Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:02 09-12-2022

ՊՊԾ-ն, արտաքին հետախուզությունը՝ վարչապետին ենթակա. ուժեղացնում եք սուպերվարչապետությունը. Ագնեսա Խամոյան

Պետական պահպանության ծառայությունը դուրս կգա ԱԱԾ կազմից։ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներկայացնելիս այսօր հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ դա կիրականացվի անվտանգության համակարգի բարեփոխումների շրջանակում։ Եթե նախկինում նախագահի պաշտոնից հեռացող անձին տրամադրվում էր ցմահ պետական պահպանություն, ապա հիմա այդ ծառայությունը կմատուցվի հրաժարականից հետո 7 տարվա ընթացքում, իսկ վարչապետի դեպքում ՝ 10 տարվա ընթացքում։

Հնարավոր է այս ժամկետների երկարաձգում գործող վարչապետի համապատասխան որոշման առկայության դեպքում։ Փոփոխություններով նախատեսվում է պետական պահպանության տրամադրում ոչ միայն գործող վարչապետին, այլև նրա հետ ապրող և նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։
«Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնն այսուհետ կդառնա ոչ թե ռազմական, այլ վարչական։ Նրան նշանակելու է անձամբ վարչապետը։ Ընդ որում, պետական պահպանության ծառայության պետը կունենա մի քանի տեղակալ։ Նրանց մի մասը կլինեն զինվորականներ։ Նրանց նշանակելու է նախագահը, իսկ մյուսներին՝ վարչապետը»,- նշեց Գրիգորյանը։

Նրա հիմնավորմամբ՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական պահպանության պետի և նրա տեղակալների աշխատավարձերը կբարձրանան։ Օրինակ՝ պետական պահպանության պետը կստանա նույն աշխատավարձը, ինչ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետն ու ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը (աշխատավարձը կավելանա 132 հազար դրամով՝ կազմելով 793 680 դրամ՝ ներառյալ հարկերը)։ Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են նախատեսվում նաև վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման ուղղությամբ:
Առաջարկվում է չեղարկել անձնական բժշկի տրամադրումը ենթադրող դրույթը։ Փոխարենը վերոնշյալ անձանց խումբը բուժվելու է բուժհաստատություններում, սակայն պետության և պետական բյուջեի հաշվին։
Սրա արդյունքում, ենթադրվում է, որ ԱԱԾ-ն առավել կենտրոնանա իր անմիջական գործառույթների և պարտականությունների՝ մասնավորապես, հակահետախուզության վրա։

«ՊՊԾ-ն ԱԱԾ-ից հանելով և վարչապետին ենթակա մարմին դարձնելով, Արտաքին հետախուզական մարմին ստեղծելով և այն ևս վարչապետին ենթակա մարմին դարձնելով՝ ակնհայտորեն ուժեղացվում է սուպերվարչապետական համակարգը»,- դիտարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հաշվի առնելով՝ պառլամենտական համակարգը՝ այդ կառույցները պիտի լինեն վարչապետի ներքո գործող: Եվ ինձ համար ընդհանրապես անհասկանալի են այսպիսի քննարկումները: Որովհետև, ընդհանրապես, ժողովրդավարության և կառավարման տեսանկյունից նորմալ է, որ գործադիր իշխանությունը ունենում է լիազորությունները, որովհետև պետության առանձնահատկությունն այն է, որ պետք է որոշումներ կայացնեն: Այդ որոշումները կայացնելու համար էլ անհրաժեշտ են ինստիտուտներ»,- պատասխանեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: