Երևան +14°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:12 26-11-2022

Խոսում եք այն ճանապարհների մասին, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանին. Նախիջևանը բլոկադայի մեջ չէ, բլոկադայի մեջ Արցախն է․ Գ․ Դանիելյան 

Հայաստանը երբեք ագրեսոր չի եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ ասաց իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Երբ մենք խոսում ենք միջազգային փաստաթղթերի մասին, նախ պետք է հասկանալ՝ ովքեր են նախաձեռնում։ Որպես կանոն, միջազգային պայմանագրի շահառուն այն կողմն է, որը խնդիրներ ունի․ այսինքն տուժող կողմն է, և քաղաքական-ռազմական գործունեության հետևանքով կրել է վնասներ, հետևաբար պետք է հանդես գա որպես շահառու։ Բայց մենք հիմա քննարկելու ենք ոչ թե շահառուի տարբերակը, որպիսին չկա ընդհանրապես, այլ պետք է քննարկենք օրինակ վաշինգտոնյան, ռուսաստանյան, արևմտյան տարբերակ։ Կա նաև պաշտոնյա, որն ասում է որևէ տարբերակ չկա․ ընդամենը կա ադրբեջանական կողմի առաջարկներ, որոնք որոշ վերապահումներով ընդունվել են։ Հայկական տարբերակի մասին մենք չենք խոսում, ստացվում է Հայաստանը շահառուն չէ։ Բարդ է, երբ մենք դատողություններ ենք անում այլ տարբերակների շուրջ։ Ավելի շահեկան կլիներ, եթե ունենայինք սեփական տարբերակը, որն այսօր չունենք։ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի կողմից, հանդես է եկել նախաձեռնությամբ և երբ անցնում է որոշ ժամանակ, հայտարարում է, որ Հայաստանը չի արձագանքում, չի ընդունում իմ խնդրանքը։ Այստեղ խնդիրն այն է, որ այդ առաջարկության հեղինակը պետք է լինի Հայաստանը։ Ադրբեջանն անվտանգության սպառնալիքի խնդիր չունի։ Իսկ ինչո՞ւ է հանդես գալիս առաջարկությամբ․ սա էլ ունի իր բացատրությունը։ Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում է, որ հրադադարը խախտում է հայկական կողմը, հետևաբար իրենք շահառու են։ ԱՄեն անգամ ստիպված են պաշտպանել իրենց պետությունը, Հայաստանն էլ ձգձգում է՝ կարծես թե շարունակում է իր «ագրեսորական» կեցվածքը։ Հայաստանը երբեք չի եղել ագրեսոր»,- ասաց Գևորգ Դանիելյանը։

Անդրադառնալով սահմանադրականության խնդրին՝ Դանիելյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության 13-րդ կետն ամրագրում է՝ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի փոխշահավետության սկզբունքով. «Եթե անտեսում եք Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը և դուք խոսում եք այն ճանապարհների մասին, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանին. Նախիջևանը բլոկադայի մեջ չէ, Թուրքիայի հետ կապ ունի, բլոկադայի մեջ է Արցախը։ Երբ խոսում ենք փոխշահավետության մասին, կարո՞ղ է Հայաստանը ստանձնել մեկ այլ պետությունում ազգային պետականության ձգտող հատվածի ազգային ինքնորոշման իրավունքը։ Եթե ձեզնից ակնկալում են զիջումներ, թեկուզ և փոխշահավետ, դուք չէ, որ որոշում ենք ազգային ինքնորոշման իրավունքը, բայց դուք կարող եք հարց բարձրացնել, որ երաշխավորվի այդ իրավունքի իրացումը։ Հրաժարվել չեք կարող, որովհետև այդ իրավունքը վերապահված է արցախցիներին և հենց նրանք էլ կիրականացնեն ազգային ինքնորոշման իրավունքը՝ չնայելով, թե դուք ինչ եք պայմանավորվել։ Դուք ինչպե՞ս եք արգելում, միջամտում մեկ այլ պետության տարածքում պետական կազմավորման ձգտող ժողովրդի իրավունքը։ Որևէ իրավունք չունեք»։

Ամփոփելով իր խոսքը՝ Գևորգ Դանիելյանն ասաց, որ երբեք չպետք է մոռանալ հայ ռազմագերիների հարցը, նաև պետք է պարտադիր դարձնել խաղաղապահների տեղակայման հարցը:

«Պետք է բարձրացնել խաղաղապահ զորքերի տեղակայումը պարտադիր դարձնելու խնդիրը, եթե հնարավոր է: Եթե մենք ասում ենք, որ շուտով դա կավարտվի ու երեք կողմերը պետք է համաձայն լինեն, ուրեմն պետք է Հայաստանն ասի «մենք չենք համաձայնում որևէ կետի, քանի դուք չեք համաձայնել»: Եթե ենթադրվում է միակողմանի զիջումներ, դա կարող է տեղի ունենալ միայն փոխշահավետության սկզբունքով», - ընդգծեց նա: