copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 29-11-2022

Ինչու է Հայաստանում այս պահին կառուցվում այնքան բնակարան, որքան Արցախի բնակչության թիվն է

Հայաստանում ակնհայտ է շինարարական ակտիվությունը․ շինարարական խոշորագույն ընկերություններից միայն երկուսը՝ ML Mining-ը և ArGo-ն այժմ կառուցում են բնակարաններ, ըստ իրենց պաշտոնական էջերում առկա տվյալների, շուրջ 100 հազար բնակչի համար։

Ինչպես տեղեկանում ենք ML Mining-ի պաշտոնական էջից, 2021 թվականին ընկերության կառուցապատման ծրագրերի ընդհանուր մակերեսը գերազանցել է 500 հազար ք/մ-ը, մի առանձին թաղամաս էլ կառուցում է ArGo ընկերությունը։ Մոտավոր հաշվարկներով՝ այս պահին կառուցվում է շուրջ 20 հազար բնակարան։

Այսօր արդեն առաջարկվում է՝ շինարարական տարբեր փուլերում գտնվող բնակֆոնդ ավելի քան հարյուր հազար բնակչի հաշվարկով․ այս թիվն ակամա հիշեցնում է Արցախի բնակչության թվաքանակը։ Կա՞ արդյոք հիմք նման զուգահեռի՝ Արցախը հայաթափելու ծրագրով կառուցապատումն անելու կասկածի համար, թե՞ մեր երկիրն ունի այդքան բնակարանի պահանջարկ․ հարցն ուղղեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանին։ Նա ընդգծեց, որ խնդիրը հավելյալ ուսումնասիրության կարիք ունի՝ ասելով․ «Այդ հարցն առանձին հետազոտություն է պահանջում։ Բայց կարող եմ ասել, որ որոշակի պահանջարկ կա՝ հատկապես Ռուսաստանից եկած մարդկանց կողմից։ Բայց, ի վերջո, պիտի խոսենք գնողունակ պահանջարկի մասին․ արդյո՞ք մեր բնակչության եկամուտներն աճում են այնքան, որ կարողանան այդ առաջարկը կլանել։ Կասկածելի է»։

Oragir.News-ը կառուցապատող երկու ընկերություններից տեղեկատվություն խնդրեց բնակարանների պահանջարկի վերաբերյալ՝ հարցնելով, թե բնակարանների որ մասն է իրացված, և որտեղից են գնորդները։
ML Mining ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կան գնորդներ Արցախից, ՌԴ-ից, Ուկրաինայից, բայց նրանք շատ չեն, գերիշխում են ՀՀ քաղաքացի-աշխատողները, որ շտապում են օգտվել եկամտահարկի հետվերադարձի օրենքից։

Մարգարյանի խոսքով՝ իրենք իրացման խնդրի առաջ չեն, քանի որ ընկերությունը աշխատում է շահավետ առաջարկներ ներկայացնել։ «Փորձում ենք մարդկանց չխաբել, ապահովել մատչելի բնակարաններով, ունեցել ենք ծրագիր հանրային ծառայողներին բնակարանով ապահովման, հիմա ընթացքում է մեկ այլ հետաքրքիր նախագիծ։ Իրականացնում ենք տասից ավելի ծրագիր՝ Երևանում և մարզերում։ Այս պահին շուրջ հազար ամրագրումներ և գնման իրավունքներով բնակարաններ ունենք»,- ասաց Մարգարյանը՝ նշելով, որ այս պահին առկա է չորս-հինգ հազար բնակարանի նախագիծ։

«Մեր գնորդներին, կարծես, ավելի շատ եկամտահարկի հետվերադարձի օրենքի դուրս գալն է ստիպում, որ անգամ եթե բնակարան ունեն և բնակարանի կարիք չունեն, օգտվելով այդ ծրագրից՝ ձեռք բերեն բնակարան»,- ասաց նա։

Հարցին, թե առկա առաջարկի որ տոկոսն է ամրագրված կամ վաճառված՝ նա պատասխանեց․ «Տարբեր պրոյեկտներում վիճակագրությունը տարբեր է․ այն բնակարանները, որ հաջորդ տարի պատրաստ են լինելու, հանձնվելու են, գրեթե ութսուն տոկոսն է վաճառված, այն բնակարանները, որ 2024-2025-ին են հանձնվելու շահագործման, մոտ 24-25 տոկոսով են վաճառված։ Որքան ավարտին է մոտենում շինարարությունը, այնքան ավելի քիչ են մնում ազատ բնակարաններ»։

Դիտարկմանը, որ կառուցվող բնակարանները մեր շուկայում մի քանի անգամ գերազանցում են առկա պահանջարկը՝ Մարգարյանը պատասխանեց․ «Շուկան, այո, բավական լճացել է, շատ են նոր կառուցապատող ընկերությունները, անփորձ ընկերությունները, ոչ շինարարական ընկերությունները, բայց ընդհանուր վիճակագրություն չունենք։ Մեզ մոտ վաճառքի համար մեծ դեր ունի ընկերության բարի համբավը։ Դրա համար չունենք այնպիսի պրոյեկտ, որ սկսել ենք ու փոշմանել, որ սկսել ենք, որովհետև պահանջարկ չկա։ Այլ կառուցապատողներ կարող են ասել, որ պահանջարկ չկա, տնտեսագետները ևս կարող են իրենց հաշվարկներն ունենալ, որ ոչ մի բում երկար չի կարող տևել, ինչ-որ պահից հետո պիտի մարի։ Բայց այսօրվա դրությամբ կառուցապատողը պահանջարկ ունի, և դա մեծապես 2025 թվականից դուրս եկող եկամտահարկի վերադարձի օրենքով է պայմանավորված»։

Նա հաղորդեց, որ նաև ռուսներ և ուկրաինացիներ են արդեն ձեռք բերել կամ ցանկություն հայտնել ձեռք բերել բնակարաններ Հայաստանում։ Դրանք հիմնականում այն օտարերկրացիներն են, ովքեր իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան։ «Չէի ասի, թե շատ են, գործոնն էական չէ։ Բայց կարծում եմ՝ այդ գործընթացը շարունակվում է, ոմանք ձեռք են բերել, ոմանք բանակցությունների փուլում են, թեպետ մեծ տոկոս չեն ներկայացնում»։

Քաղաքական տարբեր խմորումներ, իշխանական տարբեր ներկայացուցիչների՝ Արցախի հայերի հնարավոր ցեղասպանության մասին հաճախակի դարձած հայտարարությունները ստիպում են անհանգստությամբ հետևել Արցախի հայաթափման ծրագրերի մասին հուշող ցանկացած փաստի։ Հայաստանի բնակարանային շինարարության այս բումը ևս չի կարող չանհանգստացնել․ բարալիկ միջանցքով մայր Հայաստանին կապված Արցախի բնակիչները հերթական անհեթեթ-դավաճան որոշումից հետո մի ակնթարթում կարող են հայտնվել թշնամական բռունցքում՝ Հայաստանում պատսպարվելուց զատ այլ ելք չտեսնելով։ Եվ գուցե շինարարական այս բումը սնուցելը ներկայիս իշխանության՝ սեփական ապիկարության հստակ-հստակ արձանագրումն է, որի արդյունքում եկամտահարկի հետվերադարձի օրենքով խթանում է շինարարության ծավալների ավելացումը, իսկ այդ օրենքը քիչ-քիչ հանելով՝ ազատ պահում առկա ու կառուցվող բնակարանները «սև օրվա համար»։