2023-ի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Մեծամորը, հաջորդ տարի Մեծամորում կմեկնարկեն տարբեր միջոցառումներ։
«Երկու քաղաք էին այս տարի մասնակցում՝ Ծաղկաձորը և Մեծամորը, ըստ փուլերի է անցկացվել, փորձագիտական խումբը եկել է մեզ մոտ հոկտեմբեր ամսին, համայնքի ղեկավարի հետ հանդիպում է ունեցել, ենթակառուցվածքներին են ծանոթացել, շահառու կողմերի հետ են ծանոթացել, եղել է քվեարկության էսեմես փուլը, և այդ երկու փուլերի համադրության արդյունքում՝ երեկ Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած անփոփիչ նիստի ընթացքում Մեծամորը հռչակվեց 2023թ-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք»։
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Բենիկ Ստեփանյանը։
Ստեփանյանը նշեց, որ դրամաշնորհային տարբեր ծրագրեր են տեղի ունենալու, ֆորումներ, այդ թվում նաև միջազգային, հայ-վրացական, մշակութային, ժամանցային, կրթական տարբեր ծրագրեր։
Հետաքրքրվեցինք Ստեփանյանից, թե ովքեր են եղել քվեարկողները, Ստեփանյանն ասաց.
«Քվեարկությանը կարող էր մասնակցել ՀՀ-ում գտնվող յուրաքանչյուր անձնավորություն, որ այստեղի մեր կապի օպերատորներից են օգտվում»։
Խոսելով քաղաքից՝ Ստեփանյանը նշեց, որ Մեծամորը երիտասարդական քաղաք է, ունի ենթակառուցվածքների խնդիր, բայց այդ խնդիրները փորձում են լուծել։
«Մեծամորը երիտասարդ քաղաք է, փետերվարի 20-ը քաղաքի օր է հռչակվել, մեր ծրագիրը մենք վերնագրել ենք այսպես՝ «Երիտասարդաց կենտրոն՝ Մեծամոր»։ Համապատասխան ենթակառուցվածքներում մի փոքր խնդիր կա, բայց սուբսիդիոն ծրագրերով շինարարական աշխատանքներ են տեղի ունենում հենց Մեծամորի մշակույթի տան երկու դահլիճներում, հանդիսությունների դահլիճն է վերանորոգվում, տեխնիկապես ամբողջությամբ հագեցվելու է, նաև կոնֆերանս դահլիճ է լինելու տեխնիկական հագեցվածությամբ։ Հենց այդ ֆորումները, հատկապես հայ-վրացական միջազգայինը այնտեղ ենք իրականացնելու»։
Խոսելով քաղաքի ուժեղ կողմերից՝ Ստեփանյան ասաց.
«Մեր ուժեղ կողմերը հատկապես այդ երեքն էին՝ Մեծամորի պատմահնագիտական թանգարանը՝ ցուցանմուշներով, միջազգային լեհական արշավախմբի կողմից հնագիտական պեղումներով, այդ ամենը, որ փորձագիտական խմբին էլ զարմացրեց, ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կտրվածքով առանձնահատուկ է, իր տեսակի մեջ նմանը չունեցող։ Հաջորդ կարևոր առանձնահատուկ կողմը Մեծամոր քաղաքի դեպքում երիտասարդության համախմբվածությունն է, համապատասխան կազմակերպություն է ձևավորվել՝ Մեծամորի երիտասարդական խորհրդարան, ովքեր ոչ միայն համայնքի, այլ նաև մարզի կտրվածքով ակտիվ գործունեություն են ծավալում։ Նաև փորձագիտական խումբը շատ կարևորեց, որ համայնքների խոշորացումից հետո Մեծամոր համայնքի աշխատակազմի շուրջ 43 տոկոսը երիտասարդներով է համալրված, և նրանք ևս ակտիվ մասնակցություն են ունենում այդ երիտասարդական նախաձեռնության գործողություններում»։
Դիտարկմանը, որ մրցակցությունը թույլ է եղել, Ստեփանյանն ասաց. «Երբ մենք նայում ենք բնակչության ժողովրդագրությանը, մենք տեսնում ենք, որ Մեծամոր քաղաքում հիմնականում երիտասարդներ են, ատոմակայանում են աշխատում։ Մայրաքաղաքին մոտ է, շատ երիտասարդներ իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում մայրաքաղաքում, գնում-գալիս են»։
Հարցին, թե ինչ ծրագրեն են նախատեսում անցկացնել 2023թ-ին, Ստեփանյանն ասաց. «Հստակ արդեն ծրագիրը կա, որովհետև 2014 թ․-ից է անցկացվում «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, այդ հստակ ծրագրերից մեկը հայ-վրացական ֆորումն է հանդիսանում, հաջորդը երիտասարդների միջազգային օրվան նվիրված բաց միջոցառումն է օգոստոս ամսին, մշակութային առանձին ծրագրեր, մշակութային վայրեր այցելություն, մեր դեպքում հենց Մեծամորի հնագիտական թանգարան պետք է այդ այցը տեղի ունենա, կրթական ծրագրեր, որոնք դպրոցների հետ պետք է իրականացնենք, նաև խրախուսվում է իմպրովիզացիան։ Մենք նորությունների մեծ ցանկ ունենք, որոնք, հենց ժամանակը կգա, կներկայացնենք»։