Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:33 24-11-2022

ՀՀ-ի ազգային շահերը և հետաքրքրությունները զուգամիտված չեն ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների շահերին․ քաղաքագետ

«Որևէ շոշափելի արդյունքներ չկան։ ՀԱՊԿ ռազմակաքաղաքական դաշինքին Հայաստանի անդամակցությունը այլևս արդիական չէ, և վաղուց պետք էր կամային որոշմամբ՝ այդ հարցը եզրափակել, բայց քանի որ փորձակումների դաշտ են տեղափոխել և փորձում են ստանալ մի իրավիճակ, որը ի սկզբանե անհնարին է ստանալ այդ կառույցում գտնվելով»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ շոշափելի արդյունքներ կլինեն ՀԱՊԿ նիստից։

Հիշեցնենք, որ Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: Օրակարգում եղել է նաև Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցը։

Քաղաքագետը ընդգծեց․ «Շարունակաբար նմանատիպ հանդիպումները շարունակվելու են, նմանատիպ խմորումներ ընթանում են, որը ոչ մի դրական տեղաշարժի լավատեսություն մեզ չի ներշնչում, քանի որ գիտենք այդ ռազմաքաղաքական դաշինքում ներգրաված կողմերը, պետությունները ամենևին էլ Հայաստանի Հանրապետության առջև գոյաբանական հիմնախնդիրներ ստեղծած հակառակորդ կողմին թշնամի չեն դիտարկում։ Սա փաստ է»։

Քաղաքագետը ոչ մի դրական ակնկալիք չունի այս նիստից, նրա խոսքով՝ ՀՀ-ն վաղ, թե ուշ հանգելու է այն մտքին, որ անելիք չունի այդտեղ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Վլադիմիր Պուտինը իր ելույթում հիշատակեց ԼՂ-ի կարգավիճակի հարցը օրակարգ դարձնելու միտքը Սիմոնյանը ասաց․ «ՌԴ-ն ինչպես միշտ իր վաղեմի քաղաքականությունն է առաջ մղելու։ Դա ոչ թե կոնֆլիկտի հանգուցալուծումն է, այլ կոնֆլիկտի առկախումը՝ սերունդներին պատվիրակելով, թողնելով, որովհետև դա հարմար լծակ է ՌԴ-ի համար։ Մեկ մի կողմի վրա ճնշում գործադրելով, մեկ մյուս կողմի վրա ճնշում գործադրելով՝ բացառապես իր ռազմակաքաղաքական հետաքրքրությունները սպասարկելու նպատակով։ Այդ իսկ պատճառով փորձում է անընդհատ ռեանիմացնել ԼՂ հակամարտության հարցը, բայց ոչ թե հանգուցալուծելու ակնկալիքով, մղումով, այլ այդ հարցի շուրջ բանակցային ինչ-որ օրակարգ սահմանելու ձևաչափով։ Ընդ որում` այդ օրակարգի մոդերատորի կարգավիճակն էլ պատկերացնում է բացառապես իր, ի դեմս Ռուսաստանի Դաշնության, բայց մենք գիտենք, որ ժամանակակից իրողություններում գրեթե անհնարին է Ռուսաստանի Դաշնությանը դիտարկել, որպես մոդերատոր, որովհետև նա կորցրել է իր նախկին ռազմաքաղաքական նշանակությունը մեր տարածաշրջանում»։

Խոսելով ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին, թե ինչ նպատակ է հայտարարությունը հետապնդում քաղաքագետը ասաց, որ այսպիսի մի ռուսական ասացվածք կա, եթե դուք ուզում եք մի հարց տապալել ծավալեք այդ հարցի շուրջ քննարկումներ։ Քաղաքագետի խոսքով՝ հարցը անընդհատ բանակցային գործընթաց են փորձելու տանել, ինչը արդեն իսկ նրանց վերահսկողության տիրույթից դուրս է։

Անդրադառնալով վարչապետի ելույթին՝ Սիմոնյանն ասաց, որ վարչապետը արձանագրում է այն, ինչը որ կա։ «Բայց ինձ զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ վարչապետը դեռևս ակնկալում է որևէ հավասարարժեք քայլեր ՀԱՊԿ-ից, այն ինչը որ ի սկզբանե անհնարին է»։

