ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանի մոտ այս պահին կան այն նույն նախանշանները, որոնք նա ունեցել է 2021 թվականի ձմռանն ու գարնանը՝ հոսպիտալացվելուց առաջ։
«Երեկ էլ, այսօր էլ բժիշկներն այցելել են՝ հետազոտություններ կատարելու և որոշումներ կայացնելու։ Առերևույթ չունի ջերմություն, զարկերակային ճնշումն, ըստ էության, նորմալ է, բայց հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին իր մոտ էնպիսի իրավիճակներ են առաջանում, որոնք կարող են շատ կտրուկ սրացման տանել, և կարիք կլինի տեղափոխելու վերակենդանացման բաժանմունք։ Խնդիրը կոչվում է «չտարբերակված հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ»՝ քրոնիկ երիկամային հիվանդություն։ Բժիշկներն այսպիսի ախտորոշում գրում են ենթադրաբար, որովհետև սա չի հաստատվում։ Իր մոտ առաջանում է դողէրոցք, անոմալ մրսածության զգացողություն, երիկամային անբավարարություն, և կարող է միանգամից հանգեցնել կոմայի։ Հիմա վերջին օրերին կան այդ նախանշաները»,- ասաց Վարուժան Ավետիսյանի փաստաբանը։
Սրանով պայմանավորված, փաստաբանի խոսքով, ինքը մի շարք բողոք-պահանջներ է ուղղել պատկան մարմիններին։ Կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել՝ Ավետիսյանին հոսպիտալացնելու համար։
«Դիմումներ ներկայացվել են 3 կառույցների՝ ՄԻՊ գրասենյակ, արդարադատության նախարարի պատրականությունները կատարողին և Գլխավոր դատախազին, պատասխաններ դեռևս չեմ ստացել։ Հեռախոսազանգ ստացել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և միայն մամուլով կարդացել եմ Արդարադատութան նախարարության հայտարարությունը, որ բժիշկ է այցելել։ Բայց, անկեղծորեն ասեմ, ես նույնիսկ չեմ էլ ուզում, որ ինձ պատասխանեն։ Ուզում եմ, որ իրենք հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկեն՝ Վարուժան Ավետիսյանի առողջության պահպանման ուղղությամբ, որպեսզի մենք բարդություններ չունենանք ու հետագայում մեղավորներ չփնտրենք։ Ընդ որում, վերջին անգամ հոսպիտալացվելու ժամանակ, երբ դեռ կալանավայրում չէր, բժիշկը բառացի ասել էր, որ անգամ րոպեների ուշացման դեպքում կարող էին անդառնալի հետևանքներ լինել։ Այդ ժամանակ տանից էին տեղափոխել։ Իսկ մենք վստա՞հ ենք, որ ՔԿՀ-ից գիշերը պատշաճ և ժամանակին կապահովեն տեղափոխումը։ Ես վստահ չեմ։ Գոնե քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների վերահսկողության տակ լինի։ Մենք գիտենք, որ միևնույնն է, բուժման պլան չունեն, բայց կրիտիկական պահերին գոնե մասնագետների հսկողություն կլինի»,- ասաց նա։
Փաստաբանը պարզաբանում է «բուժման պլան չունենալու» վերաբերյալ հայտարարությունը։ Իր խոսքով՝ անցած ժամանակահատվածում տարբեր բուժհաստատություններում կատարված բժշկական հետազոտությունների արդյունքներով՝ բժշկական եզրակացություն կա, որ հիվանդությունը Հայաստանում չի բուժվում։
«Մեջբերում են Հայաստանի գլխավոր մասնագետի գրած եզրակացությունից․ «Բուժման բացակայության պատճառով՝ վերջնական ախտորոշման և բուժման համար հիվանդը կարիք ունի հետազոտվելու արտերկրում»։ Վարուժան Ավետիսյանն այսօր գանգատ չի ներկայացնում, քանի որ դա անելու դեպքում նույն եզրակացությունն է կազմվելու, ինչի իմաստն այլևս չկա։ Հիմա այստեղ նախնական ախտորոշումից ավելին չեն կարող որոշել։ Մենք դեռևս անցած տարի բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք արտերկրի կլինիկաներ, ստացել ենք հավաստիացումներ։ Օգտվելով առիթից՝ ասեմ նաև, որ երեկ Լոս Անջելեսի կլինիկայի ղեկավարությունից են կապվել մեզ հետ։ Հայտնեցին, որ պատրաստ են ընդունել և բուժման սխեմա առաջարկել։ Մեզ համար անսպասելի էր դա, բայց փաստորեն դա եղավ։ Հիմա թույլ չեն տալիս՝ մարդը գնա, հիվանդության ախտորոշումն ստանա, բուժման սխեմայով վերադառնա Հայաստան։ Դա կարող էր տևել, դիցուք, 20 օր կամ մեկ ամիս»,- ասաց։
