Ներքին Խոսք 3 տարի առաջ - 20:39 25-11-2022

Մեր երկիրը գահավիժում է, իսկ մեր կողքին «սանիտար գայլ» երկու երկրներ կան, որոնք դա կօգտագործեն․ Հարություն Մեսրոբյան

Այս տարվա 9 ամիսներին Հայաստանում կատարվել է 4,2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Հայաստանում կատարվող խաղադրույքների ծավալը շարունակում է կայուն աճել։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ վերջին 5 տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը 138,5 մլրդ դրամից հասել է 3,9 տրլն դրամի։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ։

-Պարո՛ն Մեսրոբյան, այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ 4,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել մի երկրում, որտեղ 42%-ից ավելի աղքատ բնակչություն կա։ Այս ցուցանիշը ինչի՞ մասին է վկայում։

- Դա խոսում է նրա մասին, որ մեր բնակչությունը բարոյահոգեբանական առումով մահացու հիվանդ է։

- Արդյո՞ք այս ցուցանիշը գործազրկության մակարդակի վկայությունն է, ի վերջո, ովքե՞ր են խաղադրույք կատարողները։

- Ամեն տեսակից էլ կան, համամասնության մասին չեմ կարող խոսել։ Այդ ոլորտը ձեռնտու է անբարո բնակչության համար՝ լինեն այդ մարդիկ պետական համակարգի ծառայողներ, թե մասնավոր, թե անհատական։ Բնակչությունը բարոյահոգեբանական իմաստով հիվանդ է, և այստեղ արդեն կարևոր չէ, թե որ խավից է։ Մենք երկիր ենք կորցնում, բայց գնացեք Երևանի կենտրոնական մասերի սրճարաններ, և ասեք՝ կա՞ տպավորություն, որ մենք երկիր ենք կորցնում, և 2-րդ ցեղասպանություն է սպառնում մեզ. ո՛չ։ Իսկ դուք խաղադրուքների մասին ենք խոսում։ Շատ փոքր քանակի մարդիկ են մնացել երկրում, որոնց կարելի է ասել հայ, մնացածների մասին չգիտեմ ինչ ասել...

- Պարոն Մեսրոբյան, օրինակ, 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 3,9 տրիլիոն դրամ, բայց մենք հիշում ենք, որ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարվեց, և բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելվեցին, այն մտայնությամբ, որ դրանք գայթակղում են քաղաքացիներին։ Արդյո՞ք, շարունակական աճն այն մասին է, որ գովազդի նշանանակությունը ուռճացված էր, ու այդ արգելքը հենց մամուլի դեմ էր, ինչպես որ այն ժամանակ ասվում էր։

- Նման միտումների դեմ միշտ պետք է պայքարել համակարգված, դա պետք է լինի՝ առողջ պետություն, առողջ բնակչություն, արժեհամակարգ, մշակույթ, մտավորականություն։ Ես ինչ թվարկեցի, մենք դրանցից ոչ մեկը, ցավո՛ք, չունենք։ Դուք Սուրբ Գիրքը գիտեք չէ՞... Սոդոմ և Գոմորի վիճակում ենք հիմա։ Իմիջիայլոց, եթե հետաքրքրվեք, թե ինչպես կործանվեց Անի քաղաքը, ապա շատ կրկնվող երևույթներ կհայտնաբերեք։

- Ի՞նչ անելիք ունի պետությունը. գովազդն արգելեցին, բայց ստացվում է՝ անարդյունավետ էր, ուրիշ ի՞նչ ունի անելու պետությունը։

- Պետք է ունենանք, մշակույթ, ազգային, առողջ մտավորականություն, որն, ինչպես նշեցի, չունենք։ Հիմա էլ նոր միտում կա, ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Երկիրը կործանվում է, իրենք բառախաղով են զբաղվում. բա դա մտավորականությո՞ւն է: Դա մտավորականություն չէ, այլ ազգի թափոն։ Նրանց մեջ կան վաստակավորներ, ժողովրդականներ՝ որտե՞ղ են նրանք։ Այսինքն՝ շերտը, որ պետք է սատարի ազգին, պետությանը, ավելի անբարո է, քան ինքը՝ ժողովուրդը։ Ես նաև ուզում եմ դիմել մամուլին, որպեսզի մամուլը նույնպես այդ խաղամոլության ուղղությամբ չգնա, չսկսի տպել այն, ինչը շատ է կարդացվում ու վաճառվում: Այսինքն՝ մամուլն էլ է նույն ծիրի մեջ, ու դա վտանգավոր է։ Մենք հաճախ ասում ենք՝ մամուլն անկախ է, բայց մամուլն անկախ է այն իմաստով, որ գնում է այն ուղղությամբ, որտեղ շատ է շահույթը։ Մինչդեռ մամուլը նաև պետք է փորձի խթանել բարոյահոգեբանական առողջացմանը, որը չի անում։ Օրինակ, ինչո՞ւ մամուլը չի ասում, թե ինչ հարցերում ինքը կարող է սատարել պետությանը։ Շեշտում եմ՝ խոսքը պետության մասին է, այլ ոչ թե օրվա իշխանության: Նման բաները երկնքից չեն իջնում, բարի քեռիներ դրսից չեն օգնելու: Մենք պետք է առողջանանք, ինչպես ասում էր Թումանյանը, «ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։ Իսկ մեր մամուլը պետք է լինի մեր մամուլը, այսինքն՝ պայքարի մեր արատների դեմ, վտանգավոր միտումների: Մինչդեռ հաճախ նաև մամուլը, ինչպես և ցանկացած խաղամոլ, գնում է բարձր շահույթների հետևից։

- Պարոն Մեսրոբյան, 2017-ին այս ցուցանիշը կազմել է 138,5 միլիարդ դրամ, հիմա մի քանի տրիլիոնը գերազանցում է։ Դուք ասում եք՝ մեր հասարակությունը հիվանդ է: Ի՞նչ վիրուս է, որ կարող է նման արագությամբ տարածվել։

- 1991-ին մեր երկրում քայլ առ քայլ թափ հավաքեց բարոյահոգեբանական գահավիժումը. սերիալներ, «Կիսաբաց լուսամուտներ», «Սուպեր մամա» և նման բաներ: Իսկ 2018-ին այդ բարոյահոգեբանական գահավիժումն անցել է որակապես ավելի վտանգավոր մակարդակի, և դրա համար թվերը եռապատկվում են, տասնապատկվում են։ Մեր երկիրը գահավիժում է, իսկ մեր կողքին գտնվում են «սանիտար գայլ» երկու երկրներ, որոնք դա կօգտագործեն ու կոչնչացնեն մեզ, իսկ հետո աշխարհով մեկ մենք լացակումած տեսարաններ ենք ցուցադրելու մեր՝ հայի դժբախտ ճակատագրի մասին՝ մոռանալով, որ հայի բախտը հետևանք է հայի խելքի։ Ես 100%-ով ասում եմ, թե ինչ է մեզ սպառնում, եթե խելքներս գլուխներս չհավաքենք։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