copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:30 01-12-2022

Ավտորիտար ռեժիմ է. խորհրդարանական կառավարման ձևը չարիք է այնտեղ, որտեղ հասարակությունը հիվանդ է

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, անցում չի լինելու նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևի, պետական կառավարման համակարգը մնալու է խորհրդարանական:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ, ով ասաց. «Ընդհանրապես՝ կառավարման ձևի լավ կամ վատի վերաբերյալ հնարավոր չէ միանշանակ դատողություն անել, որովհետև դրանք պետք է դիտարկել համալիր ամբողջության մեջ։ Ամեն մեկն ունի իր առավելություններն ու թերությունները։ Հիմա ես առավելապես՝ առաջին հերթին ուզում եմ երևույթին անդրադառնալ այն առումով, որ սահմանադրական խորհուրդը, եթե չեմ սխալվում, քվեարկությամբ, մեկ դեմով որոշել է, որ կառավարման ձևը չի փոխվելու։ Հասկանո՞ւմ եք, դա նույնն է, որ քվեարկությամբ որոշես, որ բազմապատկման աղյուսակը փոխես, թե՞ չփոխես, կամ ասենք, երկրի պտույտն արեգակի շուրջ փոխես, թե՞ չփոխես։ Կառավարման ձևը փոխելու կամ նույնը թողնելու համար սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը առնվազն պետք է մեծածավալ հայեցակարգային հիմնավորում ներկայացներ՝ իր բոլոր տրամաբանական հիմնավորումներով, առավելություններով ու թերություններով, և այդ հայեցակարգային հիմնավորումների հիման վրա նոր որոշում կայացվեր, թե կառավարման ձևերից որն է առավել արդյունավետ։ Բայց, ըստ էության, սոցիալ-կենցաղային մտածողություն ունեցող անդամների սուբյեկտիվ կարծիքների հիման վրա քվեարկել են, որ խորհրդարանական ձևը ավելի լավն է։ Այդպես սահմանադրություն չեն փոխում։

Ընդհանրապես, սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ սահմանադրական կարգավորման ենթակա բոլոր ոլորտները միանշանակ են, այսինքն քվեարկությամբ չի որոշվում լավն ու վատը, այն որոշվում է գիտական հիմնավորմամբ ու տրամաբանությամբ։ Բնականաբար, եթե չունենք գիտնականներ, տրամաբանող անդամներ ու մասնագետներ, ապա ամեն ինչ որոշելու են քվեարկության միջոցով»։

Այվազյանի խոսքով, այժմ առավել նպատակահարմար է կիսանախագահական կառավարման ձևին վերադառնալը, քանի որ երբ մենք ունեինք կիսանախագահական կառավարման ձև՝ մեր երկրի և՛ անվտանգության, և՛ ինստիտուցիոնալ կայացման խնդիրները քիչ, թե շատ լուծված էին. «Իշխանության վերարտադրության նպատակով փոխեցին կառավարման ձևը՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով և արդյունքում մենք տեսանք. թե ինչպիսի կառավարման համակարգ ունեցանք։ Տեսեք, ես ոչ թե նկատի ունեմ, որ խայտառակ պարտությունը սահմանադրական փոփոխության հետևանք էր, այլ խնդիրն այն է, որ մենք ունեցանք կազմալուծված ու չգործող պետական կառավարման համակարգ, որը չկարողացավ դիմակայել արտաքին մարտահրավերներին: Խնդիրն այն է, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեր իրականության արատավորված մտածողության պայմաններում լիակատար հնարավորույուն է ընձեռում երկրում սահմանելու տոտալ բռնապետական ռեժիմ, որովհետև մեկ անձը, որին ժողովուրդը չգիտես ինչու կուրորեն հավատում էր անգամ իր բոլոր մեղսագործություններից հետո՝ վերստին քվեարկելով նրան: Խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն է ընձեռում լիովին իր ձեռքում կենտրոնացնել ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանությունը, որովհետև ըստ էության, օրենսդիր իշխանությունն իր քաղաքական մեծամասնությամբ գործող վարչապետի թիմն է։ Խորհրդարանական կառավարման համակարգը չարիք է այն երկրներում, որտեղ հասարակությունը հիվանդ է, խոսքը վերաբերում է ՀՀ հասարակությանը, որովհետև այն արդյունավետ է եվրոպական այն երկրներում, որտեղ ընտրություններում հաղթող կուսակցության լավագույն ամենա-ցուցանիշը չի գերազանցում երեսուն-երեսունհինգ տոկոսը և միայն կարող են միմյանց փոխադարձ զսպող կոալիցիոն գործընկերության միջոցով ձևավորել մեծամասնություն ու կառավարություն, մեր հասարաությունն այնքանով է հիվանդ, որ կարող է յոթանասուն- ութսուն տոկոս քվե տալ մեկ կուսակցության կամ մեկ մարդու։

Չարիքի մյուս դրսևորումն այն է, որ հիվանդությունն անգամ խայտառակ պարտությունից հետո չանցավ հասարակության մեջ և նա նորից վստահեց այդ իշխանույթանը: Խորհրդարանական կառավարման ժամանակ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետների սահմանափակում չկա, եթե նախագահականի ժամանակ երկու անգամից ավելի անընդմեջ չէր կարող ընտրվել, ապա այս պարագայում ինչքան հաղթեցին ընտրություններում՝ նույն քաղաքական ուժը և այդ ուժի ղեկավարը դառնում է երկրի ղեկավար և ըստ էության, մեր երկրում ձևավորվում է մեկ ու կես կուսակցական համակարգ։ Դա նույն տոտալիտար համակարգն է, երբ մի ամբողջ կուսակցություն երկրի բոլոր հարցերը լուծում է միանձնյա կերպով, էն մյուսն կեսն էլ գոյություն ունեցող ու չունեցող ընդդիմադիր ուժերն են, և տեսանք, որ ոչ օրենսդրական գործընթացի վրա կարող են ազդեցություն ունենալ, ոչ էլ՝ հասարակության կյանքի կարևոր հարցերի լուծման համար։ Մեր մտածելակերպի պայմաններում այս կառավարման ձևը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք դառնանք ավտորիտար ռեժիմի պետություն և այդպիսին էլ կանք։ Մյուս կարևորագույն պայմանն էլ այն է, քանի որ ՀՀ անվտանգային և գոյութենաբանական երաշխիքները ես տեսնում եմ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններում, ապա այդ հարաբերություններն ավելի ներդաշնակ ու արդյունավետ դարձնելու համար պետք է մեր կառավարման ձևերը սինխրոն լինեն, որպեսզի համապատասխան համարժեք պետական ինստիտուտները կարողանան իրար հետ ավելի արդյունավետ համագործակցել, որովհետև չեն կարող վարչապետն ու նախագահը նույն հարթության վրա լինեն»։