Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 02-12-2022

Այս ատեստավորումն ունենալու է զրո էֆեկտիվություն․ թե թղթերի մեջ ինչ կգրեն, նշանակություն չունի․ Եփրեմ Մարգարյան

Ատեստավորման որակին և բանակային այլ ստանդարտներին է անդրադարձել ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը՝ բացատրելով, թե ինչու է այս ատեստավորումն ունենալու զրո արդյունավետություն։

Ատեստավորման հիմքում, նրա տվյալներով, կրկին դրվել է հրումը (ժիմ), 100մ վազքը (հատուկ ջոկատների համար հնարավոր է լինի 1կմ), կցված զենքի տեխնիկատակտիկական բնութագրերն ու պարտականություններն իմանալը․ իսկ այս ամենը միշտ էլ եղել է։

Մարգարյանի խոսքով՝ եթե ցանկանում ենք, որ բարձրանան զինծառայողների աշխատավարձերը, և հիմնավորում, որ ատեստավորման արդյունքում վատ ծառայողները պիտի չստանան բարձր աշխատավարձ, ապա դա ճիշտ է, և նույնիսկ ակնհայտ է, որ նման զինծառայողների ներկայությունը զորամասում բացասաբար է անդրադառնում մյուսների վրա։ «Մեր գեներալները գծել-գծագրել են և ներկայացրել կառավարություն, որ մեր բանակը, զինված ուժերը պիտի անցնի ատեստավորում։ Բայց արդյո՞ք մեր գեներալներն էլ չպիտի անցնեն ատեստավորում։ Ես խիստ կասկածում եմ, որ մեր գեներալները կարող են ժիմ անել, վազել, թեպետ իրենց դա պետք էլ չի, քանի որ գեներալն ինքը ռազմագետն է, որ պետք է ղեկավարի զորքը։ Իսկ այ հետաքրքիր է, մեր գեներալները ժամանակակից ու արդիացված սպառազինությունից, մարտավարությունից արդյոք որևէ բան հասկանում են։ Արդյոք իրենք չպիտի հասնեն այն փուլին, որ իրենց կրթության վրա ուշադրություն դարձնեն, որովհետև հետխորհրդային կրթությունն արդի չէ։ Իսկ նրանք միայն դրան են տիրապետում»։

Ըստ Մարգարյանի՝ հենց գեներալներն էլ հասկանում են, որ մարտավարությունը զրո է, և մեր պարտության հիմքում հենց դա է։ Այն ձեռքբերումները, որ մեր բանակն ունենում է, բացառապես կրտսեր սպայական կազմի և հայ զինվորի անձնուրաց ծառայության շնորհիվ է։

Բանակում այս ատեստավորումը կարելի է համարել խայտառակություն։ «Հետաքրքիր է՝ ատեստավորում անցկացնելիս սպայից հարցնո՞ւմ են մարտավարություն, իհարկե՝ ոչ։ Որովհետև նույն գեներալիտետը չի տիրապետում ժամանակակից մարտավարությանը։ Պիտի՞ անցնեն նրանք ատեստավորում։ Եթե անցնեն, ովքեր են վերցնելու իրենցից այդ քննությունը։ Պարոնայք գեներալներ, դուք պիտի զբաղվեք ձեր կրթությամբ և ատեստավորվեք առաջինը, որովհետև մի ամբողջ պետության զինված ուժերի ղեկավարման ծանր բեռը դրված է ձեր ուսերին։ Եվ ձեր իսկ ղեկավարած զինված ուժերը տեսանք, թե ինչ արդյունք ցույց տվեցին»։

Մարգարյանը նշեց, որ բանակում կան բազմաթիվ մասնագիտացումներ, և բոլորից նույն ստանդարտներով արդյունք պահանջելն անհիմն է ու անիմաստ։ «Ինձ կարո՞ղ եք ասել՝ անալիտիկ բաժնի աշխատողի ինչի՞ն է պետք, որ կարողանա տասը ժիմ անի կամ վազի․ նա ոչ մարտական գործողությունների է մասնակցելու, ոչ մարտական հերթապահություն է իրականացնելու։ Այդ մարդու աշխատանքի բնույթը մտածելն է»,- նշեց հրամանատարը։

Նա ընդգծեց, որ մարտունակ է զինվորը, եթե ստանում է ճիշտ կրթություն․ «Մենք բոլորս պետք է փոխենք մեր մտածելակերպը, և այն ամենը, ինչ կապված է զինված ուժերի հետ։ Ժամանակակից տեխնիկա ներկրելու հետ մենք պիտի ունենանք գրագետ մարդիկ, որ կտիրապետեն այդ ժամանակակից տեխնիկային՝ պիտի ընտրվեն ճիշտ կադրեր։ Պետությունը թող իրեն մի քիչ նեղություն տա, ամանորյա տոնածառի լույսերի ծախսերը հանի, և դրա փոխարեն իրենց գործին լիարժեք տիրապետող 15-20 սպա պատրաստի՝ ուղարկելով տարբեր բանակներ»։

Ըստ Մարգարյանի՝ տարբեր բանակներում պատրաստվելու կարիք ունեն նաև գեներալները, քանի որ մեր թշնամին իր բանակի հետ աշխատելու է հրավիրում փայլուն հրահանգիչների աշխարհի տարբեր երկրներից։ Մեր բանակն էլ պիտի կարողանա ուսումնասիրել տարբեր բանակների մարտավարությունն ու դրանց համադրությամբ մշակի իրենը։ Նա ընդգծեց, որ բազմիցս նշվել է, որ բանակում գումարի խնդիր չկա, հետևաբար այդ՝ շատ կարևոր գործի համար կարող են տրամադրել առկա գումարը կամ, օրինակ, տարբեր պաշտոնյաներին տրվող պարգևավճարները։

Եփրեմ Մարգարյանը նշեց, որ եթե խնդիր է դրվում ստանալ պրոֆեսիոնալ բանակ, ապա այս ստանդարտները դրան ոչնչով չեն նպաստում․ «Պրոֆեսիոնալ բանակներում այսպիսի թեթև և խելքից դուրս ստանդարտներ գոյություն չունեն»։ Նույն կրակային ստանդարտները պիտի լինեն մեկը երեքի դեմ հարաբերակցության համար՝ դուրս այսօրվա միակ՝ խաչաձև կրակի տրամաբանությունից, քանի որ դա խրամաբջիջներից ճնշման գործիք է, իսկ մեր թշնամին կարողանում է ճշգրիտ կոորդինացիայով խրամատները մեկ վայրկյանում դարձնել գերեզման։ «Մարտական դիրքերը համարվում են շփման գոտի, իսկ պաշտպանողական բնույթի անցած բանակը պիտի ունենա առաջին, երկրորդ, երրորդ էշելոնի կարգի պաշտպանական բնագծեր»,- ընդգծեց Մարգարյանը։

«Այս ատեստավորումը զրոյական մակարդակից էլ ցածր է լինելու․ թե թղթերի մեջ ինչ կգրեն, և մարդկանց ինչ կներկայացնեն՝ նշանակություն չունի։ Ես՝ որպես ռազմական գործից հասկացող մարդ, ասում եմ՝ սա ունենալու է զրո էֆեկտիվություն։ Մտածենք ավելի ճիշտ մարտավարության, կադրային քաղաքականության մասին»,- ասաց նա։

Բանակի խնդիրների հիմքում է նաև համազգեստը, որ հիշեցնում է պարտությամբ ավարտված պատերազմի օրերը։ «Ես համաձայն չեմ, որ բանակը պարտվել է։ Եթե բանակը պարտված լիներ, հիմա Հայաստանը չէր լինի»,- ասաց Մարգարյանն՝ ընդգծելով, որ խնդիրը համազգեստի հասանելի լինելն է բոլորին և ամենուր․ դրանով հովիվը սար է բարձրանում, արհեստավորը մեքենա է նորոգում, հագնում է՝ ով ուզում է, երբ ուզում է։

Նա ընդգծեց, որ հաճախ այդ ամենը հստակ գիտակցում և փաստում են որոշ սպաներ, սակայն չեն կարողանում դուրս գալ այն ստանդարտներից, որ մշակում և պարտադրում են՝ ռազմական արդի կյանքից կտրված գեներալները։ Մարգարյանը նշեց, որ այդ ստանդարտներից դուրս մտածող և ծանրագույն իրավիճակներում սխալ ստանդարտներն անտեսող զինծառայողները, սպաները ենթարկվում են քրեական հետապնդման, հարուցվում են գործեր, նրանց մեկուսացնում են բանտերում։

Ամփոփելով իր խոսքը՝ Եփրեմ Մարգարյանը նշեց, որ պետք է այս ամենի մասին մտածել և գործել արագ, քանի որ շուտով գալու պաշտպանական բնույթից հարձակողական բնույթի գործողությունների անցնելու ժամանակը, քանի որ կորուստները հետ բերել է պետք․ «Իսկ դրա համար պրոֆեսիոնալ բանակ է պետք, մինչդեռ ժիմ անելով ու հարյուր մետր վազելով, ՏՏԽ ու պարտականություններ ասելով՝ մենք պորֆեսիոնալիզմի չենք հասնի։ Այս բոլորը խաբկանք է»։

Կարմեն Մարտիրոսյան