copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:16 06-12-2022

Ցանկացած անձի մահվան, այդ թվում՝ հանկարծամահության դեպքում Քննչականում քրեական վարույթ կհարուցվի․ կբավարարի՞ ՔԿ ռեսուրսը

Քրեական օրենսգրքի փոփոխության արդյունքում՝ այժմ ցանկացած անձի մահվան, այդ թվում՝ հանկարծամահության դեպքում Քննչական մարմինը պարտավոր է քրեական վարույթ հարուցել։ Նոր օրենսգրքով՝ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի հարուցման ռեժիմը միացվել է ու վերածվել մեկ ընդհանուր պրոցեսի։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով օրենսդրական փոփոխությանը, նշեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվում, որպեսզի պարզվի ենթադրյալ սպանության հանգամանքը, անձը մահացել է այլոց ներգործության հետևանքով, թե հանկարծամահություն է։

«Նախկին Քրեական օրենսգրքով քրեական վարույթի հետ կապված ընթացակարգ կար, նախ նախապատրաստվում էին նյութեր, որոնց շրջանակներում պարզված հանգամանքների հիման վրա պարզվում էր՝ առկա՞ են քրեական վարույթ հարուցելու հիմքեր, թե՝ ոչ։ Երբ պարզվում էր, որ կան քրեական գործ հարուցելու իրական հիմքեր, գործ էր հարուցվում և սկսվում էր նախաքննություն: Քրեական դատավարության օրենքի նոր նախագծով նյութեր նախապատրասելու ռեժիմ այլևս գոյություն չունի։ Այսինքն, մահվան փաստի հանգամանքի ուժով ինքնին, երբ առկա են լինում առերևույթ որևէ հանցագործության հատկանիշներ, միանգամից նախաձեռնվում է քրեական վարույթ։ Հետևաբար, հենց այդ փուլում էր պետք է քրեական օրենսգրքի որևէ հոդվածով որակում տրվի նախնական և հետագայում, քննության արդյունքում պարզվում է՝ արդյոք ձեռք են բերվում բավարար փաստեր, որոնք հիմնավորում են, որ կոնկրետ այդ հանցակազմի հատանիշներին բավարարող հանցագործության հետ կապ ունենք, թե հերքվում են ձեռք բերված ապացույցներորվ տվյալ հանցագործության հանգամանքը՝ համապատասխան դատավարական որոշում է կայացվում»։

Հարցին, թե արդյոք Քննչական կոմիտեի ռեսուրսը կբավականացնի, որովհետև օրական հանկարծամահությունների դեպքերը բավական շատ են, նա պատասխանեց, որ դա բավականին դժվարացնում է նախաքննական մարմնի աշխատանքը, բայց դա նոր ընդունված օրենսգրքից բխող անհրաժեշտություն է, հետևաբար ուզեն, թե չուզեն, վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է այդ աշխատանքները կատարել։

«Նախկինում նյութերի նախապատրաստումը հիմնականում իրականացնում էին ոստիկանությունը և ԱԱԾ-ն, այսինքն՝ հետաքննության մարմինը, հետագայում, երբ գործ էր հարուցվում՝ դա փոխանցում էր նախաքննության մարմնին, իսկ հիմա միանգամից նախաձեռնվում է քրեական վարույթ և այդ վարույթով ամբողջ գործողությունները իրականացնում էր նախաքննական մարմինը, հանկարծամահությունների դեպքում՝ Քննչական կոմիտեն»։