Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:34 07-12-2022

ՆԶՊ-ի դասագրքերը կփոխվեն, դասընթացը պիտի լինի ավելի գործնական. զինղեկ Հովհաննես Քերոբյան


Նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասագրքերը փոփոխվելու են. առաջարկվել է ծրագրում ներառել ավելի շատ գործնական դասեր. Oragir.News-ի՝ ՆԶՊ-ի գործող ծրագրի և այն փոփոխելու անհրաժեշտության մասին հարցերին ի պատասխան՝ նշեց Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի զինղեկ, գնդապետ Հովհաննես Քերոբյանը: Նա հերքեց տարածվող լուրերը, թե «ռազմագիտությունը հնարավոր է դպրոցից հանեն»՝ ընդգծելով. «Այսօր նախնական զինվորական պատրաստությունն անհրաժեշտ է բոլորին՝ թե աղջիկներին, թե տղաներին: Մենք ապրում ենք պատերազմող երկրում, այս գիտելիքը պետք է ունենան բոլորը»:

Պատասխանելով հարցին՝ գոհացնում է արդյոք դպրոցական ծրագիրն իրեն՝ զինվորականին, ով մասնակցել է ակտիվ մարտական գործողություններին մեր չավարտվող պատերազմի բոլոր փուլերում՝ Քերոբյանը նշեց, որ ՆԶՊ-ում ընդգրկված են պատերազմական դրվագներ հայկական պետության կազմավորման վաղնջագույն ժամանակներից. այդ դրվագներին աշակերտները ծանոթանում են նաև հայոց պատմություն առարկայի դասերին, և բնավ պարտադիր չէ ՆԶՊ-ի դասաժամերն էլ տրամադրել այդ պատմական մանրամասներին: «Այդ դասերը պետք չի, որ լինեն նաև նախնական զինվորական պատրաստության դասագրքերում: Մեզ համար շատ ավելի կարևոր է գործնական պարապմունքներ շատ ունենալը: Տեսական մասը, պատմական անդրադարձները կարևոր են, բայց ավելի ճիշտ է այս առարկայի դասաժամերը տրամադրել գործնական դասերին»,- ասաց Հովհաննես Քերոբյանը:

Ի՞նչն է ավելի ոգևորում մերօրյա աշակերտին՝ հերոսական կերպարների, ճակատամարտերի նկարագրությունը, թե՞ զինավանում անձամբ ավտոմատ քանդել-հավաքել-կրակելը: «Երկուսն էլ, բայց առավել իրենք նախընտրում են զինավան գնալը, գործնական պարապմունքները՝ սառը զենքի, հրազենի հետ ճիշտ վարվելու դասերը, գործնական բոլոր մանրամասները նրանց շատ են հետաքրքրում: Ես կարող եմ ասել, որ կրակայինի, զենքի հետ կապված բոլոր դասերն իրենց պետք են: Իրենք էլ այդ դասերը հետաքրքրությամբ են լսում ու հանձնարարությունները կատարում: Շարային պատրաստությունները՝ գուցե ոչ այնքան, որքան զենքի հետ, մարտավարության հետ կապված առաջադրանքները՝ վազել, խրամատ փորել, զորամասեր գնալ, դիտել այնտեղ պարապմունքները, ծանոթանալ զինվորականների հետ»:

Որպես գործող զինվորական և ուսուցիչ՝ ի՞նչ փոփոխություններ կուզեիք տեսնել դպրոցական ծրագրում՝ հարցին ի պատասխան Քերոբյանն ասաց. «Միանշանակ կշատացնեի գործնական պարապմունքները: Շատ հարցերի մասով զինղեկներն առաջարկություններ են արել, և 2023 թվականին պիտի փոխվեն դասագրքերը: Իմաստ չունի նույն Սարդարապատի ճակատամարտն ու Ավարայրի ճակատամարտն անցնել երկու առարկայի շրջանակում, դրա փոխարեն ճիշտ է, որ երեխաներն ավելի գործնական գիտելիքներ ստանան, օրինակ, հետախուզության մասին, դիվերսիոն խմբերի գործունեությունն ուսումնասիրեն, մի մարտավարություն վերցնեն և դա գործնականում կատարեն, ավելի շատ կրակային պատրաստություն՝ բոլոր տեսակի զենք-զինամթերքներին ծանոթանան: Հիմա ընդամենը երկու տեսակի ավտոմատ ենք ուսումնասիրում. այսօրվա պայմաններում դա բոլորովին բավարար չէ: Պետք է նոր տեսակի տեխնիկան էլ ներկայացվի, երեխաները դրան էլ ծանոթանան»:

Հիշեցնենք, որ ՆԶՊ-ն ուսանում են միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարաններում: Հանրակրթության նոր չափորոշչով՝ ծրագրում ներառվել է ժամանակակից պատերազմներում էական նշանակություն ունեցող գերճշգրիտ միջոցների, մարտական ռոբոտների, կապի և տեղեկատվության ժամանակակից համակարգերի, ինֆորմացիոն-հոգեբանական միջոցառումների մասին ինֆորմացիա։ Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դասերը՝ ծրագիրում ավելացել են «Մոբիլ ջոկատների մասին» և «Աշխարհազորի և կամավորական ջոկատների նշանակությունը և դրանց համագործակցությունը կանոնավոր բանակի հետ» թեմաները։ «Պայքարը հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռների դեմ» թեման համալրվել է «Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը և դրանցից պաշտպանվելը» ենթաթեմայով:

Ծրագրում ներմուծվել են նոր բաժիններ. Մարտավարաֆիզիկական պատրաստություն՝ 8-11-րդ դասարաններ (նպաստում է շարժողական ընդունակությունների, ֆիզիոլոգիական որակների ձևավորմանը, մարմնի հավասարակշռության ապահովմանը), Իրավական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է սովորողների ՀՀ ԶՈՒ կանոնադրային հիմունքների և միջազգային մարդասիրական իրավունքների իմացությունը), Ինժեներական պատրաստություն՝ 9-11-րդ դասարաններ (ապահովում է անհատական պաշտպանական կառույցների, պատերազմից հետո մնացած և չպայթած զինամթերքի հետ վարվելու կանոնների իմացությունը), Լեռնային հատուկ պատրաստության հիմունքներ՝ 10-11-րդ դասարաններ (ապահովում է լեռնային ռելիեֆի, լեռնային վտանգների և դրանք հաղթահարելու եղանակների իմացությունը), Կապ և տեղեկատվական անվտանգություն՝ 11-12-րդ դասարաններ (ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում կապի և հեռահաղորդակցության ձևերի, միջոցների իմացությունը, պատկերացում է տալիս ՀՀ ԶՈՒ-ում տեղեկատվական անվտանգության հիմնախնդրի, ռազմական ոլորտի պետական և ծառայողական գաղտնիքի մասին), Հոգեբանական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է հասարակական գիտակցություն, արժեքներ, վարքականոն, զինվորական կոլեկտիվում միջանձնային կոնֆլիկտների պատճառների և դրանից եկող վտանգների մասին իմացությունը և դրանց հաղթահարման ուղիները, արտակարգ իրավիճակներում զգուշության, զգոնության, ուշադրության ձևավորումը և տագնապի հաղթահարումը): Ցածր դասարաններում ավելի շատ ուշադրություն է դարձվում անհատական պատրաստությանը, իսկ բարձր դասարաններում՝ խմբային (ջոկային) պատրաստվածությանը:

ՆԶՊ առարկայից պարտադիր է դառնում գործնական «ճամբար» բաղադրիչը։ Այն այս տարի փորձարկվել է Տավուշի մարզում, և մյուս ուսումնական տարվանից կգործի բոլոր 11-րդ դասարանցիների համար: Ծրագրում ներառված են ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան պարապմունքներ («Կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» և այլն):

Վստահաբար, այս ամենը հրաշալի է հնչում թղթի վրա, հուսանք, որ կատարումը մոտ կլինի այս շքեղ ձևակերպումներին:

Կարմեն Մարտիրոսյան