«Հայաստանում գնաճը տարածաշրջանում համեմատաբար ցածր է ու դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով այն մտքին, որ Տարածաշրջանում գնաճի ամենացածր տեմպերն արձանագրվել են Հայաստանում։
Անդրադառնալով պատճառներին՝ տնտեսագետն ասաց. «Առաջինն այն է, որ մեզ մոտ որոշակիորեն գնաճը պայմանավորված էր ընդհանուր կորոնայի հետ կապված խնդիրներով, այլ հետևանքներով, որ ապրանքների քանակները համապատասխան ծավալով չեն թողարկվում, բավականին դիֆիցիտներ կան, որովհետև տարբեր գործարաններ փակվեցին, արդյունաբերական խնդիրներ եղան, դրան գումարած Ռուսաստանի պատերազմը, դրանց մատակարարումը և տրանսպորտային գները շատ թանկացան։ Հիմա, օրինակի համար, այսօր տրանսպորտը բավականին թանկացել է, համարյա կրկնակի գներ են աշխատում, այս բոլորը բերել են գնաճի, և չնայած դոլարը նվազում է կուրսով, դոլարը արժևորվում է և թվում է, թե ներմուծումները պետք է դրանից շահեին և ներմուծման գներն ընկնեին, բայց իրականում դրանք որոշակիորեն մնացել են բարձր, շատ ավելի ցածր կլինեին մեր գները, եթե իմ ասած երևույթները չլինեին, բայց դա համաշխարհային մասշտաբի երևույթներ են»։
Մակարյանն ընդգծեց, որ մեր երկրի նման ցուցանիշի արձանագրամ մեջ մեծ է ներմուծողների դերը. «Հիմա մեզ մոտ գնաճը որոշակիորեն զսպված է մնում նաև ներմուծողների շնորհիվ, որ կարողանում են ապրանքներ ավելի հարմար ճանապարհներով գտնել-բերել, և նաև այն, որ որոշակի մասայից ավել իրենք չեն դնում շահույթի մեջ, և մեր մոտ այսօր սրա հետևանքով գնաճի տեմպեր կան, բայց մարտ ամսից արդեն կսկսեն նվազել, և որոշակիորեն տարբեր ապրանքներ կան, որոնք որ արդեն նվազել են»։
Խոսելով դոլար-դրամ հարաբերակցության ազդեցությունից ապրանքների գների վրա՝ Մակարյանն ասաց. «Որոշ ապրանքներ շինարարության կամ այլ ոլորտում էժանացել են, որովհետև դոլարի արժեզրկումը բերել է դրան, մետաղի գները տարբեր երկրներում տարբեր արտադրողների մոտ նվազել են, որովհետև իրենք միշտ դոլարով էին հաշվարկում»։
Տնտեսագետի խոսքով նման գնաճի պատճառ է հանդիսանում նաև էներգետիկ ծախսերի ավելացումը. «Մյուս կողմից էներգետիկ ծախսերն են նաև ավելացել մեր մոտ, դուք տեսնում եք՝ էներգետիկ ծախսերը ավելացան, հոսանքը բարձրացավ, գազը մի քիչ ավելացավ, այդ բոլորը բերեցին դրան։
Աշխատուժը մեր մոտ թանկացավ, աշխատուժի դիֆիցիտ կա, այսօր աշխատուժի լուրջ դիֆիցիտի պատճառով աշխատուժը թանկացել է։ Շինարարություններում թանկ են, գործարաններում աշխատուժն ավելի բարձր է վարձատրվում, նաև այն պատճառով, որ գնաճ կա ստիպված են գործատուները ավելի բարձր վճարեն, որպեսզի կարողանան իրենց ընտանիքները պահեն»։
Տնտեսագետն ընդգծեց նաև, որ գների բարձրացումը տեղի է ունենում շղթայաբար. «Շղթայական ռեակցիայի ձևով սա բերեց որոշակի գնաճի, հիմա կենտրոնական բանկի ջանքերով, և նաև ներմուծողների ջանքերով մեզ մոտ գնաճը 10 տոկոսը չանցավ, այլ երկրներում 12,15 տոկոս ցուցանիշներ կան, սարսափելի գնաճ է Թուրքիայում, Վրաստանում էական գնաճ կա, Ռուսաստանում գնաճը մի քիչ իջեցվեց, բայց էլի բավականին բարձր է գնաճը»։
«Այսինքն՝ այս դինամիկաները մինչև չվերադասավորվեն, այս վերադասավորման պրոցեսները դեռ չի ավարտվի, քանի դեռ վերադասավորում կա, բալանսավորված չէ վիճակը, վիճակը միշտ մնում է ռիսկային տարբեր խնդիրներից կախվածությունով, բայց, իմ կարծիքով, մարտ ամսից կսկսի արդեն կարգավորվել»,- ասաց Մակարյանը։
Դիտարկամանը, որ նախորդ տարիների համեմատ գնաճը զգալի է՝ Մակարյանն ասաց. «Նախորդ տարիների հետ համեմատած, անշուշտ բարձր է, բայց համեմատած տարածաշրջանների, ոչ այդքան։ Համենայնդեպս 10 տոկոսը բարձր թիվ է, դա փոքր թիվ չէ, մանավանդ, մթերքների գծով: Մթերքներ կան, որ 10 տոկոս չէ, համարյա կրկնակի է թանկացել։ Ժողովուրդը շատը զգում է մթերքների մասով, որովհետև մթերքների մասով 20-30-50 մինչև 100 տոկոս թանկացում կա։ Բայց այլ ապրանքների գնով գնաճը շատ ավելի ցածր է, դրա համար, որ միջինացնում են, ասում են՝ 10 տոկոս»։
Հարցին, թե մեր Կառավարությունը կարող էր այնպիսի քաղաքականություն մշակել, որ մեր երկրում գնաճը 10 տոկոսի էլ չհասներ՝ տնտեսագետը պատասխանեց. «Դրա համար ժամանակ պետք է ունենար, որ աներ, բայց այդ ժամանակը մեր Կառավարությունը չունեցավ, որովհետև կորոնա, պատերազմ, պատերազմից հետո նոր սանձազերծում, անընդհատ լարվածություն, դիվանագիտական ծանրաբեռնված աշխատանք, տարբեր երկրների տարբեր բևեռների հետ աշխատանք»։