Հարցին, թե որոնք են համաձայնագրի ստորագրման վերաբերյալ առկա տարաձայնությունների պատճառները քաղաքագետը նշեց․ «Այդպիսի օժանդակություններին վերաբերող բոլոր տեսակի համաձայնագրերն ու քննարկումները ուղղակի շապիտո կրկեսին նմանվող երևույթներ են, որովհետև ռազմական ագրեսիայի ենթարկված կողմը ֆիզիկական առումով ժամանակ չունի, որպեսզի սպասի, որ նրանք իրենց քննարկումները իրականացնեն։ ՀԱՊԿ-ը վաղուց պետք է գործեր իր կանոնադրությանը համապատասխան, ինչը չի արել ժամանակին, այն ժամանակ, երբ դրա կարիքը կար և պետք էր։ Հիմա հարաբերական կայուն, խաղաղ իրավիճակը պահպանում է այլ պետություն, իսկ դա ՌԴ-ն չէ։ Այդ իսկ պատճառով իրավիճակը գտնվում է ՀԱՊԿ վերահսկողության տիրույթից դուրս։ ՀԱՊԿ-ը այստեղ անելիք չունի և նրանց բռունցքներով ուշացած թափահարումը ոչ մի ռազմաքաղաքական արժեք չունեն և ըստ էության վճռորոշ դերակատարություն էլ չունեն։ Սա պարզապես փոշի են փորձում փչել տարբեր կողմերի աչքերին, առավել ևս Հայաստանի Հանրապետության, ցույց տալով, թե որևէ ակնկալիքներ կարող եք մեզանից ունենալ, բայց ՀՀ-ն ինքնախաբեությամբ պետք է զբաղված լինի, եթե ակնկալի, որ նմանատիպ քաղաքականություն կարող է լինել ՀԱՊԿ-ից»։

Անդրադառնալով նիստի ժամանակ տեղ գտած տարաձայնությունների պատճառներին՝ Սիմոնյանն ասաց․ «Նման տարաձայնությունների պատճառը այն է, որ ռազմաքաղաքական դաշինքները կազմվում են այն պետությունների միջև որոնց ռազմաքաղաքական հետաքրքրություններն ու ազգային շահերը զուգամիտված են։ Ակնհայտ է, ՀՀ-ի ազգային շահերը և հետաքրքրությունները զուգամիտված չեն ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ազգային հետաքրքրություններին և շահերին։ Դա էլ հենց հակասությունների պատճառն է, որը կոնցեպտուալ բնույթի է և սա հիմք է տալիս մեզ՝ հասկանալու, որ այդ կառույցում մենք պարզապես ավելորդ օղակն ենք, որ կանք»։

Քաղաքագետն ընդգծեց․ «Ամեն ինչ առավել, քան ակնհայտ է որոշումը պետք է կայացնել։ Ես դատարկ օրակարգ եմ համարում այն հանգամանքը, որ որոշ փորձագետներ, վերլուծաբաններ կամ քաղաքական գործիչներ այսպիսի կեղծ օրակարգ են անընդհատ բերում քաղաքական դաշտ։ Ասում են՝ այդ դեպքում՝ ալտերնատիվը որն է, որ մենք ՀԱՊԿ-ը լքենք։ Երբևիցե նմանատիպ քաղաքականությունը չի կարելի ողջունել։ Ալտերնատիվներ չեն փնտրում, որպեսզի անպիտան իրողություններից դուրս բերեն երկիրը, այլ անպիտան իրողություններից դուրս են բերում երկիրը, այնուհետև փնտրում են ալտերնատիվաներ։ Եվ ալտերնատիվաներով պայմանավորված չպետք է լինի ազգային շահերով պայմանավորված վճիռը։ Իսկ մեր ազգային շահերով պայմանավորված քաղաքական վճիռը այն է, որ Հայաստանը օր առաջ խաթարող և կաշկանդող հանգամանքներ ստեղծող ռազմաքաղաքական դաշինքի ձևաչափից դուրս բերելն է, որպեսզի կարողանանք ապագայում հեռանկարներ ստեղծենք նոր անվտանգային համակարգ ձևավորելու համար Հայաստանի Հանրապետության և Արցախի շուրջ»։