Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:10 20-11-2022

Ուզում եմ, որ ոչ ոք ինձ չձանձրացնի. Տոլստոյի մահվան պատմությունը

Ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյը 28 թիվը համարում էր առեղծվածային։ Նա ծնվել է 1828 թվականի օգոստոսի 28-ին։ 28-ին էր ծնվել նաև նրա առաջնեկը՝ Սերգեյը, երեխաներից առաջինը ամուսնացել էր կրկին 28-ին։ 1910 թվականի հոկտեմբերի 28-ն էր, երբ Լև Նիկոլաևիչը հեռացավ Յասնայա Պոլյանայից։ Նախորդ օրը նա տեսել էր, թե ինչպես է կինը` Սոֆյա Անդրեևնան իր թղթերում ու օրագրերում գաղտնի ինչ որ բան փնտրում։ Դա հունից հանել էր գրողին և ստիպել` լքել սեփական տունը։



Գիշերը նա արթնացրել էր դստերը՝ Ալեքսանդրային ու ասել. «Ես հեռանում եմ հիմա... ընդմիշտ... Օգնիր ինձ հավաքել իրերս...»։ Ալեքսանդրան հոր համար արագ հավաքել էր տաք հագուստ ու դեղամիջոցներ։ Առավոտյան ժամը 5-ին Լև Նիկոլաևիչը ընդմիշտ հեռացավ իր համար այնքան սիրելի Յասնայա Պոլյանայից։ Նա փախավ տանից առանց անձնագրի և գրեթե առանց փողի։ Երկաթուղային կայարանից նա գրեց կնոջը. «Չկարծես, թե ես հեռանում եմ, որովհետև քեզ չեմ սիրում։ Հաջողություն, սիրելի Սոնյա։ Միգուցե այն ամիսները, որ մնացել են մեզ ապրելու, ավելի կարևոր են, քան մեր անցած բոլոր տարիները, և մենք պետք է դրանք լավ ապրենք»։



Առավոտյան Սոֆյա Անդրեևնան հայտնաբերելով «կորուստը»` վազեց խեղդվելու, սակայն սայթաքեց խոնավ մայթի վրա ու թեև ընկավ լճակը, բայց ափին մոտ: Այս մասին լրագրող Նիկոլայ Էֆրոսը գրել է Rech թերթի խմբագրին. «Այժմ կոմսուհին իրեն մի փոքր ավելի լավ է զգում։ Նա գրեթե չի խոսում կատարվածի մասին, հատկապես` փախուստի անմիջական պատճառների մասին, ահավոր հուզված է, անհանգստացած, լաց է լինում։ Ես իմացա, որ կոմսուհու և Չերտկովի (Տոլստոյի հրատարակիչն է) հարաբերությունները վերջին մեկ ամսվա ընթացքում լարվել են Տոլստոյի օրագրերի պատճառով, որոնք յոթ հաստ տետրեր են։ Չերտկովը բողոքել ու թույլ չի տվել, որ դրանք կոմսուհուն հասանելի լինեն»։

Ալեքսանդրային ուղարկեցին հորը փնտրելու։ Տոլստոյը գնացել էր Շամորդինյան միաբանություն, հանդիպելու քրոջը՝ Մարիա Տոլստայային։ Ալեքսանդրան մեկնեց այնտեղ` հորը տեսնելու և անձնագիրն ու 200 ռուբլի նրան հանձնելու: Տոլստոյը, հավանաբար, ինքն էլ լավ չգիտեր, թե ո՞ւր է ուզում գնալ` Բուլղարիա կամ Կովկաս։

Առավոտյան նա իր ուղեկիցների հետ ճանապարհ ընկավ, սակայն գնացքում մրսեց և հիվանդացավ կրուպոզային թոքաբորբով։ Ստիպված հենց առաջին խոշոր բնակավայրի մոտ գրողին իջեցրեցին գնացքից։ Դա Լիպեցկի մարզի Աստապովո կայարանն էր, այժմ՝ Լև Տոլստոյ։

Գրողի հիվանդության մասին լուրը մեծ իրարանցում առաջացրեց։ Լև Նիկոլաևիչի կյանքը փորձեցին փրկել վեց բժիշկներ, բայց նրանց օգնության առաջարկին գրողը միայն պատասխանեց. «Աստված ամեն ինչ կկարգավորի»։ Իսկ երբ նրան հարցրեցին, թե ինչ է ուզում ինքն անձամբ, նա պատասխանեց. «Ուզում եմ, որ ինձ ոչ ոք չձանձրացնի»։

Նոյեմբերի 20-ին, ժամը 06:05-ին, մեկ շաբաթ տևած ծանր հիվանդությունից հետո Լև Նիկոլաևիչ Տոլստոյը վախճանվեց կայարանապետ Ի. Օզոլինի տանը։ Թաղման արարողությանը Յասնայա Պոլյանայում մի քանի հազար մարդ էր հավաքվել։ Այստեղ էին գրողի ընկերներն ու երկրպագուները, գյուղացիներ ու մոսկովյան ուսանողներ, ինչպես նաև՝ պետական մարմինների ներկայացուցիչներ ու ոստիկաններ, որոնց Յասնայա Պոլյանա էր ուղարկվել իշխանությունը` մտավախություն ունենալով, որ Տոլստոյի հետ հրաժեշտի արարողությունը կարող է ուղեկցվել հակապետական ցույցերով։ Բացի այդ, Ռուսաստանում սա հանրահայտ մարդու առաջին հասարակական հուղարկավորությունն էր, որ պետք է ընթանար ոչ ուղղափառ արարողակարգով և առանց հոգևորականների ու աղոթքների. այդպես էր ցանկացել ինքը՝ Տոլստոյը։ Արարողությունը խաղաղ ընթացք ունեցավ, հրաժեշտ տվողները ցածրաձայն երգեցողությամբ ուղեկցեցին Տոլտոյի դագաղը կայարանից մինչը նրա կալվածքը։



Նոյեմբերի 23-ին Լև Տոլստոյին թաղեցին Յասնայա Պոլյանայում, անտառում, կիրճի եզրին։ Հանգուցյալին հողին հանձնելիս բոլոր ներկաներն ակնածանքով ծնկի իջան։
1913 թվականին հրապարակվեց կոմսուհի Սոֆյա Տոլստայայի նամակը, որտեղ նա հաստատում էր մամուլում ծավալվող այն լուրը, թե իր ամուսնու գերեզմանին ոմն հոգևորական հուղարկավորության ծիսակարգ է կատարել։ Կոմսուհին գրում է. «Հայտարարում եմ, որ Լև Նիկոլաևիչը մահից առաջ երբևէ ցանկություն չի հայտնել ըստ ծիսակարգի չհուղարկավորվելու մասին, իսկ ավելի վաղ իր օրագրում գրել է. «Եթե հնարավոր է, ապա թաղել առանց հոգևորականների և ծիսակարգի։ Բայց եթե դա տհաճ լինի ներկաների համար, ապա թող լինի սովորական հուղարկավորություն, ինչպես ընդունված է, միայն` որքան հնարավոր է հասարակ և քիչ ծախսատար»:



Հոգևորականը, որը կամավոր համաձայնել էր խախտել Սրբազան Սինոդի որոշումը և հուղարկավորության գաղտնի ծիսակարգ կատարել եկեղեցուց արտաքսված կոմսի գերեզմանի վրա, Գրիգորի Կալինովսկին էր։ Շուտով նա զրկվեց պաշտոնից, բայց ոչ թե Տոլստոյի գերեզմանի վրա անօրինական ծիսակարգի համար, այլ իբր` որպես «ցանկացած կեղտոտ գործի ընդունակ մոլի հարբեցող»։

Տոլստոյի թաղման օրը Ռուսաստանում գրողի դիմանկարներով ուսանողական և բանվորական ցույցեր տեղի ունեցան։ Մոսկվայի և Պետերբուրգի բանվորները դադարեցրեցին իրենց աշխատանքը։ Չեղյալ հայտարարվեցին երեկույթները, համերգները, փակվեցին թատրոնները, իրենց առևտուրը դադարեցրեցին բոլոր գրախանութները։ Շատերն էին ցանկանում մասնակցել գրողի հուղարկավորության արարողությանը, սակայն իշխանությունը զգուշանալով տարերային հուզումներից` ամեն կերպ խոչընդոտում էր դրան։ Յասնայա Պոլյանան հեղեղվել էր ցավակցական հեռագրերով։



Մարդիկ անկեղծ ցավում ու սգում էին մեծագույն գրողի մահը։ Գրող, ով իր ողջ կյանքի ընթացքում մշտապես փնտրել էր ճշմարտությունը և իր ստեղծած գրականությամբ փոխեց ու հեղաշրջեց մարդկանց մտածողությունը։

Ի դեպ, մահից մի քանի ժամ առաջ ասված Տոլստոյի գիտակցված վերջին միտքն ուղղված էր ավագ որդուն. «Սերյոժա․․․ ճշմարտությունը․․․ ես շատ եմ սիրում, ես սիրում եմ բոլորին․․․»:



Նաիրա Եղիազարյան