու դաժան պատկերների պատճառով այնպիսի աղմուկ բարձրացավ, որ ցուցահանդեսը ստիպված եղան փակել: Տեղի ունեցածն առանձնապես չվշտացրեց նկարչին, քանի որ սկանդալը բավականին հայտնի դարձրեց նրան Գերմանիայում։ Մի քանի տարի ևս Մունկը շարունակեց ստեղծագործել և ցուցադրել իր աշխատանքները Բեռլինում։





1893 թվականից նա սկսեց աշխատել քսաներկու նկարներից բաղկացած իր մեծ, «Կյանքի ֆրիզ» կոչվող շարքի վրա։ Այստեղ պատկերված են տղամարդու և կնոջ միջև սիրո ծնունդից մինչև բեղմնավորում, ապա անկման ու մահվան պահերը: Երբևէ ամուսնացած չլինելով` Մունկը կնոջ և տղամարդու հարաբերությունները պատկերել է շատ հաճախ ու շատ յուրօրինակ։ Այս շրջանում նա ստեղծեց նաև իր ամենահայտնի կտավ՝ «Ճիչը»։ Բազմաթիվ տարբերակներ ունեցող այս աշխատանքը քսաներորդ դարի ամենաճանաչված ու ամենատարբերվող գործերից մեկն է։



Մունկի ստեղծագործական կյանքում մեծ դեր է խաղացել գրականությունը։ Նրա վրա մեծ ազդեցություն են գործել Նիցշեի և Կիերկեգորի փիլիսոփայական հայացքները, նաև Համսունի սիմվոլիստական ​​գործերը, Իբսենի, Ստրինդբերգի, Մետերլինկի դրամաները։ Առավելագուն ազդեցությունը, սակայն, նկարչի վրա թողել Դոստոևսկին։

Կարդալով «Ոճիր և պատիժ» վեպը` Մունկը 1884 թվականին ընկերոջը գրել է. «Որոշ հատվածներ «Ռասկոլնիկովում» լավագույնն են, որ ես երբևէ կարդացել եմ, իսկ կան էջեր, որ ինքնին արվեստի գործ են... Արվեստում ոչ ոք այսքան խորը չի ներթափանցել հոգու միստիկական անկյունները, տրանսցենդենտալը, ենթագիտակցականը... Ես զգացի բնության սահմռկեցուցիչ, անվերջանալի ճիչը»։

Անմխիթար, հոգսաշատ ու խնդիրներով առատ ապրելակերպը, ինչպես նաև գերծանրաբեռնված աշխատանքը, Էդվարդ Մունկին հասցրեցին նյարդային խանգարման: Նկարիչը հոսպիտալացվեց Կոպենհագենի հիվանդանոցում և ութ ամիս ապրեց խիստ դիետաների և էլեկտրաշոկային թերապիա ուղեկցությամբ։

Հիվանդանոցից դուրս գալուց հետո Էդվարդը վերադարձավ տուն և բժիշկների հրահանգով ապրեց անդորրի ու մեկուսացման մեջ։ Մունկի հանգստությունն ու լարվածության բացակայությունը փոխանցվեցին նաև նրա աշխատանքներին։ Կտավներում հայտնվեցին պայծառ ու վառ գույներ, որոնք գնահատեց ոչ միայն հանրությունը, այլ նաև թանգարանները։



Սա Մունկի ֆինանսական հաջողության շրջանն էր, նա վերջապես կարողացավ հոգալ ընտանիքի կարիքները։ 1940 թվականին Մունկի ստեղծագործությունը նացիստները «դեգեներատիվ արվեստ» պիտակեցին, իսկ նրա 82 գործերը առգրավվեցին գերմանական թանգարաններից։ Հետագայում 71 նկար կոլեկցիոներները վերադարձրեցին Նորվեգիային, սակայն 11 աշխատանք այդպես էլ չգտնվեց:

Չնայած լարված, անսովոր, բարդ, հիվանդություններով ու մռայլ գույներով հարուստ կյանքին, Մունկը ապրեց երկար։ Նա մահացավ ութսուն տարեկանում` Օսլոյի մոտ գտնվող Էքելի փոքրիկ քաղաքում։



Ճակատագրի հեգնաքով, Մունկի հուղարկավորությունը կազմակերպեց Նացիստական ​​կուսակցությունը, քանի որ 1944 թվականին` նրա մահվան պահին Նորվեգիան գտնվում էր նացիստների իշխանության տակ: Դա ստիպեց հանրությանը կարծել, որ նկարիչը նացիստների համախոհն է, ինչն, անկասկած, թյուր ըմբռնում էր։



Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Էդվարդ Մունկը ստեղծեց 1750 կտավ, 850 գրաֆիկական աշխատանք և մոտ 8000 գծանկար։ Նա իր արվեստի հարուստ հավաքածուն կտակեց Օսլոյի քաղաքապետարանին՝ պայմանով, որ կկառուցվի թանգարան, որտեղ կներկայացվեն նրա բոլոր աշխատանքները։



Մունկի թանգարանը բացվեց Օսլոյում` 1963 թվականին։



Նաիրա Եղիազարյան