Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:40 08-12-2022

ՄԻԵԴ վճիռը փաստում է, որ պիտի լինի հնարավորություն՝ ԲԴԽ որոշումները Ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկելու․ Արա Ղազարյան

«Դատավոր Սամվել Մնացականյանի համար ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը, գուցե, ուշացած է, բայց հասարակության և դատավորների համար՝ ոչ։ Ես կասեի՝ վճիռը ճիշտ ժամանակին էր, քանի որ այս հարցը հիմա բավական սրված է, գիտեք, դատավորների նկատմամբ պարբերաբար վարույթներ են հարուցվում, հաճախ լիազորությունների դադարեցումներ են տեղի ունենում, ու դատավորներն հարց են բարձրացնում, թե ինչու իրենք իրավունք չունեն բողոքարկելու ԲԴԽ որոշումները»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մնացականյանի փաստաբան Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը նախօրեին կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով, որով ճանաչել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումը: Հայաստանյան դատարանները մերժել էին վարույթ ընդունել և քննել դատավորի հայցը, որով բողոքարկվում էր Արդարադատության խորհրդի՝ իրեն պաշտոնից ազատելու մասին որոշման օրինականությունը: Վճռում Եվրոպական դատարանը հայտարարել է, որ Կոնվենցիայի իմաստով՝ Հայաստանի պարագայում բացակայում է որևէ օբյեկտիվ հիմք, որով օրենսդիրը զրկել է դատավորին իր լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորությունից։

Ղազարյանը նշեց, որ ստացվում է, որ հասարակության բոլոր անդամները կարող են դատարան գնալ և բողոքարկել իրենց աշխատանքից ազատման որոշումը, իսկ դատավորները չեն կարող։

«Դատավորներն այս հարցը բարձրացնում են, ու այդ հարցին անդրադարձել են Եվրոպական մարմինները՝ սկսած Վենետիկի հանձնաժողովից մինչև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե՝ արձանագրելով, որ պետք է դատավորներն իրավունք ունենան բողոքարկել մասնագիտացված մարմնի որոշումը։ Բայց մեր իշխանույթունները այլ ճանապարհով գնացին 2005 թ-ին»։

Փաստաբանը նշեց, որ ԲԴԽ-ում խնդրի մասին գիտեն և փորձում են լուծում գտնել, բայց ոչ թե առանցքային ու ռացիոնալ լուծում են առաջարկում, այլ մի տեսակ՝ կոմպրոմիսային։

«Առաջարկվում է ԲԴԽ-ի ներսում երկրորդ մարմին ստեղծել։ Մնացականյանի գործը եկավ ասելու, որ բոլոր դեպքերում՝ ընդհանուր իրավասության դատարան գործը պետք է մուտք ունենա՝ անկախ ԲԴԽ-ի որոշումից ու անկախ նրանից, թե ԲԴԽ-ում քանի պալատ կստեղծվի՝ անկախ նրանից, թե ԲԴԽ-ի ներսում զսպումների ու հակակշիռների մեխանիզմ գործում է, թե ոչ, բոլոր դեպքերում որևէ դատարան՝ լինի Ընդհանուր իրավասության դատարան, կամ միանգամից Վճռաբեկ դատարան, գործը պետք է մուտք ունենա»։

Անդրադառնալով դատավոր Մնացականյանի իրավունքների պաշտպանության ու վերականգնման շարունակությանը՝ Ղազարյանն ասաց, որ դեռ ընտանիքը, և ժառանգորդները պետք է որոշում կայացնեն, միաժամանակ դեռ պետք է հետազոտվի՝ նրանք իրավական հիմք ունե՞ն բաց թողած եկամուտի վերաբերյալ փոխհատուցում հայցելու, թե ոչ։

Նշենք, որ Մնացականյանը մահացել է 2021թ-ին ։

Ամենից շատ դիտված