Փաստաբանի խոսքով՝ ինքը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է Ավետիսյանի առողջական խնդրի մասին, հստակ ու արդյունավետ արձագանք, սակայն, պատկան մարմիններից դեռևս չի ստացել։
«Մենք այս խնդիրը բարձրացրել ենք դեռևս գործը դատարանում քննելու ժամանակ։ Նեկայացրել ենք դատարանին։ Վերաքննիչ քրեական դատարանն անտեսեց միջնորդությունը, Վճռաբեկ դատարանն ընդհանրապես չի քննարկել։ Զուգահեռաբար կամ հետագայում դիմել ենք բոլոր հնարավոր մարմիներին՝ 2 անգամ Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների ներկա ու նախկին պաշտպաններին, առողջապահության նախարարին։ Կամ մեզ պատասխան չեն տրամադրել, կամ պատասխանել են, որ իրենց իրավասությունից դուրս է։ Կան նաև բողոքներ ու գանգատներ, որոնց վերաբերյալ այսօրվա դրությամբ դեռ պատասխան չունենք։ Այսինքն՝ կա՛մ խնդիրը չեն լուծել, կա՛մ անուշադրության են մատնել»,- ասաց նա։
Փաստաբանն անդրադարձավ պատկան մարմինների ցուցաբերած դանդաղկոտության ու անգործության պատճառներին։
«Երկու բան կարող եմ ենթադրել․ առաջինը՝ պրն․ Ավետիսյանի անձի նկատմամբ ընդգծված վերաբերմունքը՝ որպես հանրային ու հասարակական գործչի։ Չեմ բացառում, որ որոշակի շրջանակների, այդ թվում նաև քաղաքական իշխանության կողմից կա հատուկ վերաբերմունք՝ դրանով «պատժել» ու բանտախցում պահել։ Սա որպես կարծիք եմ ասում։ Երկրորդ՝ չեմ բացառում, որ նման երևույթները՝ անտարբեր վերաբերմունքը մարդու իրավունքների ու ազատություների նկատմամբ, մեր երկրում արդեն 3 տասնամյակ է՝ կա։ Իրավասու կառույցները պարզապես չեն աշխատում, ինչպես չեն աշխատել նախկին ռեժիմների ժամանակ։ Իրենց համար դա սովորական երևույթ է։ Իրենք մարսել են «Հաց բերողի» դեպքը, Խանդոյան Արայիկի, Հրաչյա Գևորգյանի ու բազմաթիվ այլ անձանց դեպքերը։ Հիմա էլ մտածում են՝ ինչ է եղե՞լ որ, մի քիչ աղմուկ կբարձրացնեն, կանցնի-կգնա»,- ասաց նա։
Իր խոսքով՝ իրենց ներկայացրած պահանջները չկատարելու դեպքում, որպես իրավաբան՝ կդիմի օրենքով չարգելված ցանկացած քայլի, որպես քաղաքացի՝ պատրաստ է անգամ ամենակտրուկ քայլերի
«Հնարավորություն կա դիմելու, օրինակ, Եվրոպական դատարան, միջազգային կազմակերպություններ։ Հիմա էլ ընթացքի մեջ որոշ աշխատանքներ կան։ Այսինքն՝ իրավական բոլոր հնարավոր գործիքները կօգտագործենք։ Կարող էինք նաև այլ ատյաններ դիմել, բայց հիմա դրա ժամանակը չունենք։ Պետք է խնդիրը լուծենք շատ արագ։ Բայց ես հիշում եմ, որ եթե հիշողությունս չի դավաճանում, վերջին 1-2 տարիների ընթացքում, մեր երկրի դատաիրավական համակարգը կամ Դատախազությունը անձի առողջական վիճակի վատ լինելու հիմքով արտահերթ դատական նիստ էր հրավիրել։ Դրանք օրենքով չնախատեսված դատական նիստեր են եղել, գուցե անհեթեթ թվա, բայց մարդու իրավունքների պաշտպանության համար կարելի էր ևս մեկ անգամ այդպիսի քայլի գնալ։ Հիմա այն անձանց դեպքում, որ արվել է սա, ողջունում եմ, իսկ պրն․ Ավետիսյանի դեպքում սա չանելը առնվազն այլ կասկածներ ևս առաջացնում է»,- ասաց նա։