Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:40 02-12-2022

«Վեոլիա Ջուր»-ը քաղաքացուն ֆուտբոլի գնդակի պես է վերաբերվում․ քաղաքացի

««Վեոլիա Ջուր» ընկերության ոչ պատշաճ գործելաոճի պատճառով արդեն ավելի քան 3 տարի է՝ չեմ կարողանում նորակառույց տանս բնակություն հաստատել»։ Oragir.News-ի հետ զրույցում Արկադի Խարաջյանը մանրամասնեց, որ Առինջ գյուղում տուն կառուցելու համար ինքը շինարարության թույլտվության ստանալու նպատակով տարիներ առաջ դիմել էր տեղական ինքնակառավարման մարմին։

Այլ պատկան մարմինների, ներառյալ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ խորհրդակցությունից հետո իրեն տունը կառուցելու թույլտվությունը տրամադրվել է։ Իր խոսքով՝ այդ ժամանակ շինարարությունն իրականացնելու որևէ խոչընդոտ չի արձանագրվել։

«Գնացել, սկսել ենք շինարարությունն իրականացնել։ Ու հանկարծ հարևաններն ասում են, որ այդտեղով ջրի մեծ՝ 60 սմ-ոց խողովակ է անցնում։ Ասում եմ՝ չի կարող էդպիսի բան լինել։ Ահա «Վեոլայի» թույլտվությունը, բոլոր փաստաթղթերը կան, եթե խողովակ լիներ, «Վեոլայից» կտեղեկացնեին։ Ո՞նց կարող էին մագիստրալի մասին չիմանալ։ Բարակ խողովակ էլ չէ, որ չիմանային»,- հիշեց նա։

Իր խոսքով՝ այդուհանդերձ, ստացած տեղեկությունը ճշտելու համար դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

«Իրենց ասում եմ՝ ինձ էսպիսի բան են ասել, կարո՞ղ է թյուրիմացություն է, կարո՞ղ է դուք չգիտեք։ Սկսեցին ուղարկել տեղից տեղ։ Դառնում եմ «Վեոլիա Ջուր»-ի ֆուտբոլի գնդակը։ Էստեղից այնտեղ, էնտեղից էստեղ։ Իմ աշխատանքի փոխարեն ես պետք է օրական գնային այս մասնաճյուղ, այն մասնաճյուղ, Առինջի, Աբովյանի մասնաճյուղեր։ Ինչքան մասնաճյուղ կա, ամբողջ օրը չափեցի- ձևեցի»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այդ քաշքշուկներից հետո իրեն առաջարկել են խնդրի մասին իրենց հայտնել դիմումի միջոցով։

«Ասում եմ՝ հարց չկա։ Դիմումը գրում եմ։ Ներկայացնում եմ, որ այսպիսի հարց է առաջացել։ Խնդրում եմ՝ հերքել կամ հաստատել տեղեկությունը։ Եթե չեք հերքում, պարզաբանեք, թե ինչու եք սխալ թույլտվություն տվել։ Ուղղեք այդ սխալը, որ հետագայում չկրկնվի ու խնդիրներ չառաջանան։ Նաև հետագայում ինձ ջուր տալիս հաշվի առնվի այդ փաստը»,- ասաց նա։

