Երևան +11°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:44 06-02-2023

14 օր դիրք պահելուց հետո կամավորականներին զորացրում են, որ իջնելուց հետո մնացած օրերի համար չվճարեն․ Սարգիս Պողոսյան

«Խաչակիրներ» կամավորական ջոկատի անդամները վաղը բողոքի ակցիա են իրականացնելու ՊՆ-ի մոտ։ Ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանն Oragir. News-ի հետ զրույցում ասաց, որ 2022 թ-ին անձամբ է խոսել ՊՆ ֆինանսիստի հետ, ով խոստացել է, որ կամավորականների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրացնեն 200-210 տոկոսով։

«Իհարկե, ես գիտեի, որ չեն բարձրացնի, իրենք գցում են կառավարության վրա, կառավարությունն էլ՝ իրենց վրա, արդյունքում տուժում են սահմանին կանգնած տղերքը։ Իսկ 200-220 տոկոսով իրենց աշխատավարձերն ու պարգևատրումներն են բարձրացում։ Այո՛, մեզ խաբել են և չեն բարձրացրել»։

Նա ընդգծեց, որ հոգեբանորեն ճնշում են զորքին, որպեսզի զորքը իջեցնեն դիրքերից։ Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ իր ջոկատի տղաներին իջեցնում են դիրքերից։

«Մենք, միևնույն է, բարձրանալու ենք դիրքեր ու պահեու ենք մեր սահմանները։ Մենք չենք կարող մնալ ասֆալտի վրա, ինչ է թե՝ չգիտեմ ով հրաման է տվել՝ իջեցնել մեզ»։

Նա հայտնեց, որ աշխատավարձերը 2 տարի առաջ եղել են 240 հազար, հետո մի քանի անգամ իջեցրեցին աշխատավարձերը և հիմա արդեն 14-15 օրվա համար իրենց վճարում են 50-60 հազար։

«Մեկ այլ խնդիր էլ կա․ մեզ հետ պայմանագիր են կնքում 1 տարով, որ բարձրանա դիրքեր, բայց 14 օր մարդը բարձրանում է դիրքեր, հետո հենց իջավ, զորացրում են, որպեսզի մնացած օրերի համար գումար չստանա։ Այսինքն, եթե ներքևում մնացած օրերի համար իրենք ստանալու էին 4000 դրամ, հիմա դա էլ են կտրել։ Մնացած 15 օրը եթե դիրքապահը հիվանդանա, խնդիր ունենա, ինքն այլևս բուժօգնության իրավունքի չունի, քանի որ զորացրվել է։ Ես զանգել եմ թեժ գիծ, ասում եմ՝ հիմա հրաման ունե՞նք, որ զորացրենք, պատասխանում են՝ այո։ Այնքան այդ մարդիկ էժանացել են։ Այսինքն, մարդիկ բարձրանում են, 14 օր ձների մեջ կանգնում են սահմանին, իջնում են թե չէ, իրենց զորացրում են, թե բա՝ պիտի անեիք, բա ինչ պիտի անեիք։ Բա որ միլիարդներով ձեզ պարգևատրում ենք, էդ 4000 դրամները ինչ փող է, որ էս տղերքի վրայից կտրում եք։ Քաղաքապետարանին պարգևատրում են, կառավարությանը, ՊՆ շենքում նստողներին պարգևատրում են, հիմա ուզում եմ հարցնել՝ ի՞նչ են արել նրանք մինչև էսօր, որ նրանց պարգևատրում եք։ Մենք խրամատների մեջ մեծանում ենք, մենք չգիտենք՝ մեզ հետ ինչ է վաղը լինելու, ու մենք հարգանքի արժանի չե՞նք»։

Մանրամասները՝ տեսանյութում․