Երևան +9°
copy image url
Միտք 1 տարի առաջ - 17:07 01-12-2022

Կարևորը` մի լեյտենանտ գտնեն ու 340 դոլարի դիմաց պետական դավաճան հայտարարեն, այնինչ ամենամեծ դավադիրները ծաղկում ու իշխում են․ Զաքարյան

Միակ նախաձեռնությունը, որը Նիկոլի կառավարությունը հետևողականորեն տանում է առաջ, բյուջեի օրինականացված յուրացումը խորհրդանշող պարգևավճարների բարձրացումն ու դրանք աշխատավարձերին հավասարեցված վճար դարձնելն է, կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Քանի որ ժողովուրդն այլևս թքած ունի, թե ով ինչ է անում, նրանք էլ որոշել են օրենքով պարգևավճարը դարձնել աշխատավարձին «կցված» պարտադիր վճար, որ այլևս ոչ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչու՞ եք սրան կամ նրան ոչ մի բան չանելու, կամ, ավելի վատ` երկիրը կործանելու համար պարգևատրում ժողովրդի փողերով:

Ես միշտ ասել եմ, որ շատ աշխատողին, արդյունավետ ու նվիրված պետական ծառայողին ու բարձրաստիճան պաշտոնյային վճարելու համար պետությունը չպետք է խնայի և պետք է վճարի պատշաճ աշխատավարձ: Իսկ բոսյակներին ու «դառմայեդներին» պետք է ոչ թե աշխատավարձ տալ, այլ խզակոթներին տալ ու դուրս շպրտել պետական համակարգից:

Նիկոլի «կառավարությունը» բազմիցս ապացուցել է, որ քաղաքական իմաստով` բոսյակների և պետական կառավարման իմաստով` դառմայեդների «կառավարություն» է: (Որակումը հավաքական է. բարեբախտաբար, դրանցից մեծ մասին անձնապես չեմ ճանաչում): Մենք հարյուրավոր անգամներ համոզվել ենք, որ սրանց գործը քաղաքական կառավարման տեսանկյունից` Հայաստան պետություն կործանելն ու Արցախի հողերը դավադրաբար վաճառելն է: Իսկ պետական կառավարման տեսանկյունից` տեղեկատվական խաբեություններով ու իրավական մանիպուլյացիաներով ժողովրդի բյուջեն մեջ-մեջ անելն է:
Պարգևավճարների, անիմաստ հանրային միջոցառումների, անօգուտ շինարարությունների և անորակ ասֆալտապատումների վրա մսխվող ահռելի միջոցներ: Բյուջեի ոլորտային ծախսերը մեծացնելու, իսկ փոխարենը` ոլորտի վիճակն ավելի վատացնելու հստակ օրինաչափություն:

Իրավական համակարգի և արդարադատության բարդակ: Ոստիկանական պետությանը բնորոշ «բարեփոխում», պետական համակարգի պահպանության (իրականում` կապիտուլյանտի իշխանության պաշտպանության) համար պետական փողերի մսխում՝ Երևանի կենտրոնում պարապ-սարապ ծռմռվող ոստիկանության պահպանման վրա:

Տնտեսական զրո ներդրում, բացառիկ կախվածություն արտաքին պատահականություններից` ավելացող գնաճով ու շրջափակման վտանգներով: Անվտանգության իմաստով` այստեղ համարեք, որ հայհոյանք է գրված:
Արտաքին անպտուղ քաղաքականությունը` «քաղաքական» թեթև ֆոն տված և դրսից պրոտոկոլով շղարշած միջազգային բոսյակություն:

Տարածքային և տեղական ինքնակառավարումը` տոտալ ՔՊ-ացում և հանրային միջոցներից օգտվելու նոր` երիտասարդ «մեխանիզմների» մշակում: Եվ այսպես շարունակ:
Հայրենիք հանձնած «իշխանության» պարգևավճարն ու աշխատավարձը երկրաչափական պրոգրեսիայով աճեցնող հասարակությունը ոչ միայն ապագա, այլև ներկա ունենալ չի´ կարող:

Սա կոչվում է բյուջեի օրինականացվող յուրացում` քաղաքական անպատասխանատվության պայմաններում:
Հ.Գ. Կարևորը` մի լեյտենանտ գտնեն ու երեք հարյուր քառասուն դոլարի դիմաց պետական դավաճան հայտարարեն: Այնինչ ամենամեծ դավադիրները ծաղկում ու իշխում են Հայաստանում»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: