copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:19 23-11-2022

Զինգեր. կարի մեքենայի և 20 երեխաների հայրը

20-րդ դարի յոթանասունականներից սկսած գրեթե յուրաքանչյուր տանը կար կարի մեքենա։ Մեր տանը` նույնպես։ Մայրս կարում էր հնաոճ, մեխանիկական մի մեքենայով, որը գործի էր դնում ոտքի անիվի համաչափ շարժմամբ։ Կարի մեքենայի ձայնը տարածվում էր տնով մեկ։ Հիշում եմ գեղեցիկ այդ մեքենայի վրա գրված լատինատառ բառը. «Singer»։ Հետո ժամանակի ընթացքում մեր տանը հայտնվեց կարի մեքենայի էլեկտրական նորաոճ տարբերակը, որը ավելի հեշտ էր գործի դնելը և ավելի մեծ հնարավորութուններ ուներ։ Սակայն, մայրս սիրում էր իր հին մեքենան` «Singer»-ը։



90-ականներին հին «Singer»-ը դարձավ կարևոր ու «մեծ հարստություն» համարվող մի մեքենա, որի մասին խոսում էին բոլորը։ «Վաճառքի համար Զինգեր ունե՞ք», «Զինգեր առնեմ-ծախեմ» արտահայտությունները շատ ակտուալ էին։ Սկզբում կարծում էի, որ որպես հնաոճ ու գեղեցիկ սարք են գնում, հետո պարզվեց, որ մեջը ինչ-որ մի մաս կար, որը ոսկուց է։ Քանդում, միջից հանում էին մասը ու դեն նետում մեքենան` բացարձակ չհետաքրքվելով ու չիմանալով Զինգերի պատմությունը։

Իսկ ո՞վ էր Զինգերը

1811 թվականին Նյու Յորքի Տրոյ քաղաքում ծնված Իսահակ Մերիտ Զինգերը մանկուց էր սիրում ամեն տեսակի մեխանիկական իրեր ու սարքեր պատրաստել։ Նրա հայրը Գերմանիայից ներգաղթած սայլ վերանորոգող հրեա էր, որը դժվարությամբ էր պահում իր յոթ զավակներին։ Իսահակ որդին, որ աշխույժ, անհանգիստ ու ակտիվ երեխա էր, փախավ տնից, երբ 12 տարեկան էր։ Ծնողները նրան առանձնապես չփնտրեցին էլ։ Արկածներ որոնող անչափահաս տղան շրջիկ թատրոնի թատերախմբի հետ հեռացել էր իրենց գավառական քաղաքից։ Նրան թատերախմբում, բնականաբար, դերեր չվստահեցին, բայց փոխարենը հնարավորություն տվեցին հաստոցի օգնությամբ փայտեր կտրատել։ Միօրինակ այս աշխատանքը շատ արագ ձանձրացրեց Իսահակին, և նա որոշեց կատարելագործել իր աշխատանքային մեքենան։ Մի քիչ կատարելագործեց մեխանիզմը, ինչն էլ հնարավորություն տվեց` շատ ավելի մեքնայացնել աշխատանքը։



Գյուտարարն ու թատրոնի տնօրենը

Փայտամշակման մեքենան հաջողությամբ բարեփոխելուց հետո Զինգերը սկսեց աշխատել քար հատող սարքի վրա: Սրա գործածության ձևերն ու արդյունավետությունը փորձելուց հետո, 1939-ին` 28-ամյա Զինգերը արտոնագրային գրասենյակ ներկայացրեց իր առաջին գյուտը` նորացված քարհատ մեքենան։ Նրա աշխատանքը գնահատվեց, և Իսահակը կարողացավ 2000 դոլարանոց (մոտ 50 հազար` հիմիկվա համարժեքով) արտոնագիրը շինարարական ընկերություններից մեկին փոխանցել։ Նա որոշել էր այդ գումարով իրականացնել իր մանկության երազանքը։ Զինգերը հավաքեց բոլոր համախոհներին և ստեղծեց ու ղեկավարեց «Մերիտ Փլեյերս» թատերախումբը։ Հինգ տարի նա իր խմբի հետ հյուրախաղերով շրջում էր Ամերիկայում` մինչև այն պահը, երբ թատերախմբի ֆինանսական վիճակը լիովին վատթարացավ։ Եվ Իսահակ Զինգերը սկսեց նոր գաղափարներ փնտրել։


Զինգերը ոչ թե ստեղծեց, այլ կատարելագործեց կարի մեքենան

Զինգերը հրատարակչական ոլորտում աշխատող իր գործընկեր Ջորջ Սիբերի հետ ստեղծեց Singer & Sieber ընկերությունը, որը պիտի զբաղվեր նոր գյուտերով։ Երկար ժամանակ, սակայն, նրանց ստեղծած ու արտադրած մեխանիզմները հաջողություն չէր ունենում։ Ընկերությունն արդեն լիակատար սնանկացման եզրին էր, երբ բախտը ժպտաց նրանց։

Երջանիկ զուգադիպությամբ` Singer & Sieber-ի գրասենյակը գործում էր մեխանիկ Օրսոն Ֆելփսի արտադրամասում, որը կարի մեքենաների փոքր արտադրող էր։ Մի օր Իսահակը անգործությունից սկսեց ուսումնասիրել կարի մեքենայի աշխատանքը։ Պարզվեց. դեռևս 1846-ին արտոնագրված կարի մեքենանների բոլոր մասերը չէին, որ աշխատում էին ստեղծողների ուզած արդյունավետությամբ։ Չափազանց թանկարժեք և ծավալուն սարքավորումներ էին անհրաժեշտ` դրանք լիարժեք ու զանգվածային պահանջարկի առարկա դառնալու համար:

Սնանկացումից փրկվելու և անգործությունից չձանձրանալու մղումով` Իսահակը որոշեց կատարելագործել Ֆելփսի ստեղծած մեխանիզմը։ Զինգերը կարի մեքենաների տարբեր մոդելների կառուցվածքային թերությունները վերացրեց 10 օրում։ Արդյունքը «ցնցեց աշխարհը»։ Հրեա գյուտարարը մաքոքը տեղադրել էր հորիզոնական դիրքով, որի շնորհիվ թելն այլևս չէր խճճվում։ Նա նաև առաջարկեց հավելել սեղան-տախտակ` կտորի համար, ասեղը պահող ամրան և մեքենան աշխատացնող ոտնակ, ինչը հնարավորություն էր տալիս կարելու ընթացքում աշխատել երկու ձեռքով։ Այս երեք նորամուծությունները կարի մեքենաների հիմնական կառուցվածքում մնացին երկար տարիներ։ Դրանց հեղինակային իրավունքները պաշտպանված են հազարավոր փաստաթղթերից կազմված պատենտների ստվարածավալ փաթեթով։

«Զինգեր» կարի մեքենայի առաջին օրինակը վաճառվեց 125 դոլարով։ Դա, գուցե, առաջին դեպքն էր, երբ արտադրանքի առաջին օրինակը ոչ միայն նախնական մշակումների վրա ծախսված գումարը վերադարձրեց, այլ նաև եկամուտ բերեց։




Singer & Co

1856-ին Զինգերը հիմնադրեց Singer & Co ընկերությունը և արդյունաբերական մասշտաբով կարի մեքենաների արտադրություն ստեղծեց։ Առաջին տարվա ընթացքում արտադրվեց 2564 մեքենա։ Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ կարի մեքենայի մեկ օրինակն արժեր 100 դոլար. այսօրվա համարժեքով` գրեթե 2880 դոլար։ Բավականին թանկարժեք մեքենան մարդիկ գնում էին, քանի որ այն հնարավորություն էր տալիս արագ ու որակյալ կարել։ Մինչ այդ դերձակը 15 ժամ էր ծախսում մի վերնաշապիկ կարելու համար, իսկ մեքենայով` ընդամենը 1 ժամ։

Չորս տարի անց Նյու Յորքում բացված Զինգերի նոր գործարանը տարեկան արտադրում էր 13 հազար մեքենա։ Հետագայում կարի մեքենաները շատ ավելի էժանացան. խանութում դրանք կարելի էր գնել 10 դոլարով։ Նորամուծությունը զանգվածաբար ներմուծվեց կենցաղ և փոխեց շատ տնային տնտեսուհիների կյանքը։



Իսահակ Զինգերը` 20 երեխաների հայր

Գյուտարար և ձեռներեց Իսահակ Զինգերը ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում անընդհատ փնտրտուքի մեջ էր։ Նա առաջին անգամ ամուսնացավ, երբ 19 տարեկան էր։ Ընտրյալը 15-ամյա Քեթրին Մարիա Հեյլին էր, որը Զինգերին երկու երեխա պարգևեց։ Կարճ ժամանակ անց, Իսահակը թողեց իր այս ընտանիքը և փախավ հերթական թատերախմբի հետ։
Երկրորդ կինը իր բեմական գործընկեուհի Մերի-Անն Սփոնսլերն էր, որը Զինգերի հետ ապրեց և՛ աղքատության, և՛ հարստության մեջ։ Կնոջ և իր տասը երեխաների համար գործարարը մեծ ու շքեղ տուն գնեց Նյու Յորքի Հինգերորդ ավենյույում։ Սակայն ամուսնու հերթական դավաճանությունը բաժանության պատճառ դարձավ։ Ապահարզանի ժամանակ պարզվեց, որ Զինգերը սիրուհուց` Մերի ՄաքԳոնիգալից արդեն հինգ երեխա ունեի, ևս մեկ դուստր` Մերի Իսթվուդ Ուոլթերսից։ Օրինական կինը ապահարզանը սարսափելի սկանդալի վերածեց` ամուսնուն մեղադրելով բազմակնության մեջ։

Զինգերը խայտառակ դատավարությունից հետո ստիպված մեկնեց Լոնդոն։

Մեծ Բրիտանիայում Իսահակին սպասում էր սիրո նոր պատմություն։ Նրա սիրտը նվաճեց 25-ամյա ֆրանսուհի Իզաբել Բուայեն։ 55-ամյա ձեռներեցը կրկին ամուսնացավ. երիտասարդ կինը նրան պարգևեց վեց երեխա։ Սիրահարված տղամարդն իր կնոջ համար հսկայական կալվածք գնեց Դևոնում, որը հարևաններն անվանում էին «Զինգերտոն»։ Հսկայական այս առանձնատունը մոտ հարյուր սենյակ ուներ։



Իսահակ Զինգերը մահացավ 63 տարեկանում։ Նա իր ողջ կարողությունը` 22 միլիոն դոլար ու երկու առանձնատուն, կատակեց իր 20 երեխաներին: Բավական մեծ ժառանգություն ստացան նաև ընտանի կենդանիները։ Մեծ հարստությունից անմասն մնաց միայն որդիներից մեկը, ով ծնողների ամուսնալուծության ժամանակ աջակցել էր մորը և զայրացրել արդյունաբերող-հորը։ Հիշաչար հայրը ըմբոստ որդուն իր հսկայական կարողությունից բաժին էր հանել ընդամենը 500 դոլար։



Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված