Երևան +25°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:22 14-11-2022

Հովակիմյանի ընտրությունն արդարացնող փաշինյանական թեզերը՝ ունայն եւ պրիմիտիվ․ նույնիսկ եփած հավի ծիծաղն է գալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդի ժանրից հայտարարությունները հաճախ այնպես են վերջին ատյանի ճշմարտության տեղ ընդունվում եւ ընկալվում, որ անհրաժեշտություն է լինում դրանց անդրադառնալ։

Հանրային հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցում հերթական աբսուրդ մտքերից մեկը վերաբերում է ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի ընտրությանը։

«Վահագն Հովակիմյանը իր ամբողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար։

Հովակիմյանը մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որի կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավար, մրցակցային։

Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահ ընտրվել է ի նշան այն բանի, որ սա մեր քաղաքական հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք այդ պատասխանատվությունը կրել։ Ո՞ւմ ընտրեինք, որ լավ լիներ»,- նշել է Փաշինյանը։

Սա նույնն է, որ պատահական մեկը՝ ալլահովակիմյան հայտարարի, թե ողջ կյանքում պայքարել է մեր հավաքականի հաղթանակի համար, տոմս է գնել, գնացել մարզադաշտ, դրոշ գցել ուսերին, գոռացել, հեռուստացույցի էկրանը ջարդել, խաղադրույք կատարել, հետեւաբար՝ իրեն պետք է նշանակեն Հայաստանի հավաքականի մարզիչ։

Ավելին՝ հնարավոր է այդ պատահական մեկի ապուպապը մի 100 տարի առաջ եղել է հավաքականի մարզիչ եւ վատ արդյունքներ չի գրանցել։ Սա ինչ տրամաբանություն է, այսպե՞ս են երկիր կառավարում, սա՞ է վարչապետի պատկերացումները ժողովրդավարության, իրավական պետության, իշխանությունների հակակշռման եւ զսպման մեխանիզմների մասին։

Իսկ ո՞վ չի պայքարել արդար ընտրությունների համար, կա՞ մարդ, ով չի ցանկացել, որ արդար ընտրություններ լինեն, իսկ արդար ընտրությունների երաշխավորը պետք է լինի պետությունը՝ իր կառուցակարգերով, առաջին հերթին՝ օրենքներով։

Հիմա եթե այդ օրենքներում, այն էլ մայր օրենքում, սեւով սպիտակի վրա գրված է մի շարք պաշտոնյաների ապաքաղաքական, ապակուսակցական լինելու մասին, միթե դա պատահական է գրված, դա տեսության, տարիների փորձի, գիտնականների մտահանգումների արդյունք է չէ՞։

Եւ իմաստն այն է, որ դատավորները անկախ լինեն, պաշտոնյաները կուսակցական, քաղաքական շահեր չունենան, ծառայեն օրենքին, այլապես եթե ամեն եկողն առաջնորդվի նեղ, անձնային շահերով, պետական համակարգերը շարքից դուրս կգան։

Երկրորդ պնդումը՝ ի՞նչ է նշանակում, որ կառավարող ուժի օրոք կայացած բոլոր ընտրությունները որակվել են որպես ազատ, ժողովրդավար, մրցակցային։

Այս իշխանությունն ընտրություն կեղծելու կարիք չուներ, քանի որ հանրային աջակցություն էր վայելում, այսինքն՝ այսպես, թե այնպես հաղթելու էր, ինչու կեղծեր, խոսքը, իհարկե, աբորիգեն կեղծիքների մասին է՝ քվեատուփ գողանալ, լցոնել եւ այլն, իսկ ճնշումներ, լծակներ օգտագործել, անշուշտ, եղել են։

ՏԻՄ-երի դեպքում, սակայն, այն համայնքներում, որտեղ ՔՊ թեկնածուն չհաղթեց, մենք տեսանք կառավարող ուժի ժողովրդավար լինել, ընտրված համայնքապետերն այսօր մեղադրյալի աթոռին են՝ քաղաքական գործերի շրջանակներում, մի շարք համայնքներում իշխանությունը կրիմինալի բոլոր մեթոդներով վիժեցրեց կոալիցիաների ձեւավորումը, առաջին նիստի կայացումը․․․։

Այսինքն՝ մենք շատ լավ տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ՔՊ-ականները չեն ընտրվում, այդտեղից է սկսվում արդար, մրցակցային եւ ժողովրդավար ընտրությունների մասին իշխանության ասքերը։

Վերջիվերջո, նույնիսկ ՔՊ վարչության ընտրությանը մենք տեսանք կառավարող ուժի արդար, մրցակցային, ժողովրդավար ընտրություն անցկացնելու թեզի քարուքանդ լինելը։ Եւ հիմա իհարկե Հովակիմյանը կարող է ընտրություն չկեղծել, բայց վաղը, երբ ՔՊ-ն իր հեղինակության մայրամուտին մոտենա եւ հորիզոնում նոր, կարող քաղաքական ուժեր լինեն, Հովակիմյանը կանցնի նկարչության, ՔՊ-ամերձ դատավորներն իշխանափոխության հոտն առնելով հաջորդ իշխանության շահերին համահունչ որոշումներ կկայացնեն, եւ այդպես կաղճատվի իրավական պետության մասին թեզերը։

Այս իշխանությունը, ինչպես ցանկացած իշխանությունը, կարող է թքած ունենալ իրենցից հետո պետական համակարգերի կայացման, ուժեղացման վրա, բայց համենայն դեպս այս թեզերի ունայնությանն անդրադառնալու անհրաժեշտություն կար, որ հանկարծ քաղաքացիների մոտ էլ չձեւավորվի դիրքորոշում, որ այն, ինչ տեղի է ունենում, ճիշտ է, օրինական։

Վերջիվերջո, Հովակիմյանի ԿԸՀ նախագահ դառնալուն անգամ ՔՊ-ին մինչեւ ականջները սիրահարված Հ/Կ սեկտորը, քաղհասարակությունը բացասական գնահատական տվեց։ Իսկ ժողովրդավարության մասին Փաշինյանը թող շշուկով խոսի, այլապես եփած հավի ծիծաղն է գալիս, նրա կառավարման ամեն հաջորդ օրն ավելի բռնապետական է, քան նախորդը քաղաքացու, լրատվամիջոցի, ընդդիմության, հասարակական-քաղաքական գործչի համար։

Ձեզ գուցե հետաքրքրի