Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:02 05-12-2022

Այլևս անշոր, անկոշիկ, սոված զինվոր չենք պահելու սահմանին․ կամավորական ջոկատներն իջեցնում են դիրքապահներին սահմանից․ Սարգիս Պողոսյան

Oragir.News-ն այսօր հայտնել էր, որ հոկտեմբեր ամսվանից սկսած, կամավորներին աշխատավարձ չեն տալիս: Այս պատճառով դիրքերն սկսել են դատարկվել: Քիչ առաջ մեզ հետ կապ է հաստատել «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը, ով նշեց, որ իր՝ «Խաչակիրների» ջոկոտը, ինչպես նաև «Օմոնի», ՀԱԲ-ի, «Վրիժառուների» կամավորական ջոկատները իջեցնում են զորքերը դիրքերից, բոլորն արդեն վաղը ներքևում են լինելու։

Նա ընդգծեց, որ իր ջոկատից հոկտեմբերին 11 օր սահմանին կանգնողներին վճարել են 51 հազար 700 դրամ, մարդիկ կան, որ 87 հազար են ստանում։

«Անհասկանալի հաշվարկներով խառը գումարներ են վճարում ամեն մեկին, այն դեպքում, երբ մարդիկ նույն գործն են անում, նույն հրաձիգն են վերցնում իրենց ձեռքը, տպավորություն է, որ փող են լվանում։ Տեսեք՝ նույն մարդը սեպտեմբերին 11 օրվա համար ստացել է 91 հազար, հիմա նույն 11 օրվա համար ստանում է 51 հազար 700 դրամ, բայց իր հետ մեկ ուրիշ ծառայող, օրինակ, 13 օրվա համար ստանում է 197 հազար դրամ։

Ես չգիտեմ՝ իրենց հաշվապահությունն ինչպես է աշխատում, ոնց են այդ հաշվարկները անում, փորձում են վեճ սարքել զորքի մեջ կամ էլ զորքին տրամադրում են հրամանատարության դեմ»։

Նա նշեց, որ պարզաբանում ստանալու համար կապվել է Արդանիշի զորամասի ֆինանսիստի հետ։

«Ասում եմ՝ կարող ես ասել՝ դուք եք հաշվարկում, թե ով որքան պիտի ստանա, թե Պաշտպանության նախարարությունն ասում է՝ չգիտեմ։ Ասում եմ՝ դու ես ֆինանսիստը, ասում է՝ ինձ էդ հարցով էլ չզանգես ընդհանրապես։ Ես էլ չգիտեմ՝ ում պետք է ասեմ։

Ես այս մասին արդեն տեղյակ եմ պահել գեներալներից մեկին, Պաշտպանության նախարարությունը տեղյակ է, բոլորս մեր զորքերն իջացնում ենք սահմանից։ Մենք այլևս ցանկություն չունենք այնտեղ սոված, անշոր, անկոշիկ մարդ պահելու, մենք էլ Եռաբլուր այլևս մարդ չունենք տանելու, էս իրավիճակի մասին անլուրջ Պաշտպանության նախարարությունը պետք է մտածի։

Տղաները 1 մետր ձյան պայմաններում ամառային կոշիկներով են սահման պահում, հագուստ ու նորմալ սնունդ չունեն, երբ ՊՆ-ն ասում է՝ ամեն ինչով ապահովում ենք՝ սուտ են ասում։

Էլ չեմ ասում, որ մարդիկ ֆինանս էլ չունեն, չեն վճարվում, դեմն էլ Նոր տարի է, իրենց երեխեքին մի խաղաղալիք չեն կարող գնել, այդ պատճառով էլ մեր զորքերն իջեցնում ենք սահմանից։

Հարցին, թե օրեր առաջ նախարարությունը խոստանում էր մի քանի անգամ բարձրացնել աշխատավարձերը՝ ինչո՞ւ են այդ դեպքում նորից կրճատում՝ նա պատասխանեց, որ չգիտի, թե ինչ է փոխվել. «Բայց վստահ եմ, որ մեր այս որոշումն իրենց սրտով է»։

Նա նաև նշեց, որ դիրքերում, որոնք իրենց կամավորներն էին հսկում՝ արդեն ժամկետային էլ չկան։ «Չեն թողել ժամկետային, մի քանի հոգի ժամկետային են մնացել, բոլորի գլուխը կերել են, մի քանի ժամկետային երեխա է մնացել, հիմա դրանցն էլ են ուտելու իրենց անկանոն, անլուրջ գործելաոճով»։