Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:16 28-11-2022

«Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնում բացված նոր բաժանմունքի դահլիճն անվանակոչվեց Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անունով

«Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնում բացվեց նոր վերանորոգված բաժանմունք, որի դահլիճը անվանակոչվեց 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Քառօրյա պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի (խմբ․ Անդրանիկ Զոհրաբյանը վերջերս արժանացել է Արցախի հերոս կոչման) անունով:

Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, նշեց, որ Քառօրյա պատերազմում իր որդին և բոլոր տղաները հանուն հայրենիքի տվել են իրենց ամենաթանկը՝ կյանքը:

«Սա մեզ համար ուղղակի սրահի անվանակոչման արարողություն չէ, այն ավելին է, որովհետև այս քայլով գնահատվում ու արժևորվում է մեր տղաների սխրանքը, իրենց արած գործը: Արվում է մի քայլ, որով մեր տղաների անունն ու հիշատակը կպահպանվի և կփոխանցվի հետագա սերունդներին: Շատ կարևոր է նաև մեզ համար, որ մեր որդու՝ Անդրանիկի անունով դահլիճը բացվեց հենց Զինվորի տանը, այն վայրում, որտեղ բուժվում ու իրենց առողջությունն են վերականգնում պատերազմ անցած մեր վիրավոր հերոսները, որդուս մարտական ընկերները: «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնում շատ ջերմություն կա. սա իրոք տուն ու օջախ է մեր զինվորների համար,ուր իրենք գալիս են մեծ սպասելիքով ու ակնկալիքով»,- ասաց Անդրանիկ Զոհրաբյանի հայրը:

Հերոսի հայրն ընդգծեց, որ իրենք սրտանց մի բան են ցանկանում Աստծուց, որ «Զինվորի Տուն» ոտք դրած յուրաքանչյուր զինվոր այս տան պատերից դուրս գա առողջացած, ապաքինված և կարողանա գնալ իր երազանքների ու նպատակների հետևից:

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն ասաց, որ այս պահին երեք պատերազմների հետևանքներով ամբողջ Հայաստանում կա 10500 զինվորական հաշմանդամ, ինչպես նաև բազմաթիվ տղաներ, ովքեր վիրավորում են ստացել խաղաղ պայմաններում:

«Սոցիալական ծառայության բաժինը նախորդ տարի արդեն չորս հազար զինվորի կարիք է գնահատել, սա ամենակարևոր գործերից մեկն է, որը թույլ է տալիս խուսափել հետագա բարդություններից։ Այսինքն, երբ դու ճիշտ ժամանակին վիրավոր զինվորին գտնում ու կանգնում ես նրա կողքին, դու ունենում ես հաջողված ու երջանիկ պատմություն»,- ասաց Հայկուհի Մինասյանը:

Նա փաստեց, որ այսօր տղաներն արդեն կկարողանան բարեկեցիկ և արժանապատիվ պայմաններում օգտվել բոլոր ծառայություններից: Իսկ այս տարվա ընթացքում ևս երկու հազար զինվոր կկարողանան կենտրոնի ծառայություններից օգտվել:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Զինվորի տան թողունակությունը, ցավոք սրտի, պահանջում է նոր հնարավորություններ, որպեսզի բոլոր տղաները ստանան համապատասխան օգնություն:

«Մենք որևիցե մեկին երբևէ չենք մերժել: Զինվորի տանը նրանք ստանում են ոչ միայն վերականգնողական, վիրահատական բուժում, այլ այստեղ կրթություն են ստանում և ամբողջական սոցիալիզացիայի են ենթարկվում: Եվ ամենակարևորը՝ դրանից հետո նրանք ընտանիք են կազմում՝ ունենալով աշխատանք: Այդ ամենին այսօր կնպաստի նաև այս բաժանմունքի բացումը, որը թույլ կտա էլ ավելի բարելավել սոցիալական ծառայության որակը և դրանից բխող բոլոր գործընթացները»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, Զինվորի տան դահլիճին նվիրեց իր որդու և նրա զինակից ընկերների լուսանկարները, որպեսզի հերոսների ներկայությունը միշտ տղաների կողքին լինի: