Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:36 02-12-2022

Վաղը Մայր Աթոռից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վաղը դուրս կբերվի համաքրիստոնեական սրբություններից մեկը՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34): Եվ ինչպես պատկերավոր ներկայացնում են Եկեղեցու հայրերը, ինչպես Ադամի կողից արարվեց կինը՝ Եվան, այնպես էլ Քրիստոսի կողից կերտվեց Եկեղեցին։

Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն I դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: 18-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում:

Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ 18-19 դարերում մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

Ս․Գեղարդով է օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը:

Հիշեցնենք, որ Գեղարդը զենք է՝ պահնորդային զենք, որի նպատակը ոչ այնքան կիրառականն է, որքան՝ խորհրդանշայինը։ Այն մարդու՝ պահապան լինելու նշանն էր։

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռից, տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը: Սուրբ Պատարագը կսկսվի ժամը 10:30-ին:

Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00։

Խոնարհվել Գեղարդին, ինչպես և մյուս բոլոր սրբությունների պարագայում, նշանակում է սրբության զորության հավատով զորանալ, ամրանալ, բարձրանալ հոգով։ Այս պարագայում, նշանակում է նաև մեկ անգամ ևս զգալ մարդու՝ քո փրկության համար Աստծու՝ ինքնակամ ստանձնած տառապանքի իրականությունը՝ շոշափելի ու տեսանելի, ինչպես Աստվածամուխ սուրբ Գեղարդը։

Կարմեն Մարտիրոսյան