Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 01-12-2022

Ադրբեջանը հնարավորինս հակազդելու է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունած այդ բանաձևին․ փորձագետ

Ինչպես Ֆրանսիայի Սենատի՝ այնպես էլ այդ երկրի ԱԺ ընդունած բանաձևը իրավական ազդեցություն կարող է ունենալ, երբ այն հաստատվի գործադիր մարմնի կողմից։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։ Ըստ նրա՝ այդպիսով բանաձևը կհաստատվեր որպես պետական քաղաքականության ուղենիշ և կորդեգրվի որպես Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մասը։

«Խոսքը վերաբերում է և՛ Արցախի ինքնորոշման ճանաչմանը, և՛ հարակից մյուս հարցերին։ Այդ թվում այն մեխանիզմները, որոնք արդեն գործադիրը պետք է նախանշի։ Օրինակ՝ ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից դուրս բերելու հարցը։ Ինչպես գիտեք՝ և՛ Սենատի, և՛ Խորհրդարանի բանաձևերում կան հարցադրումներ՝ հենց սրանց հետ կապված։ Այդ իմաստով շատ ավելի կարևոր է, թե դա ինչպես կիրացվի Ֆրանսիական արտաքին քաղաքականության կողմից։ Եթե այն չդառնա գործադիրի, և ընդհանրապես, ֆրանսիական արտաքին քաղաքականության մաս՝ կարծում եմ՝ այդ բանաձևերը մեզ համար կունենան ավելի դեկլարատիվ բնույթ։ Սա առավելապես կդառնա Ֆրանսիայի քաղաքական, և ո՛չ գործուն աջակցություն՝ ուղղված Հայաստանին»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ բանաձևերի ընդունումից առաջիկայում տեսանելի որևէ արդյունք պետք չէ ակնկալել։
«Չեմ կարծում, թե տեսանելի ապագայում հնարավոր է, որ Ֆրանսիան այն դարձնի իր համար իմպերատիվ պետական քաղաքականության բաղադրիչ։ Դա կնշանակի, որ իրավական առումով այդ բանաձևը հետևանք չի ունենա և այն ավելի շատ կլինի հռչակագրային»,- ասաց նա։

Արա Պողոսյանի խոսքով՝ այս առումով ադրբեջանական կողմի գործողությունները բավականին կանխատեսելի են՝ հաշվի առնելով նաև ժամանակ առաջ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին հետևած արձագանքը։
«Իհարկե, Ադրբեջանը հնարավորինս հակազդելու է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունած այդ բանաձևին։ Դրանք մենք կտեսնենք արդեն բազմամակարդակ հարաբերությունների ընթացքում։ Դա կարտահայտվի Ադրբեջանի արտահայտամիջոցների տարբեր ձևերով և երանգներով։ Այդ ընթացքում ոչ միայն սպասելի է, այլև բնական է, որ այդպես էլ պետք է լինի։ Հատկապես, հաշվի առնելով այն, որ առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանն այլևս Հարավային Կովկասում իրեն դիտարկում է որպես ինքնուրույն խաղացող պետություն, որը կարող է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասում։ Նաև այդ իմաստով, Ադրբեջանը փորձում է ցուցադրել իր հավակնություններն ու աշխարհաքաղաքական պատկերացումը՝ տարածաշրջանի վերաբերյալ»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե մինչև Արցախյան 2-րդ պատերազմի մեկնարկը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա էր որոշակի հավասարակշռում, ապա հիմա Ադրբեջանը փորձում է ստանձնել անդրկովկասյան լիդերի կարգավիճակը։
«Այս իմաստով նաև այդ երկիրն ամեն կերպ փորձելու է հակադրվել աշխարհի տարբեր կենտրոնների հետ, փորձելու է գնալ որոշակի, պայմանականորեն ասած, առք ու վաճառքի։ Դրանց հիմնաքարը կլինի սեփական, առնվազն, ռեգիոնա տեսլականի սպասարկումը»,- ասաց նա։
Անդրադառնալով Սենատի ընդունած բանաձևի հասցեին Ադրբեջանի կողմից հնչած քննադատությունից հետո Ֆրանսիայի ԱԺ ընդունած բանաձևի նպատակին՝ քաղաքագետն ասաց, որ դա Հայաստանի համար կարևոր ենթատեքստ ունի։
«Դրա համահեղինակների կամ հեղինակների մի կողմը հենց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն ու ֆրակցիան է։ Այդ իմաստով, կարելի է որոշակի կանխատեսում անել, որ այս բանաձևը, եթե ոչ պաշտոնական արտաքին հարաբերությունների հայեցակարգային մաս, ապա առնվազն դիվանագիտական խողովակներով հայամետ քայլ կարող են դառնալ։ Բայց, կարծում եմ, որ դա իմպերատիվ բնույթ չի կրի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ քաղաքագետը Ֆրանսիայից գործուն քայլեր առայժմ չի կանխատեսում։
«Տեսանելի ապագայում Ֆրանսիան չի գնա Արցախի ինքնորոշման ճանաչմանը։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ անվտանգության հետ կապված հարցերում կփորձի որոշակի մեխանիզմերի ձևավորմանը նպաստել։ Գիտենք նաև, որ արևմտյան կամ Բրյուսելյան հարթակի խորքային խնդիրներից մեկն այն է, որ առաջարկվում են արցախահայության անվտանգության երաշխիքներ։ Դա մեկ մակարդակով ցածր է այն ակնկալիքներից, որոնք առնվազն եղել են Արցախի հետ կապված։ Խոսքը ինքնորոշման ճանաչման մասին է»,-ասաց նա։

Քաղաքագետը Ֆրանսիայի այս գործողությունը բացատրում է նաև նրանով, որ և՛ Ֆրանսիան, և՛ ԵՄ մյուս անդամներից Գերմանիան փորձում եմ հնարավորինս անկախ արտաքին քաղաքականություն վարել՝ ԱՄՆ-ից և ԵՄ-ից։
«Նաև հիշենք, որ Ադրբեջանում կա տնտեսական շահերի խնդիր։ Իսկ Ադրբեջանում բավականին նշանակալից է մասնավորապես Մեծ Բրիտանիայի տնտեսական հետաքրքրությունները, որոնք հենց British Petrolium-ի միջոցով արտահայտված են Ադրբեջանում։ Այստեղ կարելի է նաև նշմարել Ֆրանսիայի՝ Հարավային Կովկասում որոշակի լծակներ ստանալու հավակնությունները։ Իսկ այդ հավակնությունները Ֆրանսիան կարող է ձեռք բերել հենց Հայաստանի միջոցով, և ո՛չ Ադրբեջանի։ Ադրբեջանն ակնհայտորեն ունի բրիտանական՝ առնվազն տնտեսական ու քաղաքական ներկայություն։ Եթե Ֆրանսիան որոշեր խաղադրույք կատարել Վրաստանի հաշվով, ապա այնտեղ կա բավականին մեծ ամերիկյան ազդեցություն»,- ասաց նա։
Այս քայլերին դիմելու գործընթացին, ըստ նրա, նպաստում են նաև Ռուսաստանի ազդեցության որոշակի նվազումը։
«Եթե հիպոթետիկ ձևով ընդունենք, որ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը պակասելու է, ապա այդ դաշտը, բնականաբար, թափուր չի մնալու և կարելի է նշմարել այդ թափուր մնացող տեղի համար Ֆրանսիայի հավակնությունները»,- ասաց նա։

Հայկական կողմն, ըստ քաղաքագետի, պետք է կարողանա վարել ոչ միայն հավասարակշռված արտաքին քաղաքականություն, այլև կարողանա Ֆրանսիայի հետ հարաբերություններում շատ նուրբ դիվանագիտական մոտեցում ցուցաբերել։
«Պետք է փորձ արվի այդ բանաձևերը հնարավորինս կապիտալիզացնելու։ Հայկական կողմից պատշաճ և շատ գրագետ, նուրբ դիվանագիտական քայլերի տրամաբանված հաջորդականության միջոցով հնարավոր է գոնե որոշակի դրվագներով ոոշակի օգուտներ քաղել ու փորձել մասնավորապես Արցախյան և անվտանգության հարցում Ֆրանսիայից օժանդակություն ստանալ»,- եզրափակոց փորձագետը։

Ձեզ գուցե հետաքրքրի