Երևան +14°
copy image url
Խոսք 1 տարի առաջ - 18:00 24-11-2022

Այս իրավիճակում, Արցախում չլուծված խնդիր չպետք է մնա․ Մետաքսե Հակոբյան

Պետնախարարի ցանկությունն է ունենալ նոր կառավարություն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Պատճառաբանությունն այն է, որ մենք հայտնվել ենք այնպիսի մի վիճակում, որտեղ պետք են նոր մոտեցումներ, իսկ նոր մոտեցումերը, երևի, ըստ իրեն, արդեն կառավարության այդ կազմով հնարավոր չէ իրականացնել»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ իրենք բազմիցս փաստել են կառավարության կարողությունների, ցանկության կամ էլ հնարավոր մասնագիտական ու բարոյական որակների դրսևորման առումով առկա խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են խնդիրների լուծմանը։

Ըստ նրա, սակայն, իրենք զուգահեռաբար բարձրացրել են նաև դրա պատճառի՝ Արցախի կառավարման ռազմավարություն չունենալու հարցը։ «Դրանից պետք է բխեին նաև այդ գերատեսչությունների ռազմավարությունները։ Ստացվում էր այնպես, որ մարդիկ ուղղակի իրենց տրամաբանությամբ ու իրենց պատկերացումներով պետք է կառավարեին ու աշխատեին իրենց գերատեսչություններում։

Սա, իհարկե, ցանկացած որակով մասնագետի դեպքում էլ բերելու էր ճգնաժամային իրավիճակի, որում, ըստ պետնախարարի, մենք արդեն իսկ հայտնվել ենք։ Դժգոհություններ ժողովրդի կողմից միշտ են եղել։ Դրանք եղել են նաև կազմակերպչական աշխատանքի առումով։ Գերատեսչության մարմինները մեկը մյուսից ընդհանրապես տեղեկություն չէին ունենում։ Այսինքն, բարձիթողի վիճակ էր ու յուրաքանչյուրն աշխատում էր իր խղճի չափով»,- ասաց նա։

Նկարագրված իրավիճակն, ըստ պատգամավորի, առաջացել էր այդ ժամանակ երկրի պետնախարարի կողմից աշխատանքները պատշաճ ձևով չհամակարգելու հետևանքով։ Այս առումով, իր խոսքով, տուժել է նաև իրենց՝ պատգամավորների կողմից իրականացվող աշխատանքը։

«Ես երեկ ասացի ու ԱԺ նիստի ժամանակ ցույց տվեցի քաղաքացիներից ստացված դիմումներ, որոնց ես պարզապես չեմ կարողանում ընթացք տալ։ Հատկապես այս վերջին 2 տարում մեր հարցումները կամ ընդհանրապես պատասխան չէին ստանում կամ դրանք լինում էին ոչ պատշաճ ու ոչ հետևողական, իսկ առաջարկվող հարցրին լուծումներ չէին տրվում։ Ինձ մոտ այդպիսի դեպքեր շատ են եղել։ Գործընկերներս ևս ունեցել են այդպիսի խնդիրներ։ Մի տեսակ «պատ էր առաջացել»։ Իրոք, ես, որպես պատգամավոր չգիտեի՝ ինչպես վարվել։

Ստիպված, այո, ես էլ գնում, մտնում էի նախարարի առանձնասենյակ, և փորձում էի բանավոր ձևով հարցեր կարգավորել։ Սա ճիշտ չէ ու ստացվում էր, որ կառավարման համակարգը պարզապես չէր գործում։ Այս համատեքստում համակարգային փոփոխություններն անհրաժեշտ էին»,- ասաց պատգամավորը։

Թե ինչպիսին կլինի կառավարության նոր կազմը՝ պատգամավորը կանխատեսել չկարողացավ։ Այս առումով առավել կարևորեց այդ գործընթացի ճիշտ համակարգումը։

«Դա պետք է այնպես կատարվի, որ ցանկացած խնդիր նախ գտնի իր հասցեատիրոջը, այնուհետև կարողանա լուծում ունենալ։ Այս իրավիճակում, Արցախում չլուծված խնդիր չպետք է մնա։ Դա է առաջացնում ճգնաժամը, որին մենք իրականում հասել ենք»,- ասաց նա։

Պատգամավորը հույս հայտնեց, որ այն ծրագրերը, որոնց մասին ներկայում հայտարարվում են որոշ ժամանակ անց շունչ կստանան ու նույնությամբ կիրակնացվեն։

«Մենք շուտով տարին ենք փակում և, իրոք, նոր բյուջեն վաղն արդեն ներկայացվում է ԱԺ, բայց, փաստորեն, այդ բյուջեն գրող գերատեսչությունների ղեկավարները չկան, որոնք կարզմել են դա։

Հիմա մենք չգիտենք, թե դա ինչպես է ներկայացվելու»,- ասաց նա։

Անդրադառնալով նոր նշանակումների ժամկետների ու հնարավոր թեկնածուների վերաբերյալ հարցին՝ Հակոբյանն ասաց, որ իրենք տեղյակ չեն ընթացող գործընթացներից։

«Արցախը փոքր է ու մենք միշտ շատ արագ կարողացել ենք իմանալ, թե ովքեր են թեկնածուները, երկրորդ՝ այդ քայլերը կատարվել են արագ։ Այսինքն, Կառավարության աշխատանքում, էսպես ասած, կանգ չի եղել։ Չեմ ուզում ներկա գործընթացը բնութագրել լավ կամ վատ, ոովհետև իրականում չգիտեմ, թե ինչ է սպասվում։ Բայց, այս պահին կանգառ է, որևէ աշխատանք չի ընթանում, որևէ հարցեր չեն քննարկվում ու կարգավորվում, համենայն դեպս հանրության ու ԱԺ-ի հետ։ Թե իրենք ներսում ինչ-որ կարգավորումներ տանում են՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։