«Եթե ցանկություն ունեն որևէ մեկին ծեծելու այդ երկու խմբերը, ով որ ուզում է բռնություն օգտագործել, թող գնա սահման՝ թուրքի դեմ օգտագործի, թուրքը չի կրակողը»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ խոսելով ՀԱՊԿ պատվիրակության այցի շրջանակներում ստեղծված հնարավոր լարվածությունից։
Մեր հասարակությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը մեր երկրի փրկությունը տեսնում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությամբ, մյուսն էլ՝ ՆԱՏՕ-ի։
«ՀԱՊԿ-ից եկել կրակե՞լ են, կամ ՆԱՏՕ-ից եկել կրակե՞լ են։ Թուրքն է եկել, հենա՝ ամեն օր կրակում է, ցանկություն ունեք որևէ մեկին ծեծելու, գնացեք այնտեղ արեք, թուրքին ջարդեք, Ջերմուկը ազատագրեք»,-ասաց Պողոսյանը։
Դիտարկամանը, որ երեկ էլ անհետ կորածների և գերիների ծնողներն էին ակցիա իրականացրել, հարազատներն իրենց հետ հրապարակ էին բերել տասնյակ պաստառներ՝ տարբեր լեզուներով, որոնք կոչեր էին՝ ուղղված Ռուսաստանին և Ռուսաստանի նախագահին․ «Վլադի՛միր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր երեխաներին», «Մեր անհետ կորած զինծառայողներն Ադրբեջանում գերության մեջ են» և այլն, Պողոսյանն արձագանքեց. «Իրենց իրավունքն է, ՀՀ քաղաքացին իրավունք ունի պահանջներ ներկայացնել, իր խոսքը ազատ արտահայտել, բացի դրանից՝ զոհվածի ծնող է, անհայտ կորածի ծնող է․ բա այդ ցավը մարտիկ ի՞նչ անեն, չարտահայտեն, ասեն՝ մոռացել ենք, գնան իրենց տանը նստե՞ն։ Պետական պաշտանյան, պետական ծառայողները պետք է այնպես անեն, որ քաղաքացին չունենա խնդիր փողոց դուրս գալու։ Փողոց դուրս գալ բողոքելը վերջին քայլն է։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ նամակ են գրել, դուռ են ծեծել, որոշել են առանձին քննարկել, որ ոչ մի հարց չի լուծվել, նոր փողոց են դուրս եկել։ Պետական ծառայողների պարտականությունն է չհասցնել այդտեղ, ինչի են իրենք դուրս եկել․ նշանակում է՝ ուրիշ ճար չեն գտել, բայց դա իրենց իրավունքն է։ Իրանք օգտվում են իրենց իրավունքից, մենք՝ կողքի քաղաքացիներս․ պետք է նույն ձևի իրենց հետ հավասար բողոքի ձայն բարձրացնենք, ասենք՝ մեր կողքի քաղաքացու իրավունքներն ինչի՞ ես այսպես ոտնահարում»։
Դիտարկմանը, որ այդ ակցիաների ֆոնին մեր հասարակությունում կա մի զգալի հատված, որն ստեղծված իրավիճակում մեղադրում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, Պողոսյանը պատասխանեց. «Մեր հասարակության մի մասն էլ մինչև մյուս մասին դատապարտելը թող մի հատ ասի՝ Հայրենական պատերազմին միասնական բռունցք դառել, գնացե՞լ է, հաղթանա՞կ է ապահովել։ Իսկ եթե դրանից հետո պարտվածության մեջ է մտել, այդ պարտվածության մեջ թող ցանկացած քաղաքացի ինքնիրեն մեղադրի՝ մինչև ուրիշներին մեղադրելը, այսօր էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտականությունն է ՀՀ սահմանները պաշտպանելը, կամ ընտրության ժամանակ այնպիսի իշխանություն ընտրելը, որը դա ապահովելու է․ ինչ կապ ունեն ուրիշները։ Մի մասը Ամերիկայից է պահանջում, մյուս մասը՝ Ռուսաստանից։ Մի մասը Ֆրանսիայից է պահանջում, մյուս մասը՝ չգիտեմ՝ ումից է պահանջում։ Պահանջները միայն քեզ պետք է ուղղված լինեն և քո իշխանությանը։ Մենք մի օր սովորելու ենք, որ մենք ՀՀ քաղաքացիներ ենք, և մեր շահերը պետք է տանենք առաջ։ Ամբողջ արմատը գտնվում է նրա մեջ, որ քաղաքացիների այս վարքագիծը մեջ՝ հարմար լինելու, միանգամից ում դիմելու, իշխանությունները մեկ այս կողմ են խաղացնում, մեկ այն կողմ են խաղացնում՝ իշխանություն պահելու համար։ Այս պարագայում նրանք այդ հարցերը պետք է լուծեն»։
Քաղաքագետն ընդգծեց, որ մեր գլխավոր խնդիրը անվտանգային է, և մենք այդ կարևոր խնդիրը թողած այլ թեմաների մասին ենք մտածում․ «Մենք, իրական խնդիրը թողած, ի՞նչ ենք քննարկում․ այս մանիպուլիացաներից պետք է դուրս գանք։ Հայաստանն ունի խնդիր անվտանգության, և այդ անվտանգության խնդրի միակ լուծողը պետք է լինի հայկական բանակը, իսկ հայկական բանակը ձևավորվում է ՀՀ քաղաքացիներով և իրենց արած ընտրությունների շրջանակներով, այն իշխանություններով, որոնք համապատասխան հրամանատարություն են նշանակել։ Եթե որևէ մեկից ուզում են բողոքել, սկսեն այստեղից, եթե բոլոր բողոքները կասեն, կավարտեն, դրանից հետո կխոսեն։ Բայց այս ամենը չարած՝ չպետք է ուրիշներից ինչ-որ բան խնդրել»։
Ըստ Պողոսյանի՝ Ամերիկան իր դաշնակիցների հանդեպ է բավականին դաժան վարվում, և ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի հանդեպ ավելի լավ է վարվելու։
«Միջազգային մամուլը գրում է, որ ամերիկացիները նորից քրդերի մեջքը դանակ խփեցին, դա ամերիկյան վարքագիծն է։ Ամերիկան եթե իր դաշնակցի հետ է այդպես վարվում, իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի հետ ուրիշ ձևով է վարվելու, էլ ինչո՞ւ ենք ուրիշ դաշնակիցներից զարմանում»։
Խոսելով սահմանին եվրոպական դիտորդների ներկայությունից՝ քաղաքագետն ասաց, որ նրանց և՛ ներկայության, և՛ բացակայության պայմաններում իրավիճակը շարունակում է նույնը մնալ։
«Հույսներս դնում ենք եվրոպական դիտորդների վրա, ասում՝ վա՜յ, եկան․ ի՞նչ է եղել սահմանին․ ինչպես կրակում էին, այնպես էլ շարունակում են կրակել։ Նույն կառավարության ներկայացուցիչը ասում է, որ Ադրբեջանը այսպես է մե հետ խոսում, միջազգային հանրությունը ինչու է լռել, արդեն մի ամիս է՝ եվրամիության դիտորդներ այստեղ են, դուք ումի՞ց եք պահանջում, դուք եք իրենց հետ ամեն օր հանդիպում, այդ պահանջը տեղում բարձրաձայնեք։ Այս ամենը մեր աչքի առաջ կատարվում է, ու մենք ընկած մտածում ենք՝ այս մե՞կը, թե՞ մյուսը։ Ուզում ենք հզոր Հայաստան ունենալ, պետք է ձևավորենք ազգային միասնություն․ ուրիշ ոչինչ չի կարող լինել»։