Դիմումին արդեն, ըստ նրա, հաջորդել են «Վեոլիա Ջուր»-ից ստացվող զանգերը։

«Սկսում են զանգել ու տարօրինակ բաներ ասել։ Բա որ կորչենք, բա որ չգտնենք, բա էդ որտեղ է, բա Առինջը որտեղ է, բա էդ փողոցը որտեղ է, բա էդ տունը որտեղ է։ Ասում եմ՝ դե հասցեն կա, ձեր պատասխանատվության տարածքն է։ Որոնում եմ, էլենտրոնային քարտեզ ուղարկում, որպեսզի ավելի հեշտ գտնեն տեղը։ Ուղարկում եմ՝ էլի են զանգում ու ասում, թե մենք էսպիսի բաներից չենք հասկանում։ Ասում եմ՝ դե լավ, չեք հասկանում, ուղարկում եմ այդ քարտեզի հատվածային նկարը, ճշտում եմ՝ որտեղից են գալու, նկար եմ ուղարկում, թե ոնց պետք է գան։ Ամեն ինչը հերթով ուղարկում եմ։ Դրանից հետո զանգում ու ասում են՝ չենք գտնի, կկորչենք, էս կողմ-էն կողմ։ Զգում եմ, որ այս մարդկանց խնդիրն այլ է, ոչ թե չեն հասկանում։ Ասում եմ՝ կարո՞ղ է ուզում եք՝ ես գամ- տանեմ, ուղղակի ամաչում եք ուղիղ ասել, թե ՝ հա․․․ եթե դժվար չէ, շատ շնորհակալ կլինենք, մենք ավտո չունենք, էս չունենք, էն չունենք, վարորդ չունենք, վառելիք չունենք․․․ Մի խոսքով՝ ոչ մի բան չունեն այդ մարդիկ։ Չնայած դրանից առաջ իրենց աշխատակիցն ընկերության ավտոմեքենաներից մեկով հարվածել էր մեքենայիս։ Էդ ժամանակ վառելիք էլ, մեքենա էլ ունեին։ Բայց գործի համար չունեն»,- ասաց նա։

Այդ ամենից հետո քաղաքացին այդուհանդերձ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներին իր մեքենայով տեղափոխել է իր հողատարածք։ Սկսել են միասին բացահայտել խողովակի գտնվելու վայրը։

«Փաստացի, իրենք տեղյակ էլ չէին այդ խողովակի մասին ու դրա արդյունքում տալիս են քանդելու շինթույլտվություն։ Այսինքն՝ ես կարող էի քանդել ու իրավունք կունենայի։ Իրենք տեղյակ չէին, և չէին էլ ուզում իմանալ։ Ստացվում է, որ «Վեոլիա Ջուր»-ն ինձ տվել էր պետական գույքը քանելու իրավունք։ Դա իրենց անգրագիտության առաջին փաստը։ Երկրորդ՝ իրենք նույնիսկ քաղաքացու կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո ի վիճակի չեն սեփական ուժերով ու ռեսուրսներով գնալ ու պարզել առկա խնդիրները, ինձ էլ շնորհակալություն հայտնեն ու ներողություն խնդրեն, որովհետև ես դրանից հետո տանում եմ, նախագիծը փոխում եմ, նորից այդ գործողություններով անցնում եմ, նորից ժամանակ ու գումար եմ ծախսում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ տեղեկությանը չտիրապետելն ինքնին խայտառակություն է»,- ասաց նա։

Ի վերջո, քաղաքացու կողմից նախապես պլանավորած տան տարածքը փոխվում է։

«Տուն սկսում եմ կառուցել ու նորից պարզվում է, որ այդ նույն խողովակից բարակ խողովակներով ջուր է անցնում մեր հարևանների տներ։ Սա, իհարկե, նշանակում է, որ իրենք իմ հողն օգտագործում են սեփական շահերի համար։ Ամեն դեպքում, այդ հարևաններն օրինական սպառող են։ Մի խոսքով՝ տունս կառուցում եմ ու նորից դիմում՝ արդեն ջուրը միացնելու համար։ Ու էստեղ մյուս պատմությունն է սկսվում։ Դիմում եմ՝ ասում են՝ չէ, չենք միացնի։ Հարցնում եմ՝ ինչու, պատասխանում են՝ որովհետև քո տարածքով խողովակ է անցնում ու այդ միացումն անօրինական է։ Բայց «Վեոլիան» այդ խողովակն օրինական է համարել, չէ՞, որ մյուսների հետ պայմանագիր է կնքել»,- ասաց քաղաքացին։

Արդյունքում, ընկերությունը պայման է դրել քաղաքացու դիմաց՝ այդ խողովակն իր տարածքից հեռացնելու, ինչից հետո պարտավորվել է քաղաքացուն ջրուղի տրամադրել։

«Ասում եմ՝ ինչի՞ ես պետք է ձեր փոխարեն, իմ հաշվին խողովակը տարածքից դուրս բերեմ։ Ասում են՝ մենք պարտավոր չենք անել դա։ Լավ, ենթադրենք՝ էդպիսի օրենք կա, ինչի հարցում ես կասկածում եմ, այդ դեպքում ես բացի այդ 20 մետրից՝ պետք է ևս 10 մետր ոչ ուղիղ խողովակաշար անցկացնեմ տարածքով՝ դա դուրս բերելու համար։ Թե բա հա, բարդ բան է և այլն, սկսում են մտածել, ու դա ամիսներ է տևում, մինչև մի ուրիշ բան կհորինեն»,- պատմեց մեր զրուցակիցը։

Դրանից հետո արդեն քաղաքացին նորից դիմել է ընկերությանը՝ որևէ կոմպրոմիսի գալու կոչով։ Ընկերության աշխատակիցն առաջարկել է ջուն իր տարածք անցկացել հարևանի ջրագծին միանալու միջոցով։

«Սակայն, ի վերջո դա էլ չիրականացավ։ Որոշվեց մեծ խողովակից օգտվելու թույլտվություն տրամադրել՝ մոտ 150 հազ․ դրամ վճարելու միջոցով։ Այդ վճարումն արեցի։ Իսկ այդ նախագծի վերջնաժամկետն արդեն 2022 թվականի հունվարի 17-ին լրանում է, բայց իրենք նախագծի վրա աշխատանքներն անգամ չէին էլ սկսե՛լ։ Օրը մոտենում է, զանգում եմ իրենց։ Վազելով, խառնված գալիս են, սկսում են ինչ-որ միացումներ անել։ Ու հանկարծ աշխատողները, թե՝ մեզ ասել են, որ աշխատանքները չշարունակենք։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ՝ պատասխանում են, որ տեղյակ չեն, երկուշաբթի կզանգեն, կասես։ Երկուշաբթի չեն զանգում, երեքշաբթի չեն զանգում, էլի էդպես շաբաթներ․․․ պայմանագիրը վերջանում ու սկսում է տույժ-տուգանք պտտվել իրենց վրա։ Դա, ի դեպ, առ այսօր պտտվում է, ու իրենք չեն վճարում դա»,- ասաց նա։

Ի վերջո, քաղաքացին նորից գլխամասային գրասենյակ է մոտենում։ Հայտնում են, որ իրենք տեխպայման են փոխում։

«Ուրեմն, շուրջ 40 մլն․ դրամի տեխպայմանի մասին է, որում «Վեոլիա Ջուր»-ն ինձ պարտադրում է այդ ամբողջ փողոցի խողովակաշարը դուրս բերել սեփական տարածքներից։ Ինչ-որ համայնքի մասշտաբի աշխատանք է դա։ Ընդ որում, անգամ իմ տան կառուցման համար վերցրած վարկն այդքան չի կազմում։ Ասում եմ՝ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ ես սա պետք է վճարե՞մ՝ ասում են՝ դե երևի չէ»,- պատմեց նա։

Այս խոսակցությանն արդեն հաջորդում է մյուս մտահղացումը, այսպես կոչված, «կամավոր սերվիտուտ»-ի պայմանագիր։

««Վեոյիա Ջուր»-ը, կոպիտ ասած, այս պայմանագրով ինչ ու երբ ուզի, կարող է իմ տարածքում անել։ Գումարած դրան՝ որևէ փոխհատուցում չի տալու ինձ դրա համար։ Ավելի պարզ ասած՝ իմ այդ տարածքը դառնում է նաև իրենց կողմից տնօրինվող տարածք»,- ասաց քաղաքացին։

Արկադի Խարաջյանի խոսքով՝ ինքը խնդրում է այդ ամենի իրավական հիմքերը ներկայացնել, որով այդ օրենքը տարածվում է միայն իր վրա։ «Մի հատ այդ գործի հետ կապ չունեցող օրենք են ուղարկում։ Կապվում են իրենց հետ, բացատրում, որ սա իմ դեպքի հետ կապ չունի։ Դրանից հետո իրենց նորկայացրած պայմանների շարքը ներկայացնող որևէ օրենք չեն կարողանում ուղարկել։ Դիմում են Ջրային կոմիտեին՝ դիրքորոշման համար։ Էլի 1-2 ամիս ձգձգվումա պատասխանը։ Նորից զանգում եմ, ասում՝ ձեզ նամակ է եկել, ինձ էլ նամակ է եկել, պատասխանեք։ Ի վերջո, տևական ժամանականց Ջրային կոմիտեն իբր պատասխանում է, ու այդ պատասխանն ինձ այդպես էլ չի հասնում։ Բայց, դրանից հետո «Վեոլիա ջուր»-ն ինձ հայտնում է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել։ Այսինքն, ես իրենց պահանջների հիմքն ու օրենքն եմ պահանջում, ինձ դա չեն տրամադրում, հետո ինչ-որ անհայտ նամակագրություն է տեղի ունենում, որից հետո ես նորից մերժվում եմ՝ առանց որևէ հիմքի»,- ասաց նա։

Քաղաքացին հայտեց, որ ինքը նույնպես նամակ է ուղարկել Ջրային կոմիտե, սակայն, մինչև օրս պատասխան չի ստացել։

«Նամակը մոտ 2 ամիս առաջ եմ ուղարկել, հետո բողոք եմ ուղարկել։ Էլի որևէ արձագանք չկա։ Ես այս իրավիճակը հասկանում եմ այնպես, որ «Վեոլիա Ջուր» ընկերության ու Ջրային կոմիտեի միջև ինչ-որ թաքուն պայմանավորվածություն կա։ Ես «Վեոլիա Ջուր»-ին ասում եմ՝ իմ տարածքով անցնող խողովակների մասով հիմքերը ներկայացրեք, ասում են, որ դա իրենց մոտ հաշվառված գույքի ցուցակում չկա։ Ստացվում է՝ իրեն օգտագործում են իրենց չպատկանող գույքը, ձեզ չպատկանող հողում, օրինական պայմանագրով մեկին ծառայություն եք մատուցում, որի դիմաց գումա՞ր եք ստանում»,- տեսակետ հայտնեց նա։

Քաղաքացու բնորոշմամբ՝ ստեղծված իրավիճակում, ինքը չի կարողանում օգտվել իր իսկ տարածքով անցնող ջրից։

«Դա նման է նրան, որ ինչ-որ մեկի տնով հոսանքի լար անցնի, բայց ինքը լույս չունենա»,- ասաց Խրաջյանը։

Ստեղծված իրավիճակը քաղաքացին ներկայացրել է նաև Հանրային ծառայությունները վերահսկող կոմիտե, իր խոսքով, էնտեղից հայտարարել են, որ համաձայն են «Վեոլիա Ջուր»-ի հայտնած դիրքորոշմանը։ Կոչ են արել նոր շինթույլտվություն ձեռք բերել։

«Հիմա էնտեղ ջուր չկա, ջեռուցումն էլ ջրով է։ Աշխատանքը չեն ավարտում, որ մենք էլ ավարտենք ու կարողանանք տեղափոխվել մեր տուն։ Ո՛չ անում են, ո՛չ էլ բացատրում են չանելու պատճառը»,- ասաց նա։

Արդյունքում, խնդրին լուծում տալու հույսով, քաղաքացին դիմել է նաև ոստիկանություն։ Ոստիկանությունից իրեն հայտնել են, որ իրենք նույնպես անպատասխան են մնացել։ Խնդիրն առկախված է մնացել։