Ներքին 3 տարի առաջ - 18:48 30-11-2022

Մանդատները վայր դրած պատգամավորների հիմնավորումները հարգանքի արժանի են․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Հայաստան» խմբակցության՝ մանդատները վայր դրած պատգամավորներն իրենց որոշումը մեկնաբանել են, ներկայացրել են նաև պատճառներն ու հիմնավորումները, որոնք հարգանքի արժանի են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանի, Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի՝ խմբակցությունը լքելու փաստին։

«Հարգանքի արժանի է ցանկացած սկզբունքայնություն և հետևողականություն։ Եվ, որքան հարգանքի արժանի է խորհրդարան չգալու և գործունեությունը շարունակելու խորհրդարանից դուրս՝ նույնքան էլ հարգանքի արժանի է մյուս սկզբունքային դիրքորոշումը՝ մնալու խորհրդարանում և ամեն գործիքակազմով պայքարը շարունակելու»,- ասաց նա։

Այս ֆոնին նա արձանագրեց, որ չնայած տարբեր գործելաոճերին՝ նպատակային առումով որևէ փոփոխություն չի արձանագրվել։

«Ինձ համար ընդունելի են ցանկացած մարտավարական, գործքակազմի փոփոխություն, բայց միակ բանը, որ չպետք է փոխվի՝ նպատակն է»,- ասաց նա։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պառակտման վերաբերյալ շրջող խոսակցությունների թեմային՝ Վարդանյանն ասաց, որ այդպիսի բան չկա։

«Կարծեմ, Վահե Հակոբյանն էլ է այս հարցին անդրադառնալով կարևոր մեկնաբանություն տվել առ այն, որ պառակտման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Պառակտում կարող էինք համարել, եթե, օրինակ՝ պահեին մանդատները, այսինքն մնային խորհրդարանում՝ հակադիր դիրքորոշմամբ։ Այդպիսի բան չի եղել։ Ես սա ընկալում եմ որպես բնականոն ընթացք։ Տեղի են ունենում բարդագույն իրադարձություններ։ Մենք անցնում ենք բարդագույն ճանապարհով, և այդ ճանապարհին ձևափոխումներն ու տարբեր փոփոխությունները միանգամայն բնական եմ համարում։ Որևէ խնդիր չեմ տեսնում և որևէ եզրահանգման չեմ գալիս դրանից։ Դաշինքը ձևավորվել է 3 ուժերով, դաշինքի ձևավորման մասին կա հռչակագիր։ Այն լուծարված կարելի է համարել միայն այն դեպքում, երբ 3 ուժերի ներկայացուցիչները հայտարարեն դրա մասին։ «Հայաստան» ֆրակցիան դաշինքի դրսևորումներից մեկն է։ Մենք, այս պահի դրությամբ ոչ միայն չունենք դաշինքի լուծարման կամ փլուզման իրավիճակ, այլև դրա համար անհրաժեշտ նախադրյալներ էլ չկան»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը վստահեցրեց, որ այս առումով որևէ փոփոխության դեպքում հանրությունն այդ մասին պատշաճ կարգով կիրազեկվի։

«Այս գործընթացների ավարտին հանրությունը կարողանալու է ամբողջական գործողությունների արդյունքում գնահատական տալ։ Նաև վստահ եմ, որ այդ գնահատականները լինելու են օբյեկտիվ։ Հիմա, մենք դեռ այդ պրոցեսների ընթացքի մեջ ենք։ Ու ճանապարհի կեսին կանգնել ու գնահատական տալուն կողմնակից չեմ։ Կա գլխավոր նպատակ ու այդ նպատակին պետք է ծառայեցնել բոլոր միջոցները։ Այո, կարող են տարբեր տեսակետներ լինել։ Մեկին կարող է թվալ, թե թուլանում ենք, մյուսներին՝ որ ուժեղանում ենք։ Բայց վերջնարդյունքում գնահատականները կարող են 180 աստիճանով փոխվել։ Կարծում եմ, որ այս պայքարը հաջողությամբ ավարտելու դեպքում գնահատական տալու ժամանակ ունենալու ենք։ Դա պետք է արվի պրոցեսների ավարտին»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ այդուհանդերձ, այդ փոփոխություններն ամենակարևոր գործընթացները չեն, որ տեղի են ունենում մեր երկրում։

«Հայաստանի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները շարունակում են մնալ անվտանգությունը, և այդ անվտանգությանը սպառնացող արգասիք ստեղծող իշխանության աթոռը զավթած անձը։ Այս հարցերի քննարկումը շատ ավելի կարևոր է, մանավանդ այն պայմաններում, երբ լարվածությունը սահմաններին գնալով աճում է։ Մենք հիմա ամենամոտն ենք էլի՝ սեպտեմբերի պատերազմյան իրավիճակին»